Հայոց պատրիարքի ընտրությունները նույնպես Էրդողանի հայեցողությանը մնացին

Ստամբուլի Սուրբ փրկիչ հայկական հիվանդանոցի հիմնադրամի և Համայնքային հաստատությունների համագործակցության հարթակի՝ VADİP նախագահ Պետրոս Շիրինօղլուի՝ Էրդողանի հետ ունեցած հանդիումից հետո Թուրքիայի հայոց պատրիարքական ընտրությունների հարցում նոր իրականություն ստեղծվեց։ Ըստ Շիրինօղլուի՝ Էրդողանն ասել է․ «Հանրաքվեի ավարտից անմիջապես հետո պատրիարքական ընտրությունների և համայնքային հաստատությունների ղեկավարի ընտրության հարցով ենք զբաղվելու»։ Այսպիսով՝ հայկական համայնքին պարտադրված անորոշության հետ մեկտեղ, այս հարցը ևս Էրդողանի հայեցողությանը թողնվեց։

Սույն տարվա հունվարի 18-ին Ստամբուլի Սուրբ փրկիչ հայկական հիվանդանոցի հիմնադրամի և Համայնքային հաստատությունների համագործակցության հարթակի՝ VADİP նախագահ Պետրոս Շիրինօղլուն հանդիպում է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայյիփ Էրդողանի հետ։ Մեկ ժամ տևած հանդիպումը Անկարայում գտնվող նախագահական համալիրում է տեղի ունեցել։ Հանդիումից հետո Շիրինօղլուն «Ակօս»-ի հետ զրույցում անդրադարձել է հանդիպման հիմնական թեմաներին։ 

«Հայկական համայնքում կարծիք կա, թե Պետրոս Շիրինօղլուն է խոչընդոտում պատրիարքական և համայնքային հաստատությունների ղեկավարի ընտրությունները։ Համայնքային այս և մյուս խնդիրների մասին հեռախոսով հայտնել եմ նախագահին, վերջինս անհապաղ հանդիպում է նշանակել։ Հունվարի 18-ին՝ ժամը 16։30-ին, Անկարայի նախագահական համալիրում հանդիպել եմ նախագահ Ռեջեփ Թայյիփ Էրդողանին և Հիմնադրամների գլխավոր տնօրեն Ադնան Էրթեմին։ Հանդիպման օրակարգում էին մեր համայնքում խնդիրներ առաջացրած պատրիարքական և հիմնադրամների ղեկավարի ընտրությունները։ Տեղեկացրել եմ, որ երկար տարիներ են՝ չենք կարողանում ընտրություններ իրականացնելշ և որ համայնքի որոշ ներկայացուցիչներ ինձ են մեղադրում դրանում և խնդրել եմ պատրիարքական և համայնքային հաստատությունների նախագահի ընտրություն իրականացնել։ Սրան ի պատասխան նախագահ Էրդողանն ասել է․ «Մինչ այս ընտրությունների իրականացումը թույլատրում էինք՝ հիմնվելով 1863թ․ հայկական կանոնակարգի վրա։ Մեր ցանկությունն էր, որ դուք իրքներդ կանոնակարգը պատրաստեք։ Անցած տարիներին Հայոց պատրիարքական գլխավոր փոխանորդի հետ վարչապետի նստավայրում հանդիպել եմ և նույնն եմ ասել։ Ընտրություններն ուշանում են, սակայն ձեզանից կախված ուշացում է։ Իսկ մենք չենք միջամտել։ Նախագահական համակարգի հանրաքվեի ավարտից անմիջապես հետո պատրիարքական և համայնքային հաստատությունների ղեկավարի ընտրությունների հարցով ենք զբաղվելու»։ 

