Այսօր 5 տարեկան Հուսեյն Սելչուկը և 16 տարեկան Հուսեյն Էրթենեն սպանվել են Շըրնաքի Ջիզրե գավառում, որտեղ արդեն 15 օր է պարետային ժամ է հայտարարված և բախումներ են ընթանում։
Այսօր երկու երեխայի
մահվան լուր է եկել Շըրնաքի
Ջիզրե գավառից։ Դեկտեմբերի 14-ից գավառում
պարետային ժամ է հայտարարված։
«Դողան» (Doğan) լրատվական գործակալության տարածած տեղեկության համաձայն՝ Ջիզրեի Ջուդի թաղամասի Մերդան փողոցի տներից մեկի այգում խաղացող 5 տարեկան Հուսեյն Սելչուկը ծանր վիրավորվել է պարանոցին ստացած հրազենային վնասվածքից։ Երեխայի հարազատները փորձել են նրան հասցնել հիվանդանոց, սակայն վերջինս մահացել է հիվանդանոցի ճանապարհին։
Ոստիկանության ներկայացուցիչները պնդում են, որ անվտանգության ուժերը գործողություններ չեն իրականացնում Մերդան փողոցում։ Նշվել է, որ ըստ նախնական քննության՝ կալաշնիկով տիպի զինատեսակից արձակված փամփուշտն է Հուսեյն Սելչուկի մահվան պատճառ դարձել։
16 տարեկան Հուսեյնի աճյունը հիվանդանոց չի տեղափոխվել
«Դիհա» (DİHA) լրատվական գործակալության համաձայն՝ ոստիկանական հատուկ ջոկատների կողմից բացված կրակի հետևանքով կրծքավանդակին ստացած հրազենային վնասվածքից մահացել է 16 տարեկան Հուսեյն Էրթենեն։ Այս դեպքը նույնպես տեղի է ունեցել Ջուդի թաղամասում։
Էրթենեի համար դեռ շտապօգնության մեքենա չի ժամանել, և 16 տարեկան երիտասարդը դեռ Ջիզրեի պետական հիվանդանոց չի տեղափոխվել։
Ջիզրեում դեկտեմբերի 14-ից շարունակվող պարետային ժամի (փողոց դուրս գալու արգելք) ընթացքում 23 քաղաքացի է սպանվել, որոնց թվում է նաև 3 ամսեկան Միրայը։
Շըրնաքի Սիլոպի գավառում էլ է պարետային ժամը շարունակվում։ Ազգերի ժողովրդավարական կուսակցության (ԱԺԿ-HDP) Շըրնաքի պատգամավար Ֆերհաթ Էնջուն Twitter-ի իր միկրոբլոգում գրառում է թողել, որում ասվում է, որ Շըրնաքի պետական հիվանդանոցի դիահերձարանում մոտ 30 դիակ է սպասեցվում։