ՄԻԹ-ի 34-րդ համաժողովը Երեւանում

66 տարի առաջ, այսինքն 1948-ին Պրահայում UNESCO-ին առընթեր ստեղծուեց թատրոնի միջազգային ինստիտուտ՝ ՄԻԹ, որը երկու տարին մէկ անգամ հաւաքւում է որեւէ մի երկրում՝ ֆորումի։ Նախորդ անգամ Չինաստանն էր հիւրընկալել ֆորումը, իսկ այս տարի 17-22 Նոյեմբերին Երեւանը դարձաւ համաշխարհային թատրոնի մայրաքաղաք, որտեղ 5 մայրցամաքներից ժամանած 300 պատուիրակներ հանդիպեցին միմեանց 34-րդ համաժողովի եւ անցկացրին իրենց ընտրութիւնները յառաջիկայ երկու տարուայ համար։

ԾՈՎԻՆԱՐ ԼՈՔՄԱԿԷՕԶԵԱՆ

66 տարի առաջ, այսինքն 1948-ին Պրահայում UNESCO-ին առընթեր ստեղծուեց թատրոնի միջազգային ինստիտուտ՝ ՄԻԹ, որը երկու տարին մէկ անգամ հաւաքւում է որեւէ մի երկրում՝ ֆորումի։ Նախորդ անգամ Չինաստանն էր հիւրընկալել ֆորումը, իսկ այս տարի 17-22 Նոյեմբերին Երեւանը դարձաւ համաշխարհային թատրոնի մայրաքաղաք, որտեղ 5 մայրցամաքներից ժամանած 300 պատուիրակներ հանդիպեցին միմեանց 34-րդ համաժողովի եւ անցկացրին իրենց ընտրութիւնները յառաջիկայ երկու տարուայ համար։

Ֆորումի բազմազան միջոցառումները ընթանում էին Երեւանեան թատրոնների խաղացանկային ներկայացումների ֆոնին։ Ֆորումի կարգախօսն էր «Նոր ձայներ, նոր հանդիսատեսներ, երկխօսութեան ժամանակն է»։ Ինչպիսի՞ն պիտի լինի ապագայի թատրոնը եւ ինչպէս կրթել յաջորդ սերունդներին այդ թատրոնն ընկալելու համար։ ՄԻԹ-ն ունի բազմաթիւ նախաձեռնող խմբեր-կոմիտէներ. դերասանների պաշտպանութեան, հրապարակչական, մշակոյթի եւ զարգացման, պարի, դրամատիկական թատրոնի, երաժշտական թատրոնի, թատերական կրթութեան, վերջապէս երիտասարդ մասնագէտների կոմիտէներ։

Եկէ՛ք անկեղծ լինենք

Առաջին մամլոյ-ասուլիսին ՄԻԹ-ի գլխաւոր տնօրէն Տոբիաս Բեանքոնէն յայտնեց, որ ֆորումը կարող էր անցնել Ատրպէյճանում, բայց քանի որ այնտեղ բացակայում է խօսքի ազատութիւնը, նախապատուութիւնը տրուեց Հայաստանին։ Թէ որ այդպէս է, ուրեմն ես կ՚օգտուեմ խօսքի ազատութիւնից եւ կ՚անեմ իմ նկատողութիւնները.

1.- Բացումը տեղի ունեցաւ Օփերային թատրոնում, եւ մինչ արտասահմանցիները խօսում էին ՄԻԹ-ի գլխաւոր նպատակի մասին, որն է՝ կատարողական                արուեստների միջոցով կանխել ժամանակակից աշխարհում տիրող բռնութիւնները, մեր պաշտօնեաները իրենց խոնարհումն էին արտայայտում երկրի նախագահին, վարչապետին, յղելով նրանց իրենց շնորհակալութիւնը։ Մի՞թէ մենք երբեւէ չենք ձերբազատուի սովետական մտայնութիւնից, որն է՝`հաւաքուել թատրոնի համար, բայց երկրպագել ոչ թէ թատերական կուռքերին, այլ՝ կառավարութեանը։:

2.- Անշուշտ, օփերային բեմի վրայ համերգային ելոյթներ եղան, եւ եթէ առաջին երկուսը յաջող էին, քանզի դրանք հատուածներն էին մնջախաղի թատրոնի «Այբուբեն» եւ Փոքր թատրոնի «Մի լքիր ինձ» ներկայացումներից, որոնք վկայում  էին տաղանդի մասին, ապա միւս երկուսը պարն ու երգը, որոնք պիտի խօսէին հայի ինքնութեան ու ինքնատիպութեան մասին, յաւակնոտ էին ու անտեղի. պարի ժամանակ բեմ դուրս եկան «Բարեկամութեան» համոյթից երեք պարուհիներ եւ տարօրինակ շարժումներով փորձեցին զարմացնել դահլիճը, իսկ երգով հանդէս եկան Արամօն եւ Էմմա Պետրոսեանը, սակայն այդ կատարումը յարիր չէր օփերային թատրոնին։ Արտասահմանցիները կարօտ էին երգի եւ պարի ազգային, էթնիք լեզուի, բայց հայերը ընդունակ եղան ազգայինը հասցնել դասական մակարդակի, ստեղծելով համաշխարհային արժէքներ։ Զարմացնելով հիւրերին շքեղ օփերային շէնքով, մենք թաքցրեցինք շէնքի պարունակութիւնը. ազգային օփերան եւ պալէն, հայ յօրինողների դասական երաժշտութեան հանճարեղ նմոյշները։ Հազար ափսո՛ս, որ նման առիթ փախցրինք…։