Հիվանդանոցի առջևի հողակտորը

Սուրբ Փրկիչ հայկական հիվանդանոցի դիմացի հողակտորի՝ հայկական հիվանդանոցին վերադարձի որոշումը չեղյալ համարելու պահանջով վարչական դատարան դիմած Ստամբուլի քաղաքապետարանը դատը կորցրել էր, և դատական գործն ավարտվել էր հօգուտ հիվանդանոցի։ Պետական խորհուրդը, չեղարկելով վարչական դատարանի որոշումը, աննախադեպ կարճ ժամանակահատվածում որոշում էր կայացրել, որ քաղաքապետարանի կողմից հանրայնացված հողակտորը չի կարող վերադարձվել հայկական հիմնադրամին։ Այս հարցը նույնպես քննարկվել է Էրդողանի և Շիրինօղլուի հանդիպման ընթացքում․ «Նախորդ տարիների ընթացքում հանիպումներից հետո հիվանդանոցի դիմացի տարածքի հետ կապված խնդիրները կարգավորվել էին, և տարածքը հայկական հիմնադրամին էր վերադարձվել։ Ապա Ստամբուլի Զեյթինբուռնուի քաղաքապետարանը և Հիմնադրամների գլխավոր խորհուրդը դատական գործ էին հարուցել, որն ավարտվել էր նրանց օգտին։ Նշել եմ, որ այժմ պլանավորում են նշված տարածքում լողավազան կառուցել։ Նախագահ Էրդողանն իմ ներկայությամբ Հիմնադրամների գլխավոր տնօրեն Ադնան Էրթեմին հանձնարարել է այս հարցի լուծմանն ուղղված ամեն ինչ իրականացնել»։

«Գործընթացը կարագանա, եթե դիմումը ներկայացվի»

Էրդողան-Շիրինօղլու հանդիպումից հայտնի է դարձել, որ պատրիարքական ընտրությունների իրականացման համար անհրաժեշտ է հանրաքվեի ավարտին սպասել։ Այստեղի էլ մեկ այլ հարց է ծագում․ «Դիմումի ներկայացման համա՞ր էլ է անհրաժեշտ հանրաքվեի ավարտիին սպասել»։

Հոգևոր խորհրդի նախագահ, եպիսկոպոս Սահակ Մաշալյանը վերջին զարգացումների առնչությամբ իր գնահատականներն է ներկայացրել «Ակօս»-ին․ »Ըստ իս՝ պետք է դիմում ներկայացնենք։ Նախագահը նման բան է ասել, նրա խոսքը խոստում է՝ պատրիարքական ընտրություններն իրականացվելու են։ Ուստի դիմումը ներկայացնելով՝ մենք գործին ընթացք կտանք։ Ակնհայտ է, որ նախագահը թեմային քաջատեղյակ է։ Պաշտոնական դիմումը ներկայացնելը ոչինչ չի փոխի, սակայն գործընթացը կարագացնի։ Խոսքը խոստում է։ Դիմումը ներկայացնելը գործընթացը սկսելու համար խթան կդառնա։ Հայտադիմումը այժմ ներկայացնելու դեպքում, միգուցե, հանրաքվեից անմիջապես հետո հարցը օրակարգում կներառվի։ 

«Ընտրությունները հաջորդ գարնանը մնացին»

Զարգացումներին հետևող փաստաբան Սեպուհ Ասլանգիլը «Ակօս»-ին իր գնահատականներն է ներկայացրել․ «Տեղյակ չեմ՝ հանդիումն ինչպե՞ս է տեղի ունեցել, ինչե՞ր են քննարկվել։ Լրատվամիջոցներում տեղ գտած տեղեկություններով եմ հետևում իրադարձությանը։ Ըստ իս՝ պատրիարքական ընտրությունների հարցը կարիք չկար մինչև նախագահ հասցնել։ Ընտրական գործընթացն անկախ գործընթաց է։ Նախ պետք էր հայտադիմում ներկայացնել նահանգապետարան, որից հետո զարգացումների և առաջարկների մասին նախագահին պետք էր զեկուցել։ Հայտադիմում չկա, այդ պարագայում նախագահն ի՞նչ կարող է անել։ Ընտրություն իրականացնելու կամք չկա դեռ։ Ուստի ընտրված ճանապարհը ոչ լիարժեք է։ Նախ պետք էր դիմում ներկայացնել, ապա հանդիպման ժամանակ հարցը բարձրացնել։ Ընտրությունների իրականացման վերացական ցանկությունից մեր համայնքին ոչ մի օգուտ չկա։ Բացի այդ՝ տրված պատասխանը շատ հուսադրող չէ։ Հայոց պատրիարքի ընտրությունների հարցն ի՞նչ կապ կարող է ունենալ Թուրքիայում իրականացվող հանրաքվեի հետ։ Հանրքավեում «այո» կամ «ոչ»-ի դեպքում ի՞նչ է փոխվելու։ Ուստի կարծում եմ, որ այս հանդիպման օրակարգում հայտնվելու եղանակը սխալ է։ Նախ պետք էր նահանգապետարան դիմում ներկայացնել, ապա այս հարցը օրակարգ մտցնել։ Ինչպես հասկանում եմ՝ մինչև հանրաքվեի ավարտը ոչ ոք չի պատրաստվում դիմում ներկայացնել։ Ընտրված ճանապարհը սխալ է, քանի որ ընտրությունների դիմումից հետո ընտրական միջավայրի ստեղծման համար առնվազն 5-6 ամիս է անհրաժեշտ։ Ինչը նշանակում է, որ ընտրությունները մնացին հաջորդ գարնանը»։

