Աքյուրեք․ Փաստաթղթի ոչնչացման հրահանգի մասին տեղեկացրել եմ վարչապետին

Հրանտ Դինքի սպանության գործով պետական պաշտոնյաների դատավարության դատական նիստի ընթացքում Ռամազ Աքյուրեքի լսումներն ավարտվել են։ Աքյուրեքը պնդում է, որ փաստաթղթի վերացման մասին սպանության ժամանակ Ստամբուլի ոստիկանապետ Ջելալեթին Ջերրահի հանձնարարության մասին տեղեկացրել է նաև վարչապետին։

Գյողդե Քազազ

Ույգար Գյուլթեքին

Դինքի սպանության գործով դատական նիստը Ստամբուլի 14-րդ ծանր հանցագրոծությունների գործով դատարանում է ընթանում։

Դինքի գործին հետևող դատարանում փոփոխություններ

Թուրքիայի՝ Դատավորների և դատախազների բարձրագույն խորհրդի որոշմամբ Դինքի գործով զբաղվող դատական խմբում փոփոխություններ են տեղի ունեցել։ Գլխավոր դատավոր Ջաներ Ռյուզգարը նոր պաշտոն է ստանձնել 17-րդ ծանր հանցագրոծությունների դատարանում, իսկ նրա փոխարեն 14-րդ ծանր հանցագործությունների դատարանը Ալի Իսհան Հորասանն է սկսել ղեկավորել։

«Վարչապետին էլ տեղեկացրեցի»

Դատական նիստի ժամանակ կրկին քննարկվել է Ռամազան Աքյուրեքի պնդումն առ այն, որ Ջելալեթին Ջերրահն իրեն փաստաթուղթ ոչնչացնելու հրահանգ է տվել։ Դատարանն ու Դինքի ընտանիքի փաստաբանները հարցրել են, թե Աքյուրեքը փաստաթղթի ոչնչացման հրամանի մասին ու՞մ է տեղեկացրել։ Աքյուրեքը նշել է, որ փաստաթղթի ոչնչացման հրահանգի մասին տեղեկացրել է անգամ Թուրքիայի վարչապետին։ «Վարչապետի հետ հանդիպմանը նաև Արդարադատության և Ներքին գործերի նախարարներն էին ներկա։ Վարչապետին f3 և f4 զեկույցները և Ջերրահի հետ մեր հանդիպումն եմ ներկայացրել։ Մինչ այդ Տրապիզոնից եկած փաստաթղթերի վերացման հրահանգի մասին վարչապետին տեղյակ չէի պահել, այդ հանդիպման ժամանակ նրան էլ տեղեկացրեցի»,- նշել է Աքյուրեքը։

Աքյուրեքը նաև նշել է, որ փաստաթղթի ոչնչացման հրահանգի մասին տեղեկացրել է նաև տեղակալին՝ Շաբահաթին Հարփութին, ոստիկանապետ Օղուզ Քաան Քյոքսալին։