Թոյլ ծափահարութիւններից յետոյ նրանք, ովքեր դուրս եկան երկրորդ յարկի դռներով, արժանացան ֆուրշեթի. խմիչքներ, նրբընտիր ուտեստներ,- ա՛յ թէ աշխատեցին անբան մնացած ծնոտները։

Թատրոնի միջոցով փոխենք աշխարհը

Չկայ երեւի մարդ, որն իր մանկութեանը չերազի խաղալ, թատրոն խաղալ։ Հասակ առնելով, մարդիկ մնում են այն դերի մէջ, որն իրենց պարտադրում է կեանքը։ Այսօրուայ աշխարհում տիրում է կոպտութիւն եւ բռնութիւն, եթէ մէկին աշխարհի մի ծայրում գլխատում են, ապա լուրերի միջոցով նրա հետ մէկտեղ ամէնքը «գլխատւում են»։ ՄԻԹ-ը քաղաքական հարթակ չէ։ ՄԻԹ-ի տնօրէն Տոբիաս Բեանքոնէն առաջարկում է. «Ինչո՞ւ» մարդկանց չտալ թատերական կրթութիւն, ինչու ենք նուագել սովորեցնում, իսկ դերասանական արուեստ՝ ոչ։ Ինչու քաղաքները չդարձնել Նիւ-Եորքի, Լոնտոնի, Փարիզի նման կատարողական արուեստների քաղաքներ եւ փոխել վախի մթնոլորտը, որն առաջանում է վատ ղեկավարի առկայութեամբ»։

«Մեծ պատիւ է գտնուել քաղաքակրթութեան այս ամրոցում,- սկսեց իր խօսքը ՄԻԹ-ի նախագահ Ռամենդու Մաջումդարան,- ես Պանկլատէշից եմ, որտեղ 1971-ին ղեկավարների բախումներ եղան... 8-րդ դարի սկզբին հայեր եկան Պանկլատէշ եւ այսօր մի փոքր հայկական աշխարհ կայ մեր երկրում։ ՄԻԹ-ի նպատակը կրթական է եւ մարդասիրական, իսկ վերջնական նպատակը՝ խաղաղութեան հաստատումը աշխարհում։ Մենք սպասում ենք 2015-ին, որպէսզի ողջ աշխարհը «Ո՛Չ» ասի ցեղասպանութիւններին»։

Երանի՛ ՄԻԹ-ը օրինակ ծառայէր աշխարհի պետութիւններին, նաեւ մեր թատրոններին եւ ՄԻԹ-ի օրինակով ղեկավարները երկու տարին մէկ փոխուէին. կարծում եմ ոչ մի ղեկավար չէր հասցնի ենթարկուել իշխանութեան գայթակղութիւններին այնքան, որ ժողովուրդի մէջ գայթակղութիւն առաջանար նրան բռնի կերպով ազատել պաշտօնից։:

 

Փակման արարողութիւն

Նոյեմբերի 22-ին Պարոնեանի անուան թատրոնում ՄԻԹ-ն աւարտեց իր ֆորումը։ Բեմ հրաւիրուեցին այն գործիչները, որոնց Բեանքոնէն պիտի յանձնէր շնորհակալագրեր ու պատուոյ գրեր։ Վերջապէս բեմում երեւաց մի թատերական գործիչ, որը ծանօթ էր հանրութեանը իր համարձակ ու նորարարական բեմադրութիւններով, նա միշտ հանդիսանում էր որպէս զարդ մեր թատերական փառատօներին, նա հարեւան Վրաստանի ռեժիսոր Ռոպերթ Սթուրուան էր, որին յանձնեցին UNESCO-ի մշակոյթի դեսպանի հաւատարմագիրը։ Մեծն Սթուրուան կանգնած էր բարձրախօսի մօտ հասարակ աշխատանքային տեսքով։ Մեծագոյն Շէքսպիրեան մեկնաբանի համար թատրոնը ընդամէնը աշխատավայր էր եւ այս թատերական միջոցառումի հանդիսութիւնը նրան չէր յուզում, այլ միայն շփոթեցնում էր, ուստի նա անկեղծացաւ.-

— «Ես լաւ չեմ հասկանում, թէ ինչ պէտք է անեմ։ Ես ընդունում եմ այս հաւատարմագիրը եւ երջանիկ կը լինեմ օգտակար լինել աշխարհի թատրոններին, եթէ ինձ բացատրեն, թէ ինչումն է կայանում իմ դերը։ Երբ ես գալիս էի Երեւան, ապա թերահաւատ էի, որովհետեւ ամէն միջազգային կազմակերպութեան մէջ բոյն են դնում չինովնիկներն ու բիւրոկրատները։ Յետոյ խորհեցի, որ դրանք կարող են ամէն տեղ լինել բացի թատրոնից։ Օսքար Ուայլտն ասում էր, որ Շէքսպիրն իրաւացի էր, ասելով, թէ «աշխարհը դա թատրոն է», եւ աւելացնում էր. «Բայց ի՛նչ սարսափելի թատերախումբ է»։ Այժմ ես դարձայ թատրոնի դեսպան եւ կ՚անեմ ամէն ինչ իմ ուժերի չափ»։:

Աւելացնեմ, որ ՄԻԹ-ի նոր նախագահ ընտրուեց Արաբական Էմիրաթներից Մուհամէտ Ալ Աֆքան անունով մի նավթագործարար, սակայն թատրոնի հետ կապուած իւրաքանչիւր փոքր կամ խոշոր իրադարձութեան մէջ ամենահետաքրքրականը դա բուն ներկայացուներն են, որի մասին իմ խօսքը դեռ առջեւում է։ Մի մեծ անակնկալ մատուցեց յատկապէս ռեժիսոր Էմրէ Էրթէմը Ստամպուլից, սակայն այդ մասին յաջորդ թիւի մէջ։