Թուրքիայում սահմանադրական քննարկումների ժամանակ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայազգի պատգամավոր Կարո Փայլանն անդրադարձել է ճնշված ժողովուրդների ցեղասպանության, կոտորածների թեմային, ինչից հետո Թուրքիայի խորհրդարանի նախագահի փոխանորդն ընդհատել է Փայլանի ելույթը։ Որպես պատիժ՝ Փայլանին զրկել են սահմանադրական փոփոխությունների քննարկման երեք նիստի մասնակցելու իրավունքից։ «Ցեղասպանություն» բառը հեռացվել է արձանագրություններից։ Դեպքի առնչությամբ Փայլանը Թուրքիայի Սահմանադրական դատարան է դիմել։
Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Կարո Փայլանը ելույթ է ունեցել Թուրքիայի սահմանադրական փոփոխությունների 11-րդ կետի քննարկումների ժամանակ։ «1913-1923թթ․ հայերը, ասորիները, հույներն ու հրեաները կորել են։ Մեծ կոտորածներիով և ցեղասպանության միջոցով վտարվել են այս հողերից»,- ասել է Փայլանը՝ նշելով, որ ազդված է թուրքական պատմության ժխտողականությունից և ըմբոստանում է տիրող լռության դեմ։
«Արդարություն և զարգացում» կուսակցության պատգամավորները բղավելով ոտքի են կանգնել, այն բանից հետո, երբ Փայլանն արտասանել է «ցեղասպանություն» եզրույթը։ Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահի փոխանորդ Ահմեդ Այդընը դիմել է Փայլանին՝ «Ուշադրությու՛ն դարձրեք ձեր գործողություններին» խոսքերով և պահանջել նրանից հրաժարվել իր խոսքերից։
Փայլան․ «Եկեք միասին առերեսվենք»
Փայլանը շարունակել է իր ելույթը․ «Մի ժամանակ (բնակչության) 40 տոկոսն էինք, այժմ՝ 1/1000 ենք։ Դե երևի մի բան եղել է, որ․․․ Ես ցեղասպանություն եմ կոչում, դուք անվանք այն՝ ինչպես կուզեք։ Միասին անվանում որոշենք և շարունակենք մեր ճանապարհը։ Հայ ժողովուրդը գիտի՝ ինչ է եկել իր գլխին։ Ես շատ լավ գիտեմ՝ ինչ է եղել պապիս, նրա հորը։ Դուք որոշեք անվանումը, միասին առերեսվենք։ Մենք գրեթե չկանք, նվազել, 1/1000-ի ենք հասել։
Փայլանի այս խոսքերից հետո «Արդարություն և զարգացում» կուսակցության շարքերից աղմուկ-աղաղակը սկսել է ավելանալ, կուսակցության Ստամբուլի պատգամավոր Մեթին Քյուլունքը բղավել է․ «Ցեղասպանություն բառն ուղղվելու է»։ Խորհրդարաում լարվածությունն ավելացել է, որից հետո նիստում ընդմիջում է հայտարարվել։
Պատիժ Փայլանին
Նիստի ըմդմիջման ավարտից հետո «Արդարություն և զարգացում», «Ժողովրդա-հանրապետական» և «Ազգայնական շարժում» կուսակցությունները համատեղ հայտարարությամբ դատապարտել են Կարո Փայլանի խոսքերը։ «Ցեղասպանություն» եզրույթն օգտագործելու համար Փայլանին պատժել են՝ զրկելով մեջլիսի երեք նիստերին մասնակցելու իրավքունքից։ Փայլանի խոսքերը հեռացվել են նիստի արձանագրություններից։ Այս որոշումից հետո «ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության պատգամավորները Փայլանի հետ միասին լքել են մեջլիսի Գլխավոր խորհրդի սրահը։
Փայլան․ «Ճղճիմ հայտարարություններով հանդես եկան»
