ԾՈՎԻՆԱՐ ԼՈՔՄԱԿԷՕԶԵԱՆ
dzovinarlok@gmail.com
Ըստ սուֆիզմի, որն իսլամի կրօնամիսթիկական տեսութիւն է, գոյութիւն ունի իմացութեան չորս աստիճաններ։ Առաջինը ընկալում է աշխարհը հինգ զգայարաններով եւ գիտակցութեամբ ու հասանելի է իւրաքանչիւրին։ Այդ տեսակի իմացութեան խորհրդանիշը ջուրն է։ Երկրորդ տեսակը կապուած է երեւակայութեան հետ եւ ի վիճակի է ստեղծել արուեստ ու գրականութիւն հնչիւնների, խօսքերի, գոյների միջոցով։ Երկրորդ աստիճանի իմացութեան խորհրդանիշը կաթն է։ Երրորդ ընկալման աստիճանը կապուած է մարգարէների եւ սուֆիզմի առաջնորդների փորձի հետ եւ ամէն մարդու հասու չէ։ Պէտք է հոգեւոր զարգացման ճանապարհ անցնել, որովհետեւ սովորական զգայարաններով հնարաւոր չէ դա ընկալել։ Երրորդ աստիճանի ընկալումը խորհրդանշում է մեղրը։ Վերջապէս չորրորդ աստիճանը դա բարձրագոյն իրականութեան ընկալման ապրումն է, որի խորհրդանիշն է գինին, քանզի այն թոյլ է տալիս անցնել «Ես»ի սահմանները։ Մարդկութեան զգալի մասը առաջին աստիճանի իմացութեան մակարդակից անդին չի անցնում։
Հայաստանի ազգային պատկերասրահում
Ի՞նչ անել՝ հոգեւոր աստիճաններով գոնէ մի քիչ բարձրանալու համար։ Կապ հաստատել արուեստի իսկական գործերի հետ եւ այցելել թանգարանները ոչ միայն թանգարանների օրը, երբ բոլոր դռները բացւում են եւ մարդիկ խելակորոյս շտապում են մի թանգարանից միւսը առանց շունչ քաշելու…
Մարտի 11-ին պատկերասրահում բացուեց «Իրանական Մանրանկարչութիւն» ցուցահանդէսը՝ Իրանի Իսլամական Հանրապետութեան Դեսպանութեան Մշակոյթի Կեդրոնի նախաձեռնութեամբ։ Կարծում էինք ժամանակակից նկարիչների գործեր կը տեսնենք. նկարիչների միջին տարիքը 30-40 էր։ Սակայն ամէն մի նկարի հետեւում հարիւրաւոր տարիներ էին կանգնած, որովհետեւ նկարիչները տիրապետում էին դեռեւս միջնադարում մշակուած մանրանկարչութեան թեքնիկային, որի ծաղկումը իրանական արուեստն ապրեց 15-16-րդ դարերում։ Փաստօրէն ժամանակակից մանրանկարը հետաքրքիր է նրանով, որ այն ցուցադրում է դարեր առաջ մշակուած վարպետութեան անփոփոխութիւնը։ Կայութիւնը։ Այցելուները չէին կարող հանգիստ դիտել նմոյշները, որոնց գեղեցկութիւնը ապշեցնում էր։ Նրանք շարունակ բացականչում էին «Ի՛նչ գունեղ է»,«Ի՛նչ գեղեցիկ է», «Ինչպիսի՛ գունային զգացողութիւն»։ Յիրաւի գեղեցիկի նուիրեալներ էին իրանական վարպետները։ Մի քանի անուններ թուարկեմ. Սարա Ահամիրի, Մեհդի Զոհրապի, Մոհսէն Ահամիրի, Նուշին Նազարի, Լեյլա Ապպասի, Ռոյա Քազերունի, Սելինա Փուրիա, Բահման Շարիֆի, Ամիր Թահմասբի…։ Մարդիկ նայում-նայում եւ չէին կարողանում հեռանալ, կրկին գալիս էին, կրկին շրջում եւ խորանում մանրամասների մէջ եւ հետզհետէ սկսում էին ջոկել թեմաները, զարդանախշերի եղանակները, հերոսների փառաբանումը, պոէմների, առասպելների մեկնաբանումը… Յաճախ հանդիպող եղանակներից էր «Ծաղիկ եւ թռչունը», արեւանման զարդանկարի տեսակ՝ շամս, իրանական նկարչական եղանակ՝ թաշիկ։ Սելինա Փուրիայի «Խայյամական» –ը անդրադառնում էր Օմար Խայյամին (1048-1131)։ Աշխարհը նրան ճանաչում է որպէս բանաստեղծ, ինչպէս Լէոնարտօ Տա Վինչիին՝ որպէս նկարիչ (1452-1519)։ Իսկ Խայյամը առաջին հերթին մաթեմաթիկոս էր, աստղագէտ, տոմարագէտ, փիլիսոփայ։ Նա մշակել էր ճշգրիտ օրացոյց, սակայն մարդկութիւնը հազուադէպ է անդրադառնում Խայյամի կամ Լէոնարտօի գիտական յայտնագործութիւններին եւ գիւտերին։ Եւ մինչ Փարիզեան Լուվրի այցելուները ջանում են իրենց հեռախօսների մէջ յաւերժացնեն Մոնա Լիզայի առեղծուածային ժպիտը, Խայյամի քառեակներով ողողուած է ժամանակակից միտքը։ Ահա մի օրինակ Խայյամի իմաստութեան պահարանից.
Նրանք, ովքեր սաւառնեցին իմացութեան ոլորտներում,
Որ մոմի պէս լոյս սփռեցին իմաստութեան ոլորտներում,
Ելք չգտան մութ գիշերից ու քուն մտան պատրանքներով,
Մի առասպել լոկ հիւսեցին իմացութեան ոլորտներում։
Ինչ վերաբերւում է իրանական ցուցահանդէսին, ապա դա առաջին հերթին իմաստութեան ցուցահանդէս է։ Իմաստութիւն, որը մատուցուած է գեղեցիկի լեզուով։ Վառ գոյներով փայլատակող, որի գլխաւոր իմաստը հետեւեալն է. արուեստը տօն է, մի՛ խուսափէք այդ տօնից։