Փայլանի հայտարարությունները

Նույն հանդիպման ընթացքում Պետրոս Շիրինօղլուն անդրադարձել է նաև Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայազգի պատգամավոր Կարո Փայլանի՝ Թուրքիայի մեջլիսում ունեցած ելույթին։

Թեմայի առնչությամբ «Ակօս»-ի և «Անադոլու» լրատվական գործակալության հետ զրույցում Շիրինօղլուն հայտարարել է․ «Թուրքիայի մեջլիսում Կարո Փայլանի ելույթը տխրեցրել է ինչպես պատգամավորներին և հասարակությանը, այնպես էլ հայկական համայնքին։ Մեր համայնքի 99 տոկոսն այս հայտարարություններից վրդովված է։ Մենք՝ հայերս նմանատիպ հայտարարությունները շատ սխալ և անհարիր ենք համարում։ Սրա հետևանքով ստեղծված վրդովմունքի մասին խոսել եմ հարգարժան նախագահի հետ հանդիպման ժամանակ։ Սա իմ տեսակետը չէ, հայկական համայնքի 99 տոկոսի վերաբերմունքն ու տեսակետն է»։

Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության՝ HDP հայազգի պատգամավոր Կարո Փայլանը հունվարի 13-ին սահմանադրական փոփոխությունների 11-րդ կետի քննարկման ժամանակ ասել էր․ «1913-1923թթ․ հայերը, ասորիները, պոնտացի հույներն ու հրեաները կորցվել են։ Մեծ կոտորածների և ցեղասպանությունների միջոցով այս տարածքներից կամ վտարվել են, կամ էլ բնակչության փոխանակման են ենթարկվել»։ 

Ելույթը մեջլիսում գտնվող «Արդարություն և զարգացում», «Ժողովրդա-հանրապետական» և «Ազգայնական շարժում» կուսակցությունների ներկայացուցիչների շրջանում վրդովմունք էր առաջացրել։ «Ցեղասպանություն» եզրույթն օգտագործելու համար Փայլանին արգելեցին խորհրդարանական երեք քննարկումների մասնակցել, և նրա խոսքերը դուս բերվեցին նիստի զեկույցից։

«Ակօս»- տեսակետը

Նորից հին հիվանդությունները

Ստամբուլի Սուրբ փրկիչ հայկական հիվանդանոցի հիմնադրամի և Համայնքային հաստատությունների համագործակցության հարթակի՝ VADİP նախագահ Պետրոս Շիրինօղլուի՝ Էրդողանի հետ ունեցած հանդիումը վառ ապացույցն է առ այն, որ հայկական համայքի ղեկավար շրջանակները շարունակում են սայթաքել և դաս չեն քաղում սխալներից։ Այն, որ այս հանդիպումը շութափույթ կերպով անցկացվեց Փայլանի՝ մեջլիսում ունեցած ելույթից հետո, մեզ շատ բան է ասում։ Մեր ժամանակներին դրոշմված կառավարության կամ պետության մոտ վազելով «Ամա՛ն, նա մեզանից մեկը չէ»-ն հայտարարելու մոտեցումը ցավող շարունակվում է։ Ասվածները շատ ծանր են․ «Մեր համայքի 99 տոկոսը ելույթից վրդովված է»։

