Հրանտ Դինքի սպանության գործով կազմված մեղադրական եզրակացության հավելվածի մեջ տեղ գտած մի փաստաթղթից հայտնի է դառնում, որ 2011թ․ Թուրքիայի ազգային հետախուզական ծառայությունը (Milli İstihbarat Teşkilatı) հետևել է հայ, հույն և մյուս ոչ մահմեդական խմբերին և արդյունքները գրանցել «Էթնիկ անջատողական գործողություններ» վերնագրի ներքո։
Թուրքիայի ազգային
հետախուզական ծառայությունը (այսուհետ
ԱՀԾ) Դինքի սպանության
գործում զարգացումների
մասին տեղեկությունները նույնպես ներառել
է այս փաստաթղթի մեջ՝ «հայկականության
գործողություններ» ենթավերնագրով։ Այս
զեկույցից ակնհայտ է դառնում, որ հսկվել
են ոչ մահմեդական համայնքների և մի շարք
օրինական հասարակական կազմակերպությունների
ընթացիկ աշխատանքները, և դրանց առնչվող
պարբերական զեկույցներ են ներկայացվել։
Գաղտնի փաստաթուղթ
Մարտի 1-ից 30-ն ընկած ժամանակահատվածը ներառող այս գաղտնի տեղեկագիրը, որն ուղարկվել է Ոստիկանության գլխավոր տնօրինության և ոստիկանական մյուս ստորաբաժանումներ, տվյալ ժամանակահատվածում հայերի, հույների, ասորիների և մյուս ոչ մահմեդական խմբերի գործունեության մասին զեկույցներ է ներառում։ Թուրքական գաղտնի ծառայությունների տեղեկագրերի մասին հայտնի է դարձել Դինքի սպանության գործի թղթապանակից։ Մինչ այդ Հրանտ Դինքի սպանության գործով դատավարության և հետաքննության ընթացքում Թուրքիայի ԱՀԾ-ն տեղեկացրել էր, որ իրենց մոտ Հրանտ Դինքի մասին ոչ մի տեղեկություն և փաստաթուղթ չկա։
Փաստաթուղթը ներառում է զեկույցներ մի շարք կազմակերպությունների մասին, որոնցից է նաև Քրդական աշխատավորական կուսակցությունը (ՔԱԿ-PKK)։ Զեկույց է կազմվել նաև Ֆրանսիայում, Գերմանիայում, Ադրբեջանում և Ուկրաինայում ՔԱԿ-ի գործունեության մասին։
Զեկույցներում նաև ալևիների հետ կապված զարգացումներին է անդրադարձ կատարվում։
Էթնիկ պառակտիչ գործողություններ
Բացահայտված զեկույցում ամենաուշագրավը «Այլ էթնիկ անջատողական գործողություններ» բաժինն է։ Այս բաժնում հայերի, հույների և ասորիների մասին վերնագրեր կան։ Հայերի մասին բաժնի՝ «Երկրի ներսում կարևոր զարգացումներ» ենթաբաժնում ներկայացվում է Դինքի դատավարության հետ կապված զարգացումները։
Զեկույցն այսպես է շարադրված․
«ԱԳՕՍ թերթի շենքի դիմաց 19/01/2007-ին զինված հարձակման հետևանքով զոհված «ԱԳՕՍ» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով դատավարության 17-րդ նիստը տեղի է ունեցել 28/03/2011-ին Ստամբուլի 14-րդ ծանր հանցագործությունների գործով դատարանում։ Նշված նիստի ժամանակ որոշվել է․ «Ձերբակալված կասկածյալներ Էրհան Թունջելի և Յասին Հայալի տեղափոխության դեպքում պաշտպանության միջոցները կարող են անբավարար լինել, ուստի նրանց ձերբակալությունը շարունակվում է նույն պայմաններում, իսկ նիստը հետաձգվում է մինչև 30/05/2011-ը»։
Նաև նշվում է, որ 08/03/2011-ին վճարվել է 105 հազար եվրո փոխհատուցումը, որը Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) պարտավորել էր Թուրքիային վճարել՝ Հրանտ Դինքի կյանքի իրավունքը և խոսքի ազատությունը խախտելու և սպանությունից հետո արդյունավետ հետաքննություն չիրականացնելու համար։
