Ժողովրդավարական շրջանների կուսակցության անդամ քաղաքապետերի փոխարեն թուրքական պետության կողմից վերահսկիչներ են նշանակվում, որի հետևանքով քաղաքների բազմալեզու մշակույթը վերանում է։ Քաղաքներում գործող բազմալեզու մանկապարտեզները, բազմալեզու թատերական ներկայացումներ բեմադրող թատրոնները փակվել են։ Մշակութային ժառանգության վերելքին ուղղված նախագծերի, այդ թվում Սարոյանի անվան գրադարան ստեղծելու նախագծի ապագան այլևս անհայտ է։
Թուրքիայի հարավ-արևելյան շրջաններում ընտրողների մեծամասնության ձայներով ընտրված համաքաղաքապետերը տարբեր մեղադրանքներով ձերբակալվում են և Թուրքիայի Ներքին գործերի նախարարությունը քաղաքապետարաններում վերահսկիչ է նշանակում։ Փոխքաղաքապետերը, քաղաքապետարանի աշխատակիցները նույնպես ձերբակալվում են։ Քաղաքապետարանների նորանշանակ վերահսկիչները աշխատանքից հեռացնում են մի շարք աշխատակիցների։
Ժողովրդավարական շրջանների կուսակցության (ԺՇԿ) աշխատանքի ամենակարևոր առանձնահատկությունը բազմալեզու համակարգն է։ ԺՇԿ քաղաքապետարանները իրենց աշխատանքները բացի թուրքերենից իրականացնում են նաև քրդերեն, հայերեն, ասորերեն և արաբերենով։
Միակ ասորի քաղաքապետն այլևս չի աշխատում
Համաքաղաքապետերի համակարգի կիրառումը թուրքական օրենքով ընդունված չէ։ ԺՇԿ-ին պատկանող բոլոր քաղաքապետարաններում համաքաղաքապետի համակարգն է գործում։ Վերահսկիչների նշանակումից հետո ոչ պաշտոնապես կիրառվող այս համակարգը վերացել է։ Համաքաղաքապետերից մեկի ձերբակալության դեպքում մյուսի աշխատանքն արգելվել է։ Թուրիայի վերջին ՏԻՄ ընտրություններում ասորական ստվար բնակչություն ունեցող Մարդին քաղաքում մեծաթիվ ձայներ հավաքած ազգությամբ ասորի Ֆեբրունիյե Աքյոլը Մարդինի քաղաքապետարանի համաքաղաքապետ էր ընտրվել։ Այսպիսով, երկար տարիների դադարից հետո Թուրքիայում ազգությամբ ասորի համաքաղաքապետ էր ընտրվել։ Մարդինի համաքաղաքապետերից Ահմեդ Թյուրքի ձերբակալությունից հետո քաղաքապետարանը պետության կողմից նշանակված վերահսկիչի ձեռքն է անցել։ Ֆեբրունիյե Աքյոլն այլևս համաքաղաքապետի պաշտոն չի զբաղեցնում։
«Ակօս»-ի հետ զրույցում Աքյոլը հիշեցրել է, որ համաքաղաքապետի համակարգ կիրառելու պատճառով ավելի վաղ նրանց նկատմամբ հետաքննություններ են սկսել։ Նա նշել է, որ Ահմեդ Թյուրքի հետ մեկտեղ քաղաքապետարանի մեծաթիվ աշխատակիցներ են ձերբակալվել և ավելացրել․ «Նշանակված վերահսկիչներին չենք ընդունում և նրանց հետ չենք աշխատում»։
Ասորերեն և արաբերեն մանկապարտեզներն այլևս չեն գործում
Մարդինի քաղաքապետարանը ծառայություններ էր մատուցում նաև քրդերեն, արաբերեն և ասորերեն։ Քաղաքապետարանի ցուցանակը քառալեզու էր՝ թուրքերեն, քրդերեն, արաբերեն և ասորերեն։
2015թ․ մայիս ամսին քառալեզու մանկապարտեզ էր բացվել։ Քաղաքապետարանը քառալեզու գրեքեր էր հրատարակել երեխաների համար։ Մարդինի համաքաղաքապետ Ֆեբրունիյե Աքյոլը նշել է, որ մանկապարտեզի փակվելու պատճառն այն էր, որ թուրքերենից բացի այլ լեզուներով ևս ուսուցում էր իրականացվում։
Բիթլիսում Սարոյանի անվան գրադարան էր ստեղծվելու
Բիթլիսի ԺՇԿ քաղաքապետարանը Վիլյամ Սարոյանի ընտանիքի տան փողոցը Վիլյամ Սարոյանի անունով էր անվանակոչել և նախատեսում էր նրանց տունը գրադարանի վերածել։ Բիթլիսի համաքաղաքապետերը այս նախագծի համար Ստամբուլում հանդիպումներ էին իրականացրել։ Համաքաղաքապետեր Հուսեյին Օլանը և Նևին Դաշդեմիր Դաղքըրանը ձերբակալվել են նոյեմբերի 25-ին։
Ինտերնետային կայքերը միալեզու են դարձրել
ԺՇԿ-ի ինտերնետային քայքերը ևս բազմալեզու էին։ Քաղաքապետարանի աշխատանքների արդյունավետությունն ապահովելու համար ինտերնետային կայքերը թուրքերեն և քրդերեն էին։ Որոշ քաղաքապետարանների կայքեր ժամանակավերապես դադարում են գործել՝ տեխնիկական փոփոխությունների պատրվակով, ապա սկսում են գործել միալեզու տարբերակով՝ միայն թուրքերեն։
«Ամեդ»-ը հանվել է
Դիարբեքիրի քաղաքապետարանում նույնպես պետության կողմից վերահսկիչ է նշանակվել։ Քաղաքապետարանի՝ թուրքերեն և քրդերեն գրություններով ցուցանակը հանվել է, որի առնչությամբ քաղաքապետարանի կայքում տեղ գտած հայտարարության համաձայն այն նորոգման նպատակով է հանվել։ Ցուցանակի վրա քրդերեն « Şaradedariya Bajare Mezin Amed» գրության փոխարեն այլևս « Şaradedariya Bajare Mezin» տարբերակն է լինելու։ Դիարբեքիրի քրդերեն «Ամեդ» անվանումը հեռացվել է քաղաքապետարանի ցուցանակից։ Քաղաքապետարանի կայքից ևս Ամեդ անվանումը հեռացվել է։