Յանցաւորը հեռատեսիլն է

Փետրուարի 27-ի գիշերը ժամը 23.20-ին Մոսկուայի կեդրոնում, Մոսկուորեցկի կամրջին, որի մի կողմը Մոսկուա գետն է հոսում, իսկ միւս կողմից Քրեմլի պատերն են երեւում, սպանուեց Ռուսաստանի վերջին 25 տարուայ ամենավառ քաղաքական գործիչ Պորիս Նեմցովը։

ԾՈՎԻՆԱՐ ԼՈՔՄԱԿԷՕԶԵԱՆ
dzovinarlok@gmail.com

Խորանալով Ռուսաստանի ներքաղաքական պատկերի մէջ, տեսնում ես, թէ որտեղից է Հայաստանը պատճէնահանման բնօրինակ վերցնում իր համար, որտեղից են գալիս բռնութիւնները եւայլն եւայլն։ Բազմիցս նշել եմ, որ Հայաստանը Ռուսաստանի փոքրիկ պատճէն է, ափսո՛ս, որ Ռուսաստանի, այլ ոչ թէ ուրիշ մի քաղաքակիրթ երկրի, օրինակ, Քոսթա Ռիքայի։ Սպանուած ընդդիմադիր Նեմցովը նոյնպէս զարմանում էր, ինչու են հայերը՝ լինելով խելացի ազգ, հանդէս են գալիս որպէս Ռուսաստանի թութակ եւ ափսոսում էր, որ թութակը ընդօրինակում է միայն ռուսական բացասական երեւոյթները։ Իսկ դրական երեւոյթներից էր ինքը՝ ընդդիմադիր Պորիս Նեմցովը, որի համարձակութիւնը վաղուց արդէն հատել էր թոյլատրելիի սահմանները։ Դեռեւս մի քանի տարի առաջ Փութինը խօսեց այդ սրբազան զոհի մասին. «Արտասահմանը փնտռում է սրբազան զոհ, որպէսզի մեղադրի իշխանութիւնները իրենց կատարած սպանութեան մէջ...»։

Սպանութեան ստոր ցուցադրութիւն

Փետրուարի 27-ի գիշերը ժամը 23.20-ին Մոսկուայի կեդրոնում, Մոսկուորեցկի կամրջին, որի մի կողմը Մոսկուա գետն է հոսում, իսկ միւս կողմից Քրեմլի պատերն են երեւում, սպանուեց Ռուսաստանի վերջին 25 տարուայ ամենավառ քաղաքական գործիչ Պորիս Նեմցովը։

Սկզբից մտածում էի ներկայացնել տարբեր կարծիքներ Նեմցովի սպանութեան մասին, սկսած իշխանական թեւի, օրինակ, համայնավար Զիւգանովի կամ Փութինի ծաղրածու Ժիրինովսկու, սակայն յետոյ հասկացայ, որ այդքան մանրանալ եւ մէջբերել կեղծ կարծիքներ, նշանակում է անարգել ընթերցողին եւ նմանուել մարդկային արժանապատուութիւնը ստորացնող ռուսական պետական հեռուստաալիքներին։ Նրանք, ովքեր շատ զգայուն են կեղծիքի հանդէպ, հրաժարւում են դիտել պետական ալիքները, չնայած ուրիշ քանալներ Ռուսաստանում պարզապէս չկայ (բացառութիւն է կազմում ռուսական «Կուլտուրա», այսինքն «Մշակոյթ» ալիքը, որն արժանի է առանձին խօսքի). Լրատուներն ու թոլք-շոուների հաղորդավարները իշխանութեան կերակրատաշտակից սնուողներն են, որոնք զբաղուած են վաճառքով, նրանց ապրանքը խիղճն է։ Նրանք ամէն ինչ գիտեն եւ հասկանում են, սակայն նրանց առեւտուրի շնորհիւ աճում է բազմամիլիոնանոց մի նախիր, որի ուղեղը զուրկ է վերլուծութիւնից եւ վարժուած է առանց կասկածանքի ընդունել այն ամէնն, ինչ լեցնում է նրանց գիտակցութեան եւ ենթագիտակցութեան մէջ հեռատեսիլի արկղը, որը վերածուել է քարոզչութեան մեքենայի եւ առաջացնում է հեռուստադիտողի մէջ միայն մի զգացմունք, որն է ատելութիւնը։ Ո՞ւմ պէտք է ատել։ Ով չի կիսում նրանց կարծիքը։ Իսկ ո՞ւմ պէտք է սիրել։ Այդ մասին կայ մի անեկդոտ. 

