ՐԱՖՖԻ
Բ
Մի տղամարդ գալիս էր Վանից դէպի Աղբակ բերող ճանապարհով։ Դուրս գալով Խոշաբի ձորից, նա արդէն հասել էր Չուխայ Գագիկ կոչուած լեռնային անցքը։ Տղամարդը մենակ էր։ Նա գալիս էր ոտով, եւ այնքան արագընթաց, կարծես, մի բան շտապեցնում էր նրան։
Դա մի երիտասարդ էր, որի տարիքը դեռ նոր էին մօտենում երեսունի։ Դէմքը գորշ-դեղնագոյն էր, լերկ եւ բոլորովին անմազ այտերը ցամաք էին, իսկ ծնօտը զգալի կերպով դուրս էին ցցուած։ Բարակ եւ նոյնպէս գորշագոյն շրթունքի միջից շատ անգամ երեւում էին ձիւնի պէս սպիտակ ատամները. այսպիսի ատամներ ունենում են միայն նեգրերը։ Գլուխը պատած էր սեւ գանգրաւոր մազերով, որ թափւում էին արեւից այրուած մերկ պարանոցի վրայ։ Ճակատի վրայ երեւում էր մի խոր սպի, որ տալիս էր նրա վայրենի դէմքին մի ահաւորութիւն։ Բայց չնայելով իր այլանդակութեանը, այդ այրական դէմքը ունէր իր յատուկ գեղեցկութիւնը, որ արտայայտում էր կտրճութիւն, համարձակութիւն եւ կատաղի անգթութիւն։
Երիտասարդը բարձրահասակ էր, ցամաք եւ նիհար, բայց զարգացած ոսկորներով եւ ամուր մկանային կազմուածքով։ Նա հագնուած էր քուրդի ձեւով եւ գտնւում էր կատարեալ զինավառութեան մէջ։ Ասիական հրացանը, կեռ թուրը, մի զոյգ ատրճանակներ, թիկունքի վրայ ձգած ահագին երկաթեայ վահանը եւ երկայն նիզակը կազմում էին, կարծես, նրա մարմնի մի-մի անդամները։
Նա գնում էր, եւ երբեմն կանգ առնելով, լի մտախոհութեամբ նայում էր իր շուրջը։ Լեռների կանաչազարդ պատկերները չէին, որ գրաւում էին նրան. նա գեղասէր ճաշակ եւ բնութեան հրապուրանքը զգալու ընդունակութիւն չունէր։ Բայց նա զարմանում էր, տեսնելով, որ իր ծանօթ լեռները բոլորովին դատարկ էին։ Տասն օր հազիւ կը լինէր, որ նա մի անգամ եւս անցել էր նոյն ճանապարհով, այն ժամանակ այդպէս չէր, այն ժամանակ բոլորովին ուրիշ տպաւորութիւն էին գործում այն գեղեցիկ լեռները։— Խոտաւէտ արօտներում արածում էին ոչխարների հօտեր, ձորերի մէջ կազմուած էին խաշնարած հայերի վրաններ, եւ հովիւների սրինգը հեռուից հնչւում էր թռչունների առաւօտեան ձայների հետ։ Այն ժամանակ հովիտների եւ լեռնադաշտերի վրայ հողագործ հայը, իր սովորական երգը երգելով, վարում էր եւ կամ հնձում էր։ Մի խօսքով, մարդը բնութեան հետ միանալով անընդհատ քաղցր աշխատութեան մէջ էին։ Իսկ ա՞յժմ։ —Այժմ ամէն գործ դադարել էր. ոչ մի հոգի եւ ոչ մի շունչ չէր երեւում. նոյնիսկ ճանապարհը, որով գնում էր նա, թափուր էր մնացած յաճախ անցուդարձ անող կարաւաններից։ Ի՞նչ էր պատճառը։ Կարծես մի չար եւ ոչնչացնող ձեռք անցել էր այն ընդարձակ տարածութեան վրայով, իր հետքից թողնելով ակերակներ եւ ամայութիւն...
