XXXI ամառային օլիմպիական խաղերին Թուրքիայի դրոշը ծածանելու է ըմբիշ Ռըզա Քայաալփը, ով հայտնի է իր հակահայկական գրառումներով։ Այս հանգամանքը սոցցանցերի մի շարք օգտատերերի բողոքի առիթ է դարձել։
Ռիո 2016-ը, որը սկսում է օգոստոսի 5-ին և տևելու է մինչև օգստոսի 21-ը, միջազգային հանրության ուշադրության կենտրոնում է։ Վերջին օրերին Թուրքիայում քննարկման առարկա է դարձել Ռըզա Քայաալփը, ով ընտրվել է՝ ծածանելու Թուրքիայի դրոշը օլիմպիական խաղերում։ Քայաալփը հայտնի է սոցցանցերում իր հակայակական գրառումներով։
2013 թվականի հունիսի 8-ի գրառման մեջ ըմբիշ Քայաալփը Twitter-յան իր միկրոբլոգում գրել է․ «Ամոթ է ձեզ։ Հրապարակները հայերին թողեցին։ Աստված թող ձեզ պատժի, ավազա՛կ ակտիվիստներ»։ 2013թ․ հունիս ամսին Ստամբուլի Գեզի փարքի ցույցերը շարունակում էին մեծ թափ առնել։ Այս գրառումն էլ համընկնում է այդ օրերին։
Նշենք, որ սա առաջին դեպքը չէ, որ Ռըզա Քայաալփն է ընտրվում Թուրքիայի դրոշը ծածանելու համար։ Նշված հակահայկական գրառումից օրեր անց՝ 2013թ․ հունիսի 22-ին, տեղի ունեցած «Միջերկրական խաղերի» ժամանակ էլ նա էր ծածանում թուրքական դրոշը։ Երկու դեպքերում էլ այս հանգամանքը Թուրքիայում սոցցանցերի մի շարք օգտատերերի դժգոհության առարկա է դարձել և լայնորեն քննադատվել։