Գերմանացին ունի կին եւ սիրուհի, սիրում է կնոջը։ Ֆրանսիացին ունի կին եւ սիրուհի, սիրում է սիրուհուն։ Հայն ունի կին եւ սիրուհի, սիրում է մօրը։ Վերջապէս ռուսն ունի կին եւ սիրուհի, սիրում է Փութինին։

Ռուսաստանը դարձել է մի մարդու երկիր եւ այլ կարծիք ունեցողները, որոնք յանդգնում են բարձրաձայնել այն, պարզապէս գնդակահարւում են իրենց տան շքամուտքին կամ վերելակում կամ թունաւորւում, ինչպէս թունաւորուեց, օրինակ, նախքին ԿԳԲ-ի (պետական անվտանգութեան կոմիտէ՝ ՊԱԿ), այժմ ՖՍԲ-ի (անվտանգութեան դաշնային ծառայութիւն՝ ԱԴԾ) աշխատակից Ալեքսանդր Լիտուիենքոն Լոնտոնում (1962-2006), որը հեղինակել է մասնաւորապէս «ՖՍԲ-ն պայթեցնում է Ռուսաստանը» գիրքը։ Սակայն այսպէս ցուցադրական, Քրեմլի պատերի տակ… դեռեւս չէր եղել։ Սրանով սպանութեան հեղինակները ուզում են վերջակէտ դնել անվախութեանը։ Թէեւ լրատուամիջոցներին յայտնեցին, որ սպանութեան պահին տեսախցիկները նորոգութեան մէջ էին, բայց Նեմցովի դին չծածկած վիճակում երկար ցուցադրեցին նախիրին. այն տղամարդու, որի ուղեկցուհին 32 տարով փոքր էր նրանից եւ այդ հանգամանքը տռփոտ նախանձ էր հարուցել նրա թշնամիների մէջ։

Սարսափազդու արկղ

Այս գրութեան համար ես ինձ ստիպեցի դիտել մի թոլք-շոու անմիջապէս Նեմցովի մահից յետոյ։ Պիտի խոստովանեմ, որ ռուսական պետական ալիք դիտելը մահացու վտանգ է սպառնում. ես ինձ շատ վատ զգացի եւ յիշեցի, որ մի ռուսալեզու ամերիկացի գրող որոշել էր մէկ շաբաթ դիտել ռուսական հեռուստալուրերը եւ նրա մօտ առաջացաւ անքնութիւն, նա արդէն առանց քնաբերների չէր կարողանում քնել, իսկ մի հոգեւորական, որը նոյնպէս փորձում է չդիտել հեռատեսիլ, սարսափի մէջ է ընկնում, երբ այնուամենայնիւ երբեմն դիտում է։ Ահաւասիկ նրա տպաւորութիւնները.

«Ինչ դիւրին են մարդիկ խօսում պատերազմի մասին, նոյնիսկ միջուկային պատերազմի։ Ամսէ ամիս ակրեսիվութիւնը (յարձակողականութիւնը), որն ուղղուած է չգիտես ում վրայ, աւելի ու աւելի է աճում։ Ատելութիւնը մարդկանց միաւորում է, բայց շատ կարճ ժամանակով։ 90-ականներին մենք ատում էինք օլիգարխներին, յետոյ այլազգիներին, այժմ ԱՄՆ-ին եւ Եւրոպային… Բոլոր մեր խնդիրները արտաքին քաղաքականութեան են վերաբերւում, սակայն տեսէք, թէ ինչ վիճակագրութիւն կայ. օրինակ, Ռուսաստանը առաջին տեղն է զբաղեցնում աշխարհում յղութեան ընդհատմամբ (աբորտ, արհեստական վիժում), 100 ծննդաբերութեան դիմաց 100 ընդհատում է լինում։ Իսկ խմի՞չքը. եթէ սահմանը տարեկան 8 լ. է, ապա Ռուսաստանում մարդը տարեկան 16 լ. է օգտագործում, երկու անգամ աւել, այսինքն սա արդէն անդառնալի գործընթաց է, բնաջնջում։ Իսկ 100 ամուսնութեան դիմաց 100 ամուսնալուծութիւն է լինում։ Իշխանութիւնը խօսում է հայրենասիրութեան մասին, իսկ Սալտիկով-Շչեդրինը (ռուս մեծ գրող) 19-րդ դարում գրել է. «Երբ Ռուսաստանում սկսում են խօսել հայրենասիրութեան մասին, դա նշանակում է, որ ինչ-որ տեղ ինչ-որ բան գողացել են…»։ 