Երիտասարդը զգաց սարսուռի նման մի բան, եւ նրա արեւից այրուած գորշ դէմքը գունաթափուելով, ստացաւ մուգ դեղնապղնձի գոյն։ Երկիւղը չէր, որ այնպէս վրդովեց նրան, երկիւղ ասած բանը ծանօթ չէր նրա երկաթի սրտին։ Բայց նրա մէջ վառուեց մի կիրք, որ աւելի նման էր կատաղի բարկութեան։
Ճանապարհը այժմ ոլոր-մոլոր պտոյտներով բարձրանում էր դէպի սարի զառիվերը. Գագաթից երեւացին նրան նիզակների սուր-սուր ծայրեր, եւ փոքր ինչ ցած իջնելով, տեսաւ, որ իր առջեւը գնում էին մի խումբ ձիաւորներ։ Երեւի, ձիաւորներն նոյնպէս տեսան նրան, որովհետեւ կանգնեցին, մինչեւ կը հասնէր մենաւոր ճանապարհորդը։ Բայց դեռ մէջտեղում բաւական տարածութիւն կար։
Երիտասարդի ուշադրութիւնը գրաւեց մի բան. նա նկատեց, որ ձիաւորները քրդեր էին, նրանք երգում էին եւ ուրախ էին, որպէս կռուողներ, որ վերադառնում էին յաղթանակով։ Նրա աչքերը այնքան սովորած էին այս բարբարոս ժողովրդի ցոյցերին, որ ամենաչնչին երեւոյթից կարող էր շատ բաներ գուշակել։ Այս պատճառով արիւնը զարկեց նրա գլխին, երբ տեսաւ, որ նրանց նիզակների ծայրերին դրօշակների նման ծածանւում էին շորի կտորներ։ Հմուտ աչքը առաջին անգամից կարող էր նկատել, թէ դրանք կնոջ հագուստներ էին, եւ այն ստորին հագուստը, որ համեստութիւնը միշտ հեռու է պահում տղամարդի աչքերից...
Դա բարբարոսութեան ամենախայտառակ մի ցոյցն է, որ պարկեշտ կանանց ողջախոհութիւնը բռնաբարելուց յետոյ, դեռահաս կոյսերի անմեղութիւնը խախտելուց յետոյ, չարագործը, որպէս պարծանք իր անբարոյականութեան, որպէս յաղթանակի նշան, — նրանց ամօթով ծածկոյթը ցցում է իր նիզակի գլխին, ցոյցը տալու համար, թէ ինքը խղճի եւ ազնւութեան դէմ մի գործ է
կատարել...
Երիտասարդը իր վրդովմունքը զսպելով, մօտեցաւ խմբին, եւ պահպանելով իր ծպտեալ դերը, տուեց սովորական ողջոյն քրդերէն լեզուով.
— Բարի՜ ճանապարհ։
— Բարի՛ ճանապարհ եւ քեզ, — պատասխանեցին նրան, հարցնելով.
— Որտեղի՞ց այսպէս։
Երիտասարդը իր նիզակը նեցուկ տալով մարմնին, կանգնեց, պատասխանելով.
— Վանից:
— Ի՞նչ կայ, ո՞ւր էք գնում։
— Գնում եմ Բաշ-Կալա1։ Փաշայից նամակ եմ տանում Մուդուրին։
Քրդերը խորհրդաւոր կերպով նայեցին մինը միւսի երեսին,
— Դուք ո՞ւր էք գնում, —հարցրեց երիտասարդը։
— Գաւուրների դէմ, —ասաց նրանցից մէկը, —Շէյխը կանչել է։ Գնում ենք կռուելու։
— Որպէս երեւում է, դուք ձեր առաջին քաջութիւնը փորձել էք այդ ողորմելի շորի կտորների վրայ... —ասաց երիտասարդը հեգնական ծիծաղով։
— Այդ մի փոքրիկ որս էր, որ պատահեց մեզ ճանապարհի վրայ. մեր եղբայրները այրել էին մի հայոց գիւղ, բայց կանայքը փախել էին մերձակայ լեռան վրայ...
