Թուրքական Հանրապետա-ժողովրդավարական կուսակցության (Cumhuriyet Halk Partisi-CHP) հայազգի պատգամավոր Սելինա Դողանը հարց է ուղղել «ազգության գաղտնագիր»-ը ընդունող ներքին գործերի նախարար Էֆքան Ալային․ «Թուրքիայում բնակվող հայ, հրեա, հույն, ասորի ազգաբնակչության թվաքանակն ինչքա՞ն է»։
Սելինա Դողանը թեմայի հետ կապված հարց է ներկայացրել Թուրքիայի Ազգային մեծ ժողով (ԹԱՄԺ-TBMM)։ Հարցի պատասխանը Էֆքան Ալայից է ակնկալվում։ Ս․ Դողանը միևնույն ժամանակ հարցի հետ կապված տեղեկություն ձեռք բերելու համար դիմել է Թուրքիայի ներքին գործերի նախարարության՝ բնակչության և քաղաքացիության հարցերով գլխավոր տնօրինությանը։
Օրեր առաջ՝ ԹԱՄԺ բյուջեի պլանավորման հանձնաժողովում Թուրքիայի ներքին գործերի նախարարության բյուջեի քննարկման ժամանակ, հայազգի Կարո Պայլանը «ազգության գաղտնագրի» հետ կապված հարցադրում էր արել՝ այսպիսով նյութը բերելով օրակարգ։ Հարցադրմանն ի պատասխան՝ Թուրքիայի ներքին գործերի նախարար Էֆքան Ալան հետևյալ հայտարարությունն է արել․ «Այդ կոդավորումը Թուրքիայի բոլոր քաղաքացիներին է վերաբերում։ Դրանով անձի կրոնը կամ ազգային պատկանելիությունը պարզ չի դառնում։ Այսինքն, նշված կոդավորումը միայն փոքրամասնությունների կամ այլադավանների համար չի իրականացվում»։ Այս պատասխանով Էֆքան Ալան, փաստորեն, պաշտոնապես ընդունել է կոդավորման փաստը։
Սելինա Դողանն իր հարցադրման մեջ նշել է, որ Թուրքիայի փոքրամասնությունների նկատմամբ կիրառվող «ազգության կոդավորման» հարցի շուրջ միշտ քննարկումներ են եղել։ Նա նաև հիշեցրել է, որ նախկինում էլ մեծ թվով պատգամավորներ այս հարցի շուրջ հարցադրումներ են ունեցել։ Ս․ Դողանը տեղեկացրել է, որ այդ հարցադրումներին Էֆքան Ալան պատասխանել է հետևյալ կերպ․ «Բնակչության հարցերով ընթացակարգն ընթանում է օրենսդրությամբ սահմանված կարգով»։
Դողանի հարցադրումը
«Շատ կարևոր է իմանալ բնակչության թվաքանակը և ժողովրդագրական կառուցվածքը, ինչպես նաև շատ կարևոր է հանրային ծառայությունների իրականացումն ու պլանավորումը։ Փոքրամասնությունները համայնքի հանրային ծառայությունների (կրթություն, կրոնական արարողություններ, առողջապահություն) էական մասը հոգում են փաքրամասնության հիմնադրամների շնորհիվ։ Այդ պատճառով էլ փոքրամասնության հիմնադրամները պարտավոր են իմանալ տվյալ փոքրամասնության թվաքանակը, որպեզսի կարողանան հանրային ծառայություններ մատուցել։ Բացի այդ՝ փոքրամասնություններն իրենց կրոնական ղեկավարների ընտրության հարցում էլ են խնդիրներ ունենում, քանի որ համայնքի հստակ թվաքանակը չգիտեն։ Թուրքիայի քաղաքացի հայ, հրեա, հույն, ասորի ազգաբնակչության թվաքանակն ինչքա՞ն է»։