Ահա թէ ինչ։ Եւ ոչ ոք աւելի ուժեղ, քան Նեմցովը չէր խօսում այդ մասին. նա նոյնիսկ ֆիլմեր էր նկարահանում, որտեղ ներկայացնում էր Փութինի յանցաւոր ղեկավարումը եւ փողերի փախուստը Ռուսաստանից, ճգնաժամը, պատերազմը Ուքրաինայի հարաւ-արեւելքում, որն ըստ Փութինի պատկանում է ոչ թէ Ուքրաինային, այլ Ռուսաստանին դեռեւս ցարական ժամանակներից։ Այնպէս որ Նեմցովը մեծ վտանգ էր ներկայացնում Փութինի համար, չնայած իշխանամէտ ուժերը միշտ շեշտում են, որ Նեմցովը մրցակից չէր Փութինին։

Այսպիսով ես դիտեցի թոլք-շոուն անմիջապէս Նեմցովի սպանութիւնից յետոյ։ Հաղորդավարը չափազանց ակրեսիվ էր եւ նրա նպատակը ակնյայտ էր. թոյլ չտալ, որ խօսք բացուի քաղաքականութիւնից, հիւրերին թոյլատրւում էր խօսել միայն Նեմցովի մարդկային կողմերից, ա՛խ, ի՛նչ հմայիչ էր, ինչ առնական էր, ի՛նչ մեղք է նրա մայրը, որի 87-րդ տարեդարձը պիտի լրանայ հենց իր որդու յուղարկաւորութեան օրը...։  

Ինչ-որ մէկը փորձեց ակնարկել, որ չի կարելի այլ կարծիք ունեցող մարդկանց թիրախ դարձնել, սակայն հաղորդավարը կոպտօրէն ընդհատեց նրան. «Դուք գտնւում էք Ռուսաստանի Ա. ալիքի եթերում», եւ այդ մարդը պարզապէս հեռացաւ տաղաւարից։

Շոուի նպատակն էր մատնանշել սպանութեան պատճառը եւ հեղինակներին։ Վերջապէս հասան Ուքրաինայի գաղտնի ծառայութիւններին. քանզի Ռուսաստանին հնարաւոր չէ յաղթել արտաքնապէս, որոշեցին պայթեցնել ներսից եւ ընտրեցին սրբազան զոհ (թէ ծիսական զոհ), որպէսզի ապակայունացնեն իրավիճակը, նաւակը ճօճեն եւ Մայդան հրահրեն։ Մի քանի տարի առաջ Փութինը արդէն զգուշացնում էր, որ արտասահմանը փնտռում է սրբազան զոհ, որպէսզի սադրանքի ենթարկի ռուս ժողովուրդը եւ յեղափոխութիւն իրականացնի։ Ահա եւ գտնուեց զոհը։ Շատ ափսոս։

Այսպիսով պետութեան կողմից առաջ քաշուեցին սպանութեան մի քանի վարկածներ.

1 Սադրանք ապակայունացման նպատակով։ Կարող է դա ռատիքալները ծրագրած լինէին։

2 Իսլամական հետք. Նեմցովին սպառնում էին նրա վերաբերմունքի համար ֆրանսիացի ծաղրանկարիչների հանդէպ (Je suis Charlie)։

3 Ուքրաինական հետք։

4 Քոմերցիոն

5 Կենցաղային

Երբ ես հետեւեալ օրը հարցրեցի մի ծանօթի, որը պարտադիր դիտում է ռուսական ալիքները, թէ իր կարծիքով ո՞վ է սպանել Նեմցովին, նա անվարան պատասխանեց. «Ռատիքալները»։  Իսկ Փութինը չէ՞ր կարող։ Ո՛չ, նա նման ստուեր չէր գցի իր անուան վրայ։ 

Որպէս վերջաւորութիւն

Ինչպէս տեսանք, ՖՍԲ-ն  կանգ առաւ իսլամական տարբերակի վրայ եւ բռնեց 6 չեչենների, որից մէկը մահացաւ նռնակի պայթիւնից։

Դէ ինչ, եկէ՛ք ծածկենք այս համարձակ մարդու դին եւ այլեւս չփորփրենք նրա անձնական կեանքի մանրամասները եւ չըմբոշխնենք մօր վշտի պատկերը։

Նեմցովի սպանութեան պատճառը ճգնաժամ առաջացնելը չէր, քանզի հեռատեսիլի քարոզչամեքենան ժողովրդին հասցրել է այն աստիճանի ապատեղեկատուութեան, որ ժողովուրդը Նեմցովին երբեք չէր էլ տեսնում հեռատեսիլով, ուր մնաց գնար յետեւից...

Նեմցովին սպանեցին այն պատճառով, որ նա չէր վախենում։ Պա՞րզ է։ Որպէսզի մնացածը վախենան։ Ճիշդ այդ նպատակով են ցուցադրաբար գլխատում իրենց զոհերին ծովի ալիքների ֆոնին իսլամիստները։

Kategoriler

Հայերէն