Նրանցից պրծան, ձեր ձեռքը ընկան... —կտրեց երիտասարդը քրդի խօսքը։
Քրդերից մէկը կասկածաւոր կերպով հարցրեց.
— Դու ո՞րտեղացի ես։
— Սիպան լեռներից, Հէյդարանլի ցեղիցն եմ, —ասաց երիտասարդը նոյն ցեղին յատուկ բարբառով։
— Հէյդարանլիները չե՞ն գնում։
— Նրանք պիտի գնան իրանց Շէյխի առաջնորդութեամբ. Հէյդարանլին չէ խառնւում Շիկակների, Ռաւանդների եւ Բիլբաստների հետ2, որոնց պիտի տանէ Շէյխ Ջալալեդդինը։
Հպարտ Հէյդարանլիի խօսքերը թէեւ բաւական վիրաւորական էին իր խօսակիցներին, որոնք Ռաւանդների ցեղին էին պատկանում, բայց նայելով նրա վրայ, որպէս մի պաշտօնական մարդու վրայ, որ Փաշայից նամակ էր տանում Բաշ-Կալայի մուդուրին, ոչինչ չպատասխանեցին։
Երիտասարդը խօսքը շուռ տալով, եւ որպէս ինքն իրան խօսելով, ասաց.
— Այդ ի՞նչ վատ երկիր է, ինձ առաջին անգամն է պատահում այստեղ լինել. մի՞թէ այս սարերում հովիւներ եւ գիւղեր չկան. սովից մարեցայ, ոչինչ չես գտնում ուտելու։
- Կային, — պատասխանեցին նրան, —այս կողմերում ֆլայներ (հայեր) էին բնակւում, բայց մի օր առաջ անցել են այստեղից Հարքիները3 եւ ոչինչ չեն թողել։
Երիտասարդի մթին դէմքը աւելի մռայլուեցաւ, եւ աշխատելով սառնասիրտ ձեւանալ, հարցրեց.
— Ուրեմն դուք դատարկաձե՞ռն մնացիք։
— Աստուած ողորմած է, — ասացին նրան, — մինչեւ Բայազեդ հասնիլը որսեր շատ կը պատահեն...
— Թո՛ղ Աստուած յաջողէ... — պատասխանեց երիտասարդը եւ կամենում էր շարունակել իր ճանապարհը։
Քրդերից մէկը հանեց իր ձիու թամբին կապած խուրջինից մի կտոր հաց եւ պանիր, տուեց նրան ասելով.
- Կե՛ր, դու ասացիր, որ քաղցած ես, մինչեւ Բաշ-Կալա դեռ շատ պիտի գնաս։
Տղամարդը շնորհակալութիւն յայտնեց։ Աւազակների խումբը հեռացաւ։
Այժմ նա հասկացաւ այն ամայութեան պատճառը, որ քանի րոպէ առաջ վրդովում էր նրան. Այժմ նա գիտէր, թէ ինչ էր պատահել իր անցած երկրների վրայ։
Քրդից ստացած կերակուրը նա մի կողմ ձգեց եւ շարունակեց գնալ։ Իրաւ որ նա քաղցած էր, ամբողջ օրը ոչինչ չէր կերել, բայց քաղց չէր զգում։ Լինում են րոպէներ, որ մարդ կերակրւում է իր սիրտը մաշելով եւ սպառելով. -երիտասարդը այդ դրութեան մէջ էր։
1Աղբագ գաւառի բերդաքաղաքն է։
2Քրտերի ամենաբարբարոս ցեղերի անուններ են, որ բնակում են Պարսկաստանի սահմանների վրայ։
3Քրտերի մի վայրենի ցեղ է, որ բնակւում է Տիգրիսի վերի ճիւղերի մօտ եւ տարածւում է մինչեւ Մուսուլ։