ԱԺԿ (Ազգերի ժողովրդավարական կուսակցություն՝ HDP) Ստամբուլի հայազգի պատգամավոր Կարո Պայլանը հանդես է եկել 1908-1915թթ․ ընթացքում օսմանյան խորհրդարանում պատգամավորի (երեսփոխան) պաշտոն զբաղեցրած, ապա 1915թ․ ապրիլ-մայիս ամիսներին ձերբակալված և սպանված 7 հայ պատգամավորի մասին թուրքական խորհրդարանում հետաքննություն սկսելու առաջարկով։
Կարո Պայլանը 1915թ․ սպանված հայ պատգամավորների հարցի շուրջ դիմում է ներկայացրել Թուրքիայի խորհրդարան։
Պայլանը պահանջել է բացահայտել, թե ինչ պայմաններում և ում հրամանով են սպանվել օսմանյան խորհրդարանի (Meclis-i Mebusan ) պատգամավորներ Գրիգոր Զոհրապը, Օհաննես Վարդգես Սերենգյուլյանը, Նազարեթ Տաղավարյանը, Կարապետ Փաշայանը, Օննիկ Դերձակյանը (Արշակ Վռամյան), Ստեփան Չըրաջյանը, ինչպես նաև կախաղանի ենթարկված Համբարձում Բոյաջյանը, գտնել նրանց մարմինների գտնվելու վայրը և պատշաճ հուղարկավորություն կազմակերպել։
Պայլանը իր դիմումի մեջ հիշեցրել է, որ 1908-ին Օսմանյան կայսրությունում կայացած ընտրություններով մի շարք հայ պատգամավորներ են ընդգրկվել օսմանյան խորհրդարանի կազմկում, և դիմումը ձևակերպել հետևյալ կերպ․
«Պետրոս Հալլաչյանը (Ստամբուլ), Գրիգոր Զոհրապը (Ստամբուլ), Օհաննես Վարդգես Սերենգյուլյանը (Էրզրում), Գարեգին Փաստըրմաջյանը (Էրզրում), Ստեփան Սպարտալյանը (Իզմիր), Նազարեթ Տաղավարյանը (Սվաս), Համբարձում Բոյաջյանը (Քոզան, Ադանա), Գեղամ Տեր-Կարապետյանը (Մուշ), Հակոբ Բաբիկյանը (Թեքիրդաղ), Վահան Փափազյանը (Սվաս) 1908թ․ դարձել են օսմանյան խորհրդարանի հայազգի պատգամավորներ, իսկ Արթին Բոշգեզենյանը 1909թ․ է ընդգրկվել օսմանյան խորհրդարանի կազմում՝ որպես Հալեպի պատգամավոր։
1912թ․ 3․5 ամիս գործած օսմանյան խորհրդարանը նույնպես մի շարք հայազգի պատգամավորներ ուներ․ Հակոբ Բոյաջյան (Թեքիրդաղ), Արթին Բոշգեզենյան (Հալեպ), Պետրոս Հալլաչյան, Գարեգին Փաստըրմաջյան (Էրզրում), Գեղամ Տեր-Կարապետյան, Գրիգոր Զոհրապ, Օհաննես Վարդգես Սերենգյուլյան, Կարապետ Փաշայան (Սվաս), Վահան Պարտիզպանյան (Իզմիր), Օննիկ Դերձակյան (Արշակ Վռամյան, Վան), Համբարձում Բոյաջյան։
1914թ․ ընտրություններում վերջին անգամ հայազգի պատգամավորներ են ընտրվել․
Ստեփան Չըրաջյան (Էրգանի, Դիարբեքիր), Հովսեփ Մեդեթյան (Էրզրում), Օհաննես Վարդգես Սերենգյուլյան, Արթին Բօշգեզենյան, Պետրոս Հալլաչյան, Գրիգոր Զոհրապ, Օննիկ Իհսան Էֆենդի (Իզմիր), Կարապետ Թոմայան (Կայսերի), Մատթեոս Նալբանդյան (Քոզան, Ադանա), Հակոբ Հըրլաքյան (Մարաշ), Գեղամ Տեր-Կարապետյան, Օննիկ Դերձակյան (Արշակ Վռամյան) և Տիգրան Պարսամյան (Սվաս)։
Գրիգոր Զոհրապը 1915թ․ մայիսի 21-ին Ստամբուլում է ձերբակալվել։ Նրան Էրզրումից պատգամավոր Օհաննես Վարդգես Սերենգյուլյանի հետ միասին գնացքով ուղարկել են Դիարբեքիր, որտեղ էլ կրելու էր պատիժը (Դիվան-ի Հարբում՝ Divan-ı Harp)։ Սկզբում ուղարկվել են Քոնյա, ապա Ադանա և Հալեպ։ Վերջում նրանց աքսորել են Ուրֆա։ Երկուսն էլ սպանվել են Ուրֆայում՝ Քարաքյոփրուի մոտ (Սև կամուրջ)։
Նազարեթ Տաղավարյանը ձերբակալվել է 1915թ․ ապրիլի 24-ին Ստամբուլում և տեղափոխվել է Այաշի բանտ, ապա ուղարկվել է Դիարբեքիր՝ Divan-ı Harp։ Սպանվել է Սիվերեքի մոտակայքում՝ Քարաջաօրենում։
Կարապետ փաշայանը ձերբակալվել է 1915թ․ ապրիլի 24-ին Բեյօղլուում և ուղարկվել է Այաշ։ Սպանվել է Անկարայի մոտակայքում գտնվող Էլմադաղի հովիտներից մեկում։
Ստեփան Չըրաջյանը ձերբակալվել է 1915թ․ ապրիլի 21-ին Դիարբեքիրում։ Ըստ աղբյուրների՝ սպանվել է 1915թ․ հունիսի 9-ին Դիարբեքիրի Չալըխան գյուղում։
Օննիկ Դերձակյանը (Արշակ Վռամյան) ձերբակալվել է 1915թ․ ապրիլի 17-ին, ապա 1915թ․ ապրիլին սպանվել է Բիթլիսի մոտակայքում գտնվող և այդ ժամանակ Արաբու Ձոր անունը կրող տեղանքում։
Համբարձում Բոյաջյանը ձերբակալվել է Բեյօղլուի իր տանից 1915թ․ ապրիլի 24-ին։ Նա նախ ուղարկվել է Անկարայի Սինջանքյոյ, ապա Այաշի բանտ։ Բոյաջյանն այնուհետև տեղափոխվել է Կայսերի, որտեղ էլ կախաղան է հանվել 1915թ․ օգոստոսի 6 կամ 7-ին։
Հայ պատգամավորների և գաղափարական առաջնորդների դեմ ուղղված ձերբակալություններով և սպանություններով, ապա զանգվածային սպանությունների, աքսորների, պոգրոմների միջոցով հայ, ասորի, հույն, հրեա ժողովուրդներին «փոքրամասնության» աստիճանի են հասցրել։
Այս (թուրքական-Ակօս-ի խմբագրություն) խորհրդարանի համար պատվո հարց է գտնել օսմանյան խորհրդարանում պաշտոնավարած այս 7 պատգամավորների դիակները, պատշաճ կերպող հուղարկավորություն կազմակերպել և վերականգնել նրանց ունեցած պատիվը։
Այս համատեքստում մենք պահանջում ենք, որ խորհրդարանը հետաքննություն իրականացնի՝ պարզելու Գրիգոր Զոհրապի, Օհաննես Վարդգես Սերենգյուլերի, Նազարեթ Տաղավարյանի, Կարապետ Փաշայանի, Ստեփան Չըրաջյանի, Օննիկ Դերձակյանի (Արշակ Վռամյան) և Համբարձում Բոյաջյանի սպանությունների հանգամանքները, բացահայտի դիակների գտնվելու վայրը,պատշաճ կերպով հուղարկավորություն կազմակերպի և այս տանիքի հովանու ներքո աշխատած պատգամավորների պատիվը վերականգնի»։