Ժողովուրդների ժողովրդավարական կուսակցության հայազգի պատգամավոր Կարո Փայլանը Թուրքիայի խորհրդարանում բարձրացրել է վերջին ժամանակահատվածում փոքրամասնություններին ուղղված ատելության հիմքով հանցագործությունների անպատժելիության հարցը։
Փայլանը գրավոր
հարցադիմում է ներկայացրել խորհրդարան։
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմին
ուղղված հարցադիմումի մեջ տեղ է գտել նաև
«Ակօս» պարբերականի դիմաց սև ծաղկեպսակ
տեղադրող և «Մի գիշեր հակարծակի կարող
ենք գալ» սպառնալիքով թռուցիկներ
տարածողների արդարացման հարցը։
Փայլանը նաև հիշեցրել է, որ այս տարվա ընթացքում երեք հայկական դպրոցների պատերին ռասիստական գրություններ են գրվել, անդրադարձել է նաև Հաթայի հրեական և Ադիյամանի ասորական գերեզմանատների ոչնչացման հարցին։
ԺԺԿ պատգամավորը հարցրել է, թե ինչ աշխատանքներ են տարվում փոքրամասնություններին ուղղված ատելության հիմքով հանցագործություններին վերջ տալու ուղղությամբ, վտանգի տակ գտնվող փոքրամասնական հաստատությունների համար ինչ անվտանգության միջոցառումներ են իրականացվում, ատելության հիմքով հանցագործությունների գործով հետաքննություն իրականացվում է, թե՞ ոչ։
Հարցադիմումում ասվում է․
«2015թ․ ապրիլի 24-ին «Ակօս» պարբերականի առջև սև ծաղկեպսակ է դրվել։ Ծաղկեպսակն այնտեղ տեղադրողները սոցցանցերում «Մի գիշեր հանկարծակի կարող ենք գալ» վորնագրով հայտարարություն են տարածել, որից հետո «Ակօս» պարբերականը բողոք է նարկայացրել դրա հեղինակների՝ «Ազգայնական Թուրքիա» կուսակցության ստամբուլյան գրասենյակի նախագահ Բիլալ Գյոքչեյուրթի և «Թուրանի օջախներ» կազմակերպության նախագահ Էրջան Ուրչարի դեմ՝ արարքը որակելով որպես սպառնալիք։
Ստամբուլի հանրապետական դատախազության կողմից կազմված մեղադրական ակտում պահանջվում էր «հայհոյանքի և սպառնալիքի» մեղադրանքով մեղադրյալներին ինը ամսից մինչև չորս տարվա ազատազրկման ենթարկելու պահանջով դատական գործ հարուցել։ Սակայն 2016թ․ նոյեմբերի 17-ին դատարանը որոշում է կայացրել արդարացնել մեղադրյալներին։
Իսկ 2016թ․ ընթացքում Ստամբուլում գործող հայկական երեք դպրոցների պատերին ռասիստական գրություններ են գրվել․ 2016թ․ օգոստոսին Սուրբ Խաչ Դպրեվանք վարժարանի, հունվար և սեպտեմբերին Գալֆայան հայկական դպրոցի, 2016թ․ նոյեմբերին Բոմոնթիի Մխիթարյան վարժարանի պատերին։
2016թ․ հունիսին Հաթայի հրեական գերեզմանատունը, 2016թ․ նոյեմբերին Ադիյամանի ասորական պատկանող ասորական գերեզմանատունը ոչնչացվել են։
Վերոնշյալի առնչությամբ
1․ Փոքրամասնություններին ուղղված և հետզհետե աճող, անպատիժ մնացող ատելության հիմքով հանցագործությունների կանխման համար Ձեր կառավարությունն ի՞նչ աշխատանքներ է իրականացնում։
2․ Վտանգված փոքրամասնական հաստատությունների, կառույցների անվտանգության համար Ձեր կառավարությունը միջոցներ ձեռնարկու՞մ է։
3․ Ազգային հետախուզության բաժնում փոքրամասնությունների դեմ ուղղված ատելության հիմքով հանցագործությունների առնչությամբ հետաքննություն իրականացվու՞մ է»։