Թուրքիայի Ազգային մեծ ժողովի հայզագի պատգամավոր Սելինա Դողանը դատական գործ էր հարուցել սոցցանցերում իր դեմ ուղղված ատելության խոսքի դեպքի առթիվ։ Դեպքի առնչությամբ դատարանը սկանդալին որոշում է կայացրել։
Թուրքիայի
«Ջումհուրիյեթ» պարբերականի լրագրող
Ալիջան Ուլուսաղի փոխանցմամբ՝ հայազգի
պատգամավոր Սելինա Դողանը դատական գործ
էր հարուցել իրեն ուղղված ատելության
խոսքի դեպքի առնչությամբ։ Մանիսայի
բնակիչ Իբրահիմ Քափլանը Դողանի Facebook-յան
էջում ատեություն և վիրավորական
արտահայտություններ պարունակող
մեկնաբանություն է թողել․ «Պոռնիկ եք․
շարունակում եք հրապարակայնորեն ծառայել
հայերին, բյուզանդացիներին։ Պոռնիկնե՛ր,
կարծում եք բյուզանդացիների հետևորդները
ողջ են, իսկ Ֆաթիհ սուլթանի հետևորդները
վերացե՞լ են»։
Սելինա Դողանի ներկայացրած բողոքի հիման վրա Քափլանի դեմ «վիրավորանքի» մեղադրանք է առաջադրվել։ Անկարայի 23-րդ քրեական դատարանը որոշում է կայացրել, որ Քափլանի խոսքերը անձի արժանապատվությանը նվաստացուցիչ են և վիրավորանք են պարունակում, սակայն մեղադրյալին պատիժ նշանակելու անհրաժեշտություն չկա։
Որպես որոշման հիմնավորում՝ դատարանը ներկայացրել է Սելինա Դողանի՝ Twitter-յան գրառումը, որն արվել է նշված վիրավորանքից երկու ամիս անց։ Դատարանի որոշման մեջ նշվում է, որ Դողանի գրառումն անհիմն է։
Դատարանի որոշման մեջ նշված գրառումը կապված է 2016թ․ մարտի 13-ին Անկարայի Գյուվենփարքի պայթյունի հետ․ «Ահաբեկչության դեմ պայքարը պատրանք է, քանի դեռ չենք խոսում այն պատճառների մասին, որոնք 1992թ․ ծնված կնոջը դրդել են ինքնապայթեցման»։
Դեպքի առնչությամբ «Ջումհուրիյեթ» պարբերականի հետ զրույցում Սելինա Դողանն անդրադարձել է Թուրքիայի նախագահ Էրդողանի՝ ապրիլի 24-յան ուղերձին․ «Ուրախ եմ, որ ատելության խոսքի առնչությամբ առաջին անգամ դատական գործ է հարուցվել, քանի որ սովորաբար նման դեպքերը անպատժելիությամբ են ավարտվում։ Սակայն, չնայած որ իմ հասցեին վիրավորանքներ են հնչել, ինքս եմ մեղադրվել։ Հարգարժան նախագահն օրեր առաջ իր ուղերձում նշել էր․ «Թույլ չենք տա, որ թեկուզ մեր մեկ հայ քաղաքացին խտրականության ենթարկվի»։ Մինչդեռ իշխանություններից կախյալ վիճակի հասած դատական համակարգը նման սկանդալային որոշում է կայացնում՝ ճանապարհ հարթելով ատելության խոսքի օգտագործմանը։ Նույն դատավորը նմանատիպ այլ որոշումներ էլ է կայացրել»։