«Ակօս» շաբաթաթերթի խմբագրատան առջև սև ծաղկեպսակներ դնելու գործով դատական նիստում դատարանն արդարացրել է մեղադրյալներ՝ «Ազգայնական Թուրքիա» կուսակցության ստամբուլյան գրասենյակի նախագահ Բիլալ Գյոքչեյուրթին և «Թուրանի օջախներ»-ի նախագահ Էրջան Ուչարին։ «Ակօս» շաբաթաթերթի փաստաբան Հաքան Բաքըրջըօղլուն բողոքարկել է որոշման դեմ։
2015թ․ ապրիլի
24-ին «Ակօս» շաբաթաթերթի խմբագրատան առջև
սև ծաղկեպսակներ էին դրվել, որից հետո
սոցցանցերում էր հայտնվել ծաղկեպսակներ
դնողների հայտարարությունը՝ «Մի գիշեր
կարող ենք հանկարծակի գալ» վերնագրով։
«Ակօս» շաբաթաթերթը «սպառնալիքի» հիմքով
մեղադրանք է ներկայացրել։ Նշված գործով
դատական նիստը երեկ է տեղի ունեցել։
Ստամբուլի
Չաղլայան դատարանում ընթացող դատական
նիստի ընթացքում «Ազգայնական Թուրքիա»
կուսակցուսյան ստամբուլյան գրասենյակի
նախագահ Բիլալ Գյոքչեյուրթը և «Թուրանի
օջախներ»-ի նախագահ Էրջան Ուչարը արդարացվել
են։
Դատական
նիստին ներկա են եղել մեղադրյալները և
հայցորդ կողմի՝ «Ակօս»-ի գլխավոր խմբագիր
Էդվարդ Տանձիկյանը։
«Սև ծաղկեպսակ են դրել շենքի առջև, երբ շենքը դեռ փակ է եղել։ Առավոտյան, երբ եկանք թերթ, նկատեցինք դրանք։ Հետո տեսանք, որ մեղադրյալները ծաղկեպսակ տեղադրելու պահը տարածել են սոցցանցերում՝ «Մի գիշեր կարող ենք հանկարծակի գալ» վերնագրով։ Բողոք ներկայացրեցինք։ Հրանտ Դինքի ժամանակ էլ էին «Մի գիշեր կարող ենք հանկարծակի գալ» ասելով ցույց իրականացրել, իսկ հետո հայտնի է, թե Հրանտ Դինքի հետ ինչ եղավ։ Այդ է պատճառը, որ մենք՝ հիմնադրամի և թերթի աշխատակիցներս, այս ամենը որպես սպառնալիք ենք ընկալել», դատական նիստի ժամանակ հայտարարել է Էդվարդ Տանձիկյանը։
Իսկ մեղադրյալները հայտարարել են, որ օգտագործել են խաղաղ ցույց իրականացնելու իրենց իրավունքը։ Պաշտպանական ելույթներից հետո դատարանը մեղադրյալներին արդարացնելու որոշում է կայացրել։
Բաքըրջըօղլու․ «Որոշումը հակասում է օրենքին»
«Ակօս» շաբաթաթերթի փաստաբան Հաքան Բաքըրջըօղլուն նշել է, որ ընդունված որոշումը հակասում է օրենքին, և բողոքարկել է այն։
Դատախազը 9 ամսից 4 տարվա ազատազրկում էր պահանջել
Ստամբուլի հանրապետական դատախազության կողմից կազմված դատական ակտում նշված էր, որ մեղադրյալները 2015թ․ ապրիլի 24-ին հավաքվել են «Ակօս»-ի խմբագրատան առջև և տարածած թռուցիկներում «Ակօս»-ին մեղադրել են Լեռնային Ղարաբաղում Հայաստանի վարած քաղաքականության համար։ Դատական ակտում նաև նշվում էր, որ մեղադրյլաների հայտարարությունը՝ «Մի գիշեր կարող է հանկարծ «Ակօս» գանք» նկատի է ունեցել սպանված Հրանտ Դինքին և հայհոյանք ու սպառնալիք է պարունակել։ Մեղադրական ակտը պահանջում էր մեղադրյալներին 9 ամսից 4 տարվա ազատազրկման ենթարկել։
«Լրագրողներ առանց սահմանների»
Ընթացող դատական գործին հետևող «Լրագրողներ առանց սահմանների» հասարակական կազմակերպության Թուրքիայի գրասենյակը որոշումից հետո սոցցանցերում հայտարարությամբ է հանդես եկել, որում «Ակօս»-ին ուղղված սպառնալիքն անպատիժ թողնելը հուսահատեցնող է անվանել և նշել, որ դա նոր հարձակումների իրականացումն է խրախուսում։