Իրականում այդպե՞ս է։ Մենք այդպես չենք կարծում։ Վստահաբար կան այնպիսիք, ովքեր Փայլանի հետ համակարծիք չեն, սակայն 99 տոկոսի մասին հայտարարելը շատ խնդրահարույց է։ Լավ, թող այդպես լինի։ Ի՞նչ է նշանակում վազեվազ նախագահի մոտ գնալ և Փայլանին «ծախել»։

Ցավոք շատ լավ գիտենք այս դիրքորոշումը։ 1980-ից հետո մեր կյանքն այդպես էր։ Ամեն անգամ, երբ հայկական համայնքի ղեկավար շրջանակներին անհանգստացնող ձայն է դուրս եկել, փորձ է արվել այդ ձայնը խեղդելու, իսկ եթե չի ստացվել, այդ անձի անունը պետական վերնախավին է «հանձնվել»։ Այսքան արկածներից հետո տեսնել, որ այս վերաբերմունքը դեռ որոշների համար ընդունելի արժեք է, տեսնել, որ շատ հանգիստ կերպով նման քայլեր են իրականացվում, ցավոք ապագայի՝ հայկական համայնքի ապագայի համար հույս չի ներշնչում։

Շատ լավ հիշում ենք, որ Հայաստանցի գաղթականների մասին Էրդողանի հայտարարությունից հետո («Անհրաժեշտության դեպքում կվտարենք») Շիրինօղլուն նորից Էրդողանի մոտ էր վազել և հանդիպման ավարտին էլ ասել․ «1915թ․ ցեղասպանություն չէ։ Երկու մոտ ընկերների անհաշտության է նման, իրար նեղացնելուն է նման»։

Շիրինօղլուն կարող է այդ կարծիքին լինել, սակայն դա որպես ամբողջ հայկական համայնքի տեսակետ ներկայացնելը և հայկական համայնքի անունից հանդես գալու պատրանքը, դա ցուցադրելը ոչ այլ ինչ է, քան այս հողերում հայերի իրականության հերքում։ Իրականում այն գիտակցումը, որ հայկական համայնքի ղեկավարները հնարավորության դեպքում Փայլանի վրա հարձակվող պատգամավորների շարքերում տեղ կգրավեին, մեզ համար շատ ծանր է, ձեզ համար միգուցե՝ ոչ։

Պատրիարքական ընտրությունների տարօրինակ իրադրությանն անդրադառնանք․․․ Բոլոր դադարներից հետո ընտրական գործընթացն ընթանում էր ընտրական գործընթացի ընթացակարգին համապատասխան՝ ինչպես որ պետք է լիներ։ Ի՞նչ իմաստ ուներ այս գործընթացը մեր ձեռքով նախագահական աթոռին հանձնելը և ընտրական օրացույցը «հանրաքվեին» կապելու հնարավորություն տալը։

Սրա փոխարեն ի՞նչ կարող էր լինել։ Գործընթացը կընթանար իր հունով՝ ինչպես հայտարարվել էր անցած շաբաթ։ Նահանգապետարանից պատասխան սպասելու կարիք չկար, անհրաժեշտ տեղեկությունը կփոխանցվեր, եթե պետական շրջանակներում խոչընդոտի հանդիպեր, այդ դեպքում բարձրաստիճան իշխանավորների դիմում կներկայացվեր։

Սակայն Շիրինօղլուի վերջին քայլով ընտրական գործընթացը պետությանը և նրա հայեցողությանը նվիրաբերվեց։ Անդադար թափանցիկությունից ենք խոսում։ Սակայն մեր դրությունն էլ ակնհայտ է։ Պատրիարքական ընտրություններն անգամ ինքնուրույն իրականացնել չկարողացող, յուր զավակներին պետության առաջ սևացնող մի համայնք ենք, ավելի ճիշտ՝ համայքի ղեկավար շրջանակներ։

Այս մարդիկ անցած 100 և հատկապես 10 տարիներից դաս չե՞ն քաղում։



Yazar Hakkında

Միրան Մանուկյան