«Ակոս»-ի արխիվից․ Սուրբ Թեոդորոս եկեղեցուց մինչև Քուրշունլու մզկիթ

«Ակոս»-ի արխիվից․ հետադարձ հայացք Դիարբեքիրի Սուր շրջանում գտնվող հրդեհված Քուրշունլու մզկիթին։ Սարգիս Սերոբյանի գրչին պատկանող պատմությունը ներկայացնում է, թե ինչպես է Սուրբ Թեոդորոս եկեղեցին Քուրշունլու մզկիթի վերածվել։

Ինչպե՞ս Սուրբ Թեոդորոս եկեղեցին Քուրշունլու մզկիթ դարձավ։

Սարգիս Սերոբյան

sseropyan@agos.com.tr 

Որոշ պատմական շինությունների փոփոխությունները անցյալի մասին շատ բան են պատմում։ Սրա վառ օրինակներից է Դիարբեքիրի Սուրբ Թեոդորոս եկեղեցու վերածումը մզկիթի (Քուրշունլու մզկիթ)։ Տիգրան Մըգունդի կողմից 1950թ․ ԱՄՆ-ում հրատարակվել է «Ամեդի արձագանքը» գիրքը, որն այսօր արդեն դժվար է գտնել։ Տիգրան Մ․ Բոյաջյանն իր աշխատության մեջ այս շինության ողբերգական պատմությունն է պատմում․

«Մկրտիչ Նաքքաշը Ամեդի (Դիարբեքիր) հոգևոր առաջնորդը և Սուրբ Թեոդորոս եկեղեցու արքեպիսկոպոսն էր։ Նա մեծացրել էր եկեղեցին և դրան կից հոգևոր կրթության գիշերօթիկ դպրոց էր հիմնել։ Վանքի տարածքը ամրոցի պարիսպներին էր հասնում, իր մեջ էր առնում նոր շուկան և ձիերի շուկան՝ հասնելով մինչև քաղաքի արևմտյան պարիսպները։ Հոգևոր առաջնորդարանի շենքը նույնպես այստեղ էր՝ իր այգիներով, գմբեթավոր սենյակներով, կամարապատ բակերով։

15-րդ դարի առաջին քառորդին՝ Հայաստանի պատմության ամենացավոտ շրջանում, իշխանությունը Ակքոյունների և Քարաքոյունների ձեռքում էր։ Քարաքոյունները իշխում էին Հայաստանին և Իրանի հյուսիսին՝ Թավրիզ կենտրոնով, իսկ Ակքոյուններն իրենց իշխանությունն ամրապնդել էին Հայաստանի հարավային մասի վրա և Միջագետքից մինչև նեղուցներ։ Ամեդն էլ այս հատվածում էր գտնվում։

Նաքքաշի ժամանակաշրջանում Ակքոյունների ղեկավարը Օսման սուլթանն էր։ Նաքքաշը, վերջինիս հետ մտերիմ հարաբերություններ ստեղծելով, կարողացել էր եկեղեցու գմբեթի շինարարության համար թույլտվություն ստանալ։ Այդ շրջանում քրիստոնյաները, առանց իշխանությունից թույլտվություն ստանալու, ոչինչ չէին կարող անել։ Այդ պայմաններում եկեղեցու գմբեթի շինարարության համար սուլթանական հրովարտակ ապահովելը Նաքքաշի դիվանագիտական հաջողությունն էր»։

Ենթադրվում է, որ Մկրտիչ Նաքքաշը մահացել է Ամեդում և ավանդույթի համաձայն՝ թաղվել Սուրբ Թեոդորոս եկեղեցում։ Բոյաջյանը, ով Ամեդի հպարտություն հանդիսացող Սուրբ Թեոդորոս եկեղեցու ոչնչացումը հայոց պատմության սև էջերից մեկն է համարում, նշում է․

«Մինչդեռ մի հոգևորական իր ամբողջ կյանքի ընթացքում ջանