Հայաստանի ազգային պատկերասրահում։ Ի՞նչ կատարուեց մեզ հետ 100 տարի առաջ։ Արիւնահեղութիւն։ Այսօր մենք զոհի բարդոյթից ձերբազատւում ենք, փոխելով «արիւնահեղութիւն» հասկացութիւնը «արիւնառութիւն»ով։ Մեծի Տանն Կիլիկիոյ Արամ Ա. Կաթողիկոսի ասած «արիւնը աւիշը դարձաւ մեր կեանքին, տալով իմացեալ մահով նահատակուելու քաջութիւնը»։
ԾՈՎԻՆԱՐ ԼՈՔՄԱԿԷՕԶԵԱՆ
dzovinarlok@gmail.com
Ցեղասպանութեան թեման նոյնիսկ երգիծանկարիչները չշրջանցեցին, իսկ գեղանկարիչներն ու քանդակագործները հանդէս եկան ցուցադրութեամբ։
Հայաստանի ազգային պատկերասրահում։ Ի՞նչ կատարուեց մեզ հետ 100 տարի առաջ։ Արիւնահեղութիւն։ Այսօր մենք զոհի բարդոյթից ձերբազատւում ենք, փոխելով «արիւնահեղութիւն» հասկացութիւնը «արիւնառութիւն»ով։ Մեծի Տանն Կիլիկիոյ Արամ Ա. Կաթողիկոսի ասած «արիւնը աւիշը դարձաւ մեր կեանքին, տալով իմացեալ մահով նահատակուելու քաջութիւնը»։
70 տարի առաջ աւարտուեց Երկրորդ Աշխարհամարտը, որը նշւում է մեզ մօտ Մայիսի 9-ին որպէս Հայրենական Մեծ պատերազմի յաղթանակ։ Հայաստանը Սովետական Միութեան 15 հանրապետութիւններից մէկն էր, եւ պատերազմի սկզբին բնակչութեան թիւը կազմում էր 1 միլիոն 320.000 մարդ, որից 600.000-ը զօրակոչուեցին։ Գրեթէ կէսը զոհուեցին, այսինքն ամէն երկրորդը… Սովորաբար համեմատում են ամերիկացիների հետ, որոնց զոհուածների թիւը կազմեց աւելի քան 300.000։ Իսկ երբ համեմատում են Սովետական Միութեան միւս 14 հանրապետութիւնների հետ, ապա ստացւում է, որ ամենաշատ զոհեր տուել են հայաստանցիները։ Արդէն 23 տարի է, ինչ Մայիսի 9-ը Հայաստանում եռատօն է, որովհետեւ մի տօնը կրկնապատկուեց Շուշիի ազատագրման տօնով, դրան էլ գումարուեց Արցախի բանակի ստեղծման տօնը։ Ինչպէս տեսնում ենք, յաղթում է ազգի արիւն թափելու պատրաստակամութիւնը, քաջութիւնը, վերջապէս, ուժը։
2014-ին հայերէնով լոյս տեսաւ ռումինահայ գրող Վարուժան Ոսկանեանի «Շշուկների Մատեան» վէպը, որը 2009-ին Ռումինիայում արժանացել էր ակադեմիայի գրական գլխաւոր մրցանակին եւ համարուել համաշխարհային գրականութեան ամենակարեւոր գործերից մէկը։ Հենց այդ վէպում կարդացի ես արեան ուժի մասին.
«Արիւնը միսէն աւելիւ անհնազանդ է։ Յաղթանակը ուրիշներուն արիւնը թափելու ուժը չէ,-դա աւելի ճիշդ անտարբերութիւն կամ ոխ է,- այլ սեփական արիւնդ թափելու ուժը»։
Այժմ անդրադառնանք պատկերասրահի ցուցահանդէսին։ Անշուշտ արուեստագէտը փորձում է գտնել այն մի պատկերը, որն ամենացայտուն կերպով կը խօսի մեզ հետ կատարուածի մասին, եւ այստեղ ամէն մի հեղինակ ստեղծում է ցեղասպանութեան «կերպարը», որը յատկապէս քանդակի մէջ աւելի խօսուն ստացուեց։ Նարեկ Կնեազեանի քանդակում երկար սեղանի ծայրին վշտից կորացած տղամարդ է նստած։ Քանդակը կոչւում է «Վերջինը»։ Հայք Պետրոսեանը «Տէր Զօրի հերոսը» քանդակի մէջ պատկերում է մօրը իր զաւակի հետ. մահուան աչքերին նայելով, մանչը պարզում է ձեռքը, մերժելով մահը… Սարգիս Բաբաեանի «Յայտնութիւն», Մանուէլ Մաթէոսեանի «Դէպի Յաւէրժութիւն», Արփինէ Քեթցեանի «Երբեք չմոռացուեց» քանդակները խտացնում են իրենց մէջ եղելութիւնը եւ սրբացումը։ Իսկ գեղանկարները անդրադառնում են գաղթի ճանապարհին, որտեղ ողջ մնացած գաղթականները քարացած են յիշողութիւններից։ Զաքար Դեմիրճեանի «Մարդկութեան Սեւ Խոռոչը» թերեւս ամենաաօթանթիկ պատկերն է ցեղասպանութեան, իսկ Արա Շահումեանի «Պատասպան՝ 100 տարի անց» նկարը, որտեղ մեր ազգը փիւնիկի պէս հառնում է կրակից,- մեր օրերի ամենավառ նոյնացումն է։