Թուրքիայում դատախազի պահանջով դատարան ներկայացած ակադեմիկոսներ Էսրա Մունգանը, Քըվաչ Էրսոյը և Մուզաֆֆեր Քայան ձերբակալվել են։
«Ակադեմիկոսները հանուն խաղաղության» նախաձեռնության Ստամբուլի խմբի անունից հանդես եկող երեք ակադեմիկոս ընթերցել էին հայտարարություն, որով նշվում էր, որ իրենք դեռ շարունակում են խաղաղություն պահանջել։ Նշված երեք ակադեմիկոսները բերման են ենթարկվել, որից հետո դատարանի որոշմամբ ձերբակալվել են։
Դատարան ներկայացած ակադեմիկոսներ Էսրա Մունգանի, Քըվանչ Էրսոյի և Մուզաֆֆեր Քայայի գործի լսումը երեկ՝ ժամը 17։45-ի սահմաններում է տեղի ունեցել։ Լսմանը միայն իրավաբաններին է իրավունք տրվել ներկա գտնվել։
Դատարանը որոշում է կայացրել ձերբակալել ակադեմիկոսներին՝ «աhաբեկչական կազմակերպության պրոպագանդայի» մեղադրանքով։ Ակադեմիկոսների դատապաշտպան Մերիչ Էյուբօղլուն նշել է․ «Եվս մեկ անգամ օրենքի բացակայությանն ականատես եղանք»։ Նա նշել է, որ դատարանի որոշումը բողոքարկելու են։
Դատարանի առջև ակադեմիկոսների դատապաշտպանների անունից հանդես եկող Մերիչ Էյուբօղլուն իր ելույթում ասել է․ «Ամեն ինչ արեցինք այս գործընթացի վրա իրավական տեսանկունից ազդելու համար։ Մեր պաշտպանյալները վկայություն տվեցին։ Նմանօրինակ որոշումները ներկայացրեցինք, իրավական հիմնավորումները քննարկեցինք, սակայն մեկ անգամ ևս օրենքի բացակայությանն ականատես եղանք։
Սույն որոշումը քաղաքական է։ Բերման ենթարկելու որոշումն էլ էր քաղաքական։ Պաշտպանյալներն իրենց կամքով են ոստիկանություն գնացել։ Կարիք չկար նրանց նկատմամբ որևէ գործողություն իրականացնելու։ Նրանց հասցեները, աշխատավայրերը հայտնի են, նրանք միշտ հասանելի են։ Չնայած սրան՝ բերման ենթարկելու որոշում է կայացվել։ Ապա նույն ձևով՝ իրավական հիմք չունեցող, չարդարացված կերպով ձերբակալման որոշում է կայացվել»։
Նա նաև շեշտել է, որ բողոքարկելու են՝ ևս մեկ անգամ կրկնելով այն, որ այս որոշումը իրավական հիմք չունի։