Էրջան Դեմիրը ժանդարմերիային է մատնացույց անում

Այսօր Ստամբուլի 14-րդ ծանր հանցագործություների գործով դատարանում Հրանտ Դինքի սպանության գործով դատական նիստն է ընթանում։ Նիստի ժամանակ Տրապիզոնի Ոստիկանության հետախուզության բաժնի աշխատակից Էրջան Դեմիրը հանդես է եկել ինքնապաշտպանական խոսքով, որի ընթացքում ժանդարմերիային է մատնացույց արել։

Այսօր ընթանում է Դինքի սպանության գործով պետական պաշտոնյաների դատական նիստը, որին ներկա պետական պաշտոնյաների թվում են Ռամազան Աքյուրեքը, Ջելալեթին Ջերրահը, Ահմեդ Իլհան Գյուլերը և Էնգին Դինչը։ 

Դատական նիստին ներկա է նաև Ժողովուրդների ժողովրդավարական կուսակցության (HDP) պատգամավոր Կարո Փայլանը։ 

Առանց փաստաբան են մնացել

Դինքի ընտանիքի փաստաբաններ Հաքան Բաքըրջըօղլուն, Բահրի Բելենը, Սեբու Ասլանգիլը, Ինջի Իշբուլուրը, Այշենուր Դեմիրքալեն և մեղադրյալների փաստաբանները ներկա են նիստին։

Մի քանի մեղադրյալի փաստաբաններ հրաժարվել են դատական գործից։ Այդ իսկ պատճառով էլ որոշ մեղադրյալներ դատական նիստին առանց փաստաբանի են մասնակցում։ Նրանց թվում են Ռամազան Աքյուրեքը և Ալի Ֆուաթ Յըլմազերը։

«Սուտը ջրի երես է դուրս գալիս»

Տապիզոնի Ոստիկանության հետախուզության բաժնի աշխատակից Էրջան Դեմիրն իր պաշտպանական խոսքով է հանդես եկավ։

Դեմիրը հերքել է ֆեթուլահական ահաբեկչական խմբավորման մասը կազմելու շուրջ պնդումները։

Դեմիրը, նշելով, որ ինքը տեղեկություն չի ունեցել Օգյուն Սամասթի սպանություն իրականացնելու մասին, ժանդարմերիային է մատնացույց արել։

«Ժանդարմերիայի առնչությունը ես եմ բացահայտել։ Գաղտնի պահվող մի շարք մանրուքներ կան, և սրանք փոխվում են՝ կախված առօրյայից։ Սուտն արդեն ջրի երես է դուրս գալիս։ Կարող եք սուտ փաստաթղթեր ներկայացնել, կարող եք խաբել դատարանին, սակայն չեք կարողանալու հաղթել։ Ամբողջ Թուրքիան այս դատական գործին է հետևում»,- իր աշտպանական ելույթում նշել է Դեմիրը։

«Դատավարությունը սխալ ուղղությամբ է տարվում»

Դեմիրը հիշեցրել է Տրապիզոնի ժանդերմերիայի կազմած ծանուցագիրը, որում նաև Դինքի սպանության ժամանակ օգտագործված զինատեսակի մասին տեղեկություններ կային։ Ծանուցագիրը կազմվել է մինչև Օգյուն Սամասթի ձերբակալվելը։

«Օգագործված զինատեսակի մասին մանրամասներ են գրել մինչև Սամասթի ձերբակալությունը։ Եթե ինչ-որ բան եք փնտրում, այստեղից պետք է սկսեք։ Մինչև սպանության իրականացվելը որտեղ՛՞ց գիտեն օգտագործված զինատեսակի մասին։ Նշվում է, որ Ստամբուլում բացահայտումներ են իրականացվել։ Բոլորիս հայտնի է՝ ովքեր են բացահայտումներն արել, ովքեր են գնացել Ստամբուլ (նկատի ունի ժանդարմերիային՝ «Ակօս»-ի խմբագրություն)։ Փաստաթղթեր կան։ Սխալ ուղղությամբ է տարվում։ Ավելի վաղ ասել էի։ Այստեղ մարդասպան չեք գտնի։ Սխալ ուղղորդություններով ոչնչի չեք հասնի»․- նշել է Էրջան Դեմիրը։



Yazar Hakkında

Ույգար Գյուլթեքին