«Աչըք» ռադիոյով հեռարձակվող «Ռադիո Ակօս» հաղորդման ընթացքում Կարո Փայլանը խոսել է Թուրքիայի խորհրդարանում տեղի ունեցածների մասին։ «Իմ ելույթից հետո ԱԶԿ պատգամավորները սկսեցին բղավել, ապա նիստն ընդմիջվեց գրեթե 1․5 ժամով։ ԱԶԿ և ԱՇԿ պատգամավորները գլուխ գլխի տվեցին։ Իրավիճակի մասին նախարարներին են տեղյակ պահել, ճգնաժամի է վերածվել։ ԱՇԿ-ն նշել է, որ եթե «Կարո Փայլանի» համար պատիժ չսահմանվի, ապա կդադարի սատարել սահմանադրական փոփոխություններին։ Այս պահին ԱԶԿ-ն ԱՇԿ-ի կարիքն ունի, այդ պատճառով էլ երեք նիստերին չմասնակցելու պատիժ սահմանվեց։ «Իսկ ամենավատն այն էր, որ ԱԶԿ-ն, ԺՀԿ-ն և ԱՇԿ-ն «ցեղասպանություն» եզրույթի կիրառման առնչությամբ ճղճիմ հայտարարություններով հանդես եկան։ Պատգամավորները բարձր ծափահարություններով օժանդակում էին նրանց։ Պատիժը հայտարարվելուց հետո ընկերներիս հետ լքեցինք դահլիճը»,- նշել է «Ռադիո Ակօս»-ին հեռախոսակապի միջոցով միացած Փայլանը։
«Հարյուր տարի առաջ «Սա թուրքերի սահմանադրությունն» է ասողները ժողովուրդների ոչնչացման պատճառ դարձան։ Եթե այսօր էլ շարունակենք ասել, որ դա թուրքի սահմանադրությունն է, արհամարհվածները կամ կըմբոստանան կամ էլ լռության մեջ կթաղվեն։ 100 տարի առաջվա օրինակով ցանկացա հասկացնել, որ բոլորիս համար վատ է։ Մեր գլխին եկած մեծ աղետի մասին խոսեցի։ Միևնույն ժամանակ նշեցի, որ պետք չէ բառերից կառչել․ ես ցեղասպանություն եմ անվանում, դուք այլ կերպ անվանեք։ Ոչ մի կերպ ոչ ոքի բորբոքել չէի ցանկանում։ Սակայն, ցավոք, ժամանակի ոգին այսպիսին է։ Մյուս երկրներն էլ են խավարով անցել, հիմա էլ մենք ենք այդ խավարով անցնում»,- նշել է Փայլանը։
Փայլանը Սահմանադրական դատարան է դիմել
Կարո Փայլանը հունվարի 13-ին Թուրքիայի խորհրդարանում իր ելույթի ընդհատման և երեք նիստի մասնակցության իրավունքից զրկվելու կապակցությամբ Թուրքիայի Սահմանադրական դատարանին է դիմել։ Փայլանը տեղի ունեցածը որպես անձեռնմխելիության իրավունքի և խոսքի ազատության խախտում է որակավորում։ Սահմանադրական դատարան դիմելուց բացի Կարո Փայլանը նաև դիմում է ներկայացրել Թուրքիայի Ազգային մեծ Ժողով՝ պահանջելով հրաժարվել կայացված որոշումից, քանի որ այն հակասում է խորհրդարանի ներքին կանոնադրությանը։ «Հունվարի 13-ին սահմանադրական փոփոխությունների 11-րդ կետի քննարկումների ժամանակ «ցեղասպանություն» եզրույթն օգտագործելու պատճառով իմ ելույթը խափանվել է։ Չնայած որ նախկինում այդ եզրույթը շատ անգամներ օգտագործել եմ, Գլխավոր խորհրդում ներկա պատգամավորները սկսեցին վիրավորանքներ տեղալ, խորհրդարանի նախագահի փոխանորդ Ահմեդ Այդընը շատ կողմնապահ վերաբերմունք դրսևորեց և խոսքի իրավունքս զավթվեց։ Բղավողների պատճառով չկարողացա տրված ժամանակահատվածն օգտագործել և հավելյալ հինգ րոպե խնդրեցի, որին ի պատասխան «Ներեցեք, այդպիսի բան չկա» արտահայտությունը հնչեց, խորհրդարանի նախագահությանն անվայել կերպով իմ ելույթն ընդհատեց և նիստի ընդմիջում հայտարարեցլ։ Սա սահմանադրության լուրջ խախտում և ամբիոնի անձեռնմխելիության, խոսքի ազատության ոտնահարում է։ Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահի փոխանորդի որոշմամբ «ցեղասպանություն» եզրույթը հանվել է նիստի արձանագրություններից, եզրույթ, որն ավելի վաղ տասնյակ անգամներ օգտագործվել է ԹԱՄԺ-ում՝ և՛ 1915թվականը, և՛ այլ դեպքեր բնութագրելու համար։ ԹԱՄԺ-ի ներքին կանոնադրության 161-րդ կետի համաձայն՝ երեք նիստի մասնակցելու իրավունքից զրկվել եմ, քանի որ ամբիոնից «Իմ ժողովրդի գլխին եկած աղետը ցեղասպանություն եմ կոչում» արտահայտությունն եմ օգտագործել։ Անօրինական պատժի և իմ դեմ իրականացվածների պատճառով Սահմանադրական դատարան եմ դիմել, ինչպես նաև դիմում եմ ներկայացրել ԹԱՄԺ՝ պահանջելով հրաժարվել ԹԱՄԺ ներքին կանոնադրությանը հակասող որոշումներից»,- հայտարարել է Կարո Փայլանը։