Վերջին օրերին «168.am»-ը անդրադարձել էր Հայ առաքելական սուրբ եկեղեցու Արարատյան հայրապետական թեմի «Qahana.am» կայքէջում տեղ գտած հարցուպատասխաններից մեկին՝ առանց որևէ մեկնաբանության։ «Ի՞նչ հավատի են դավանում եզդիները: Արդյո՞ք հայ աղջիկը կարող է ամուսնանալ եզդի տղայի հետ» հարցին պատասխանել էր Տ․ Եսայի քահանա Արթենյանը։ Պատասխանում նշվում էր, որ եզդիները արևապաշտ են, որ նրանց սրբավայրերում կարելի է տեսնել սատանայի արձանը։ Քահանան այսպես էր եզրփակել իր գրությունը․ «Հայ եկեղեցին եզդու հետ թույլատրում է ամուսնանալ միայն այն դեպքում, երբ եզդին հրաժարվում է իր կրոնից և, մկրտվելով Հայ Առաքելական եկեղեցում, դառնում եկեղեցու անդամ»։
Զարմանալի չէ, որ այս գրությունը առաջ բերեց եզդիական համայնքի ներկայացուցիչների բողոքն ու մտահոգությունը։ Հայաստանի եզդիական համայնքի խնդիրների և նման ելույթների մասին զրուցեցինք «Միջէթնիկ և միջմշակութային համագործակցություների կենտրոն» ՀԿ նախագահ Սաշիկ Սուլթանյանի հետ։
Հանդուրժողականության ձևավորմանն ուղղված միջոցառումներ են իրականացվում։
Հայաստանում բնակվում է շուրջ 60 հազ․ եզդի։ Եզդիների մշակույթի պահպանության շուրջ աշխատում են հասարակական կազմակերպությունները՝ պետական թույլ, բայց առկա աջակցությամբ։ Միջոցառումներ ենք կազմակերպում ոչ միայն եզդիների, այլ նաև հայերի համար, որպեսզի վերջիններս ծանոթանան եզդիական մշակույթին, և հանդուրժողականություն ձևավորվի։ Պետությունն այս ամենին անմիջական մասնակցություն չի ցուցաբերում, այլ աջակցություն է տրամադրում ՀԿ-ներին, վերջիններս էլ միջոցառումներ են կազմակերպում։
Եզդիական համայնքի արդի խնդիրները։
Ամենամեծ խնդիրները մշակույթի, լեզվի պահպանման, իրավունքների պաշտպանության, կրթական մակարդակի բարձրացման խնդիրներն են։ Մեզ համար շատ կարևոր է հանդուրժողականության մթնոլորտի տարածումը։ Կան մի շարք խնդիրներ, որոնց պատճառը տեղեկատվության պակասն է։ Հայասանի ազգաբնակչությունը մեծ հաշվով ծանոթ չէ եզդիներին։ Շատերը եզդիներին ասոցացնում են ոչխար պահողների հետ, մինչդեռ մենք էլ ունենք մտավորականներ և ուզում ենք՝ մեզ ճանաչեն մեր մշակույթով։ Եզդի ասելիս հայերի մեծամասնությունը հիշում է հայերի համար կռված մի քանի եզդիներին և հարսանիքների ժամանակ խնձորներ նետելու ավանդույթը։ Իսկ վերջինի մասին խոսում են ոչ ադեկվատ հումորով։
Առաջին անգամը չէ, որ եզդիներին վիրավորանք է հասցվում։
Շատ վատ է, որ հասարակության մեջ հեղինակություն վայելող անձանց կողմից արվում են հայտարարություններ, որոնք ատելություն են առաջացնում եզդիների նկատմամբ։ Օրինակ՝ անցած տարի ՀՀԿ (Հայաստանի հանրապետական կուսակցություն) պատգամավոր Մանվել Բադեյանը եզդիներին անվանել էր «փողոց մաքրողներ», այս տարի Եսայի քահանան անվանում է սատանայապաշտներ։ Այս ամենը խոչընդոտում է հասարակության մեջ հանդուրժականություն սերմանելու մեր աշխատաքը։ Անգամ չեմ ասում, որ սա մարդու իրավունքների խախտում է և բխում է եզդիների մասին թյուր տեղեկատվությունից և պաշտոնատար անձանց՝ եզդիների նկատմամբ տածած ատելությունից ու անհանդուրծողականությունից։
Վերոնշյալ դեպքերից առաջինի՝ Մանվել Բավեյանի հայտարարության դեպքում դիմեցինք ԱԺ էթիկայի հանձնաժողով, որն էլ կարճեց գործը։ Երկրորդի դեպքում ավելի արմատական փոփոխությունների կարիք ունենք։ Պետք է դասագրքերում ու համալսարանների ուսումնական ծրագրերում նյութեր ներառել նաև եզդիների մասին։
Ս․ Սուլթանյանը նաև նշեց, որ իրենց անհանգստացնում է եզդիների համար պարտադիր հանդիսացող Հայ առաքելական եկեղեցու կրոնի դասը, որը քարոզ է պարունակում և եզդի երեխաներին կրոնափոխության է դրդում։
Հիշեցնենք, որ այս դեպքի հետ կապված ոչ մի պաշտոնական հայտարարություն չեղավ ո՛չ Եսայի քահանայի, ո՛չ այլ անձի կամ կառույցի կողմից։ «Qahana.am» կայքէջը բավարարվեց միայն նյութի բովանդակությունը փոխելով։ Կայքէջի տրամադրած տեղեկության համաձայն՝ կայքն ընթերցողներ ունի աշխարհի շուրջ 80 երկրից։ Զավեշտալին այն է, որ այս երկրներից ոչ մեկի հայ ազգաբնակչությունը մեծ չափով չանդրադարձավ այս նյութին։ Կարծես մոռացել ենք, որ ցեղասպանությունից հետո հայերս սփռվել ենք ամբողջ աշխարհով մեկ և փոքրամասնություն կազմող հայկական համայնքներ ունենք մի շարք երկրներում։ Միգուցե սա մտապահելը կօգնի մեզ ավելի զգույշ գտնվել Հայաստանի փոքրամասնությունների նկատմամբ և ավելի մեծ տեղ հատկացնել նրանց մշակույթի, կրոնի, լեզվի պահպանության հարցին։