Ընթերցողների նամակներն ‹‹Ակօս››-ին՝ 20-րդ տարելիցի կապակցությամբ

‹‹Ակօս›› շաբաթաթերթը, որը սկսել է լույս տեսնել 1996թ. ապրիլի 5-ից, արդեն 20 տարեկան է: Ցանկանում ենք, որ շաբաթաթերթի 20-րդ տարելիցը առիթ դառնա՝ մեր ընթերցողներին, բարեկամներին հանդիպելու: Նախ նշենք, որ շաբաթաթերթի էջերը հասանելի ենք դարձնելու մեր ընթերցողներին: ‹‹Ակօս››-ին պատմե՛ք ‹‹Ակօս››-ի մասին: Մեզ ուղարկեք ձեր ակնկալիքները, քննադատություններն ու առաջարկները: Մեկ տարի շարունակ շաբաթաթերթի ‹‹20-րդ տարելիցի նամակները›› սյունակում հրատարակելու ենք ձեր նամակները, որոնք կարող եք ուղարկել agosamektup@agos.com.tr էլ-հասցեին:

Մեր ընթերցողներն առաջնային են մեզ համար: Ձեզ խնդրում ենք գրել, թե ինչ տեղ ունի ‹‹Ակօս››-ը ձեր կյանքում, ինչ փոփոխություններ է բերել իր հետ: Ինչպես նաև մեզ փոխանցեք ձեր ակնկալիքները, քննադատություններն ու առաջարկությունները: Այս ամենի համար հատուկ էլ-հասցե է գործելու՝ agosamektup@agos.com.tr :

Մեկ տարի շարունակ ձեր ուղարկած նամակները տեղ են գտնելու շաբաթաթերթի՝ ‹‹20-րդ տարելիցի նամակները›› սյունակում: Նամակների երկարության համար սահմանափակում չկա, սակայն խնդրում ենք փորձել տեղավորել այն 3.000 հարվածի շրջանակներում: Կարևորություն ենք տալիս այս նամակներին: Ցանկանում ենք ‹‹Ակօս››-ի 20-րդ տարելիցը մեր ընթերցողների, բարեկամների հետ կերտել: Խնդրում ենք, մի՛ կաշկանդվեք առաջարկություններ անելուց և/կամ քննադատելուց: Բոլոր նրանք, ովքեր համակարգիչ և էլ-հասցե չեն օգտագործում, կարող են ավանդական նամակի միջոցով մեզ ուղարկել իրենց քննադատություններն ու առաջարկությունները: Խնդրում ենք նամակների վրա՝ հասցեի հետ մեկտեղ գրել ‹‹20-րդ տարելիցի նամակները››: Մի խոսքով՝ մեծ ոգևորությամբ սպասում ենք ձեր նամակներին:

‹‹Ակօս››-ը 20-րդ տարելիցի առթիվ նաև միջոցառումների շարք է կազմակերպելու: Այս 20 տարիներից 9-ը անցել են առանց Հրանտ Դինքի: Հրանտ Դինքին մեզանից խլեցին, սակայն տեսնում ենք, որ նրա խոսքը տարիների ընթացքում գնալով ավելի է տարածվում, հզորանում: Մենք էլ որոշել ենք միջոցառումների, քննարկուների շարք կազմակերպել: Միջոցառումների ընթացքում քննարկվելու են այն թեմաները, որոնք միշտ գտնվել են Հրանտ Դինքի և  ‹‹Ակօս››-ի ուշադրության կենտրոնում: Սկսել ենք նախապատրաստություններ իրականացնել մեկ տարվա ընթացքում պարբերաբար իրականացվելիք քննարկումների, հարցազրույցների համար: Քննարկվելիք թեմաների շարքում են Թուրքիայում փոքրամասնությունների իրավական կարգավիճակը, փոքրամասնությունների դպրոցներն ու կրթությունը, հայ համայնքի ներկայացուցչության հարցում ծագած խնդիրները, Թուրքիա-Հայաստան հարաբերությունները, հայ երիտասարդների ակնկալիքները, հայոց լեզվի ապագան, Անատոլիայում հայ մշակութային ժառանգությունը ևն: Ավելի ուշ ձեզ ենք ներկայացնելու մանրամասները:

Թուրքիայի հայ համայնքը և փոքրամասնությունները, իսկ ավելի ճիշտ՝ նրանք, ում դարձրել են փոքրամասնություն, շատ խնդիրներ ունեն: Այս խնդիրների մի մասը գալիս է հենց փոքրամասնություն դարձվելուց, որի հետևանքով իրավական խնդիրներ և անորոշություններ են առաջացել: Մի մասն էլ ծագում է համայնքների կառուցվածքից, ներկայաուցչության խնդիրներից և ապագան կանխատեսելու կարողության բացակայությունից: 20 տարի շարունակ փորձել ենք այս խնդիրների համար հարթակ ծառայել և մեր խոսքն ասել այդ խնդիրների շուրջ: Փորձելու ենք մեր առաքելությունը նաև հետագայում շարունակել: Սա, իրականում, Հրանտ Դինքին տված մեր խոսքն է: Եկե՛ք միասին գործենք:

Ակօս