Ստամբուլի Ֆերիքյոյ հայկական եկեղեցում կիրակնօրյա պատարագի մասնակիցներից մեկը թուրքական կառավարության կողմից պատրիարքական փոխանորդի պաշտոնում վերահաստատված Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի դեմ իր բողոքն աղոթքով է արտահայտել, որից հետո հայտնվել է ոստիկանությունում։
Փետրվարի 11-ի Ստամբուլի Ֆերիքյոյ հայկական եկեղեցում կիրակնօրյա պատարագը Պոլսո պատրիարքական փոխանորդ, Արամ արքեպիսկոպոս Աթեշյանն է անցկացրել։ Պատարագին ներկաներից Բեսսե Քաբաքը, Աթեշյանի դեմ իր բողոքն արտահայտելու համար, սկսել է Աստվածաշնչից «Տեր Ողորմյա» աղոթքը բարձրաձայն ընթերցել։ Աղոթքով իր բողոքը հայտնող Քաբաքը դուրս է բերվել եկեղեցուց, ապա բերման ենթարկվել Ֆերիքյոյի ոստիկանական բաժին։ Քաբաքի բողոքը պայմանավորված է Ստամբուլի նահանգապետարանի կողմից Պոլսո հայոց պատրիարքական ընտրությունների գործընթացի կասեցման և արքեպիսկոպոս Արամ Աթեշյանին՝ պատրիարքական գլխավոր փոխանորդ վերաճանաչելու հանգամանքի հետ։
Բեսսե Քաբաքը դուրս է բերվել եկեղեցուց։ Ոստիկանները նրան միառժամանակ սպասեցրել են եկեղեցու բակում, ապա բերման ենթարկել ոստիկանություն։ Ֆերիքյոյի ոստիկանական բաժանմունքում Քաբաքին ասել են, որ նա իրենց «հյուրն» է և սպասեցրել գրեթե մեկ ժամ։ Այնուհետև Բեսսե Քաբաքը արձանագրություն է ստորգարել և ազատ արձակվել։
Ստամբուլի նահանգապետարանն ավելի վաղ՝ փետրվարի 5-ին, նամակ էր ուղարկել Պոլսո հայոց պատրիարքարան՝ հայտնելով, որ չի ճանաչում Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանին որպես պատրիարքական տեղապահ։ Ստամբուլի փոխնահանգապետ Իսմայիլ Գյուլթեքինի ստորագրությամբ նամակում ընդգծվում էր Մութաֆյան պատրիարքի կենդանության փաստը՝ նշելով պատրիաքրական ընտրությունների համար համապատասխան պայմանների բացակայության մասին։ Նույն նամակում նշվում էր, որ թուրքական իշխանությունները շարունակում են Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին ճանաչել որպես պատրիարքական գլխավոր փոխանորդ։
Փետրվարի 9-ին Պոլսո հայոց պատրիարքարանի Կրոնական ժողովը որոշում է կայացրել առ այն, որ արքեպիսկոպոս Աթեշյանը շարունակելու է պաշտոնավարել որպես պատրիարքական գլխավոր փոխանորդ։ Ժողովից հետո արված հայտարարության համաձայն՝ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը հրաժարվել է մասնակցել ժողովին։ Հիշեցնենք, որ 2017թ․ մարտի 15-ին նույն Հոգևոր խորհուրդը Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանին ընտրել էր որպես պատրիարքական տեղապահ։