ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Դիարբեքիրի եկեղեցիները նույնպես օտարման են ենթարկվել
Նախարարների խորհրդի որոշմամբ Դիարբեքիրի Սուրում օտարման ենթարկված տարածքների շարքում է նաև Միջին Արևելքի ամենամեծ հայկական եկեղեցին՝ Սուրբ Կիրակոսը։ Նույն որոշմամբ օտարվել են նաև ասորական, քաղդեական և բողոքական եկեղեցիները։
«Կիրակնօրյա պատարագի» շուրջ ԹԱՄԺ-ի հայտարարությունը
ԹԱՄԺ-ի նախագահությունը խորհրդարանական նիստի ընթացքում կիրակնօրյա պատարագի համար ընդմիջում նշանակելու հետ կապված հայտարարությամբ է հանդես եկել․ «պատարագին մասնակցելու համար ընդմիջում չի սահմանվել»։
Դինքի սպանության գործը՝ «անջատողական գործողություն»
Հրանտ Դինքի սպանության գործով կազմված մեղադրական եզրակացության հավելվածի մեջ տեղ գտած մի փաստաթղթից հայտնի է դառնում, որ 2011թ․ Թուրքիայի ազգային հետախուզական ծառայությունը (Milli İstihbarat Teşkilatı) հետևել է հայ, հույն և մյուս ոչ մահմեդական խմբերին և արդյունքները գրանցել «Էթնիկ անջատողական գործողություններ» վերնագրի ներքո։
Ս․ Դողան․ «Թուրքիայի հայերի, հրեաների, հույների, ասորիների թվաքանակն ինչքա՞ն է»
Թուրքական Հանրապետա-ժողովրդավարական կուսակցության (Cumhuriyet Halk Partisi-CHP) հայազգի պատգամավոր Սելինա Դողանը հարց է ուղղել «ազգության գաղտնագիր»-ը ընդունող ներքին գործերի նախարար Էֆքան Ալային․ «Թուրքիայում բնակվող հայ, հրեա, հույն, ասորի ազգաբնակչության թվաքանակն ինչքա՞ն է»։
Օրենք՝ կանոնակարգի փոխարեն
Փոքրամասնությունների հիմնադրամների ղեկավարների խորհրդի ընտրությունները կարգավորող կանոնակարգը գործածությունից հանվել է 3 տարի առաջ։ Կառավարությունը նոր կանոնակարգ դեռևս չի մշակել։ Այս անորոշության պատճառով արդեն ամիսներ շարունակ ընտրություններ չեն անցկացվում: Փոխվարչապետ Յալչըն Աքդողանի հայտարարություններով այս գործընթացում նոր փուլ է սկսում։
Ի՞նչ ասել է փոքրամասնություն լինել․ Հայաստանի եզդիները
Վերջին օրերին «168.am»-ը անդրադարձել էր Հայ առաքելական սուրբ եկեղեցու Արարատյան հայրապետական թեմի «Qahana.am» կայքէջում տեղ գտած հարցուպատասխաններից մեկին՝ առանց որևէ մեկնաբանության։ «Ի՞նչ հավատի են դավանում եզդիները: Արդյո՞ք հայ աղջիկը կարող է ամուսնանալ եզդի տղայի հետ» հարցին պատասխանել էր Տ․ Եսայի քահանա Արթենյանը։ Պատասխանում նշվում էր, որ եզդիները արևապաշտ են, որ նրանց սրբավայրերում կարելի է տեսնել սատանայի արձանը։ Քահանան այսպես էր եզրփակել իր գրությունը․ «Հայ եկեղեցին եզդու հետ թույլատրում է ամուսնանալ միայն այն դեպքում, երբ եզդին հրաժարվում է իր կրոնից և, մկրտվելով Հայ Առաքելական եկեղեցում, դառնում եկեղեցու անդամ»։