Սրա հետ կապված նշվում է․ «Իմացել ենք, որ նշված փոխհատուցումը Դինք ընտանիքը հավասարապես բաշխել է Համայնքային կամավորնեի միությանը՝ կրթության համար օգտագործելու նպատակով, Հրանտ Դինքի անվան կրթաթոշակային ֆոնդին, «Նոր Զարթոնք»-ին, Կեդրոնական վարժարանին՝ Թուրքիայում հայերեն կրթություն ապահովելու և Գեդիկփաշա բողոքական եկեղեցուն՝ Թուրքիայում գտնվող հայաստանցի երեխաների կրթական հարցերին օժանդակելու համար»։
Իսկ «Արտասահմանում կարևոր զարգացումներ» բաժինը տեղեկություններ է պարունակում Թուրքիայի սահմաններից դուրս գործունեություն ծավալող հայկական հասարակական կազմակերպությունների մասին։
Զեկույցում անդրադարձ հայկական սփյուռքին
Զեկույցում տեղեկություններ կան հայկական սփյուռքում «1915թ․ միջադեպի մասին հայերի պնդումների առնչությամբ Թուրքիայի դեմ իրականացված գործողությունների մասին», որում անդրադարձ է կատարվում ԱՄՆ-ում, Բուլղարիայում, Հայաստանում,Ֆրանսիայում, Հոլլանդիայում, Իրանում, Իսպանիայում, Շվեյցարիայում, Իտալիայում, Լիբանանում և Սիրիայում իրականացվող տարբեր միջոցառումներին, ինչպես օրինակ՝ «1915թ․ միջադեպի մասին հայերի պնդումների» և այդ պնդումների ժխտումը քրեականացնող բանաձևերը սենատ ներկայացելու նախապատրաստական աշխատանքներին, հուշարձանի բացմանն ուղղված նախաձեռնություններին, ցուցահանդեսի կազմակերպմանը, թռուցիկներ բածանելուն, պաստառներ կախելուն, մշակութային օրացույցին ապրիլի 24-ի ավելացմանը՝ որպես պաշտոնական հիշատակի օր, ժողով կազմակերպելուն, բողոքի երթ կազմակերպելուն, ստորագրահավաք կազմակերպելուն, գիտաժողով և կինոդիտումներ կազմակերպելուն։
Այս բաժնում ներկայացված է նաև ԱՄՆ-ում գործող որոշ հայկական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների՝ «ԱԳՕՍ»-ին արած հայտարարություները։
Հունաց պատրիարքարանն էլ են հետևել
Զեկույցի «անջատողական գործողություններ» բաժնում նաև հույների մասին տեղեկություններ կան, որում ներկայացվում է Հունաց տիեզերական պատրիարքարանի աշխատանքները և 2011թ․ մարտ ամսվա ընթացքում «Սեն Սինոդ» խորհրդի ժողովների ընթացքում ընդունված որոշումները։
«SEYFO-ն առաջնային նշանակություն ունի»
Ասորիներին առնչվող բաժնում ներկայացված են եվրոպական երկրներում ասորիների ցեղասպանության ճանաչմանն ուղղված ասորական հասարակական կազմակերպությունների նախաձեռնությունները(զեկույցում՝ SEYFO), ինչպես նաև նշված է, որ այս թեման «առաջնային նշանակություն» ունի։
Բողոքական համայնք
Թուրքական ԱՀԾ զեկույցի ամենաընդարձակ բաժիններից է «միսիոներություն»-ը։ Այս բաժնում մանրամասնորեն ներկայացվում է բողոքական համայնքի աշխատանքները։ Այն հոգևորականների արտասահման մեկնման տարեթվերի, հոգևորականների փակ ժողովների, հոգևորականների միջև պաշտոնների բաշխման և բողոքական համայնքի հոգևորականների փակ էլեկտրոնային խմբում տեղ գտած նամակների, էլեկտրոնային խմբերի անդմաների, պատարագների ընթացքում հնչածեցված թեմաների մասին մանրամասն տեղեկություններ է պարունակում։
Զեկույցում անդրադարձ կա նաև Եհովայի վկաների և մորմոնական համայնքի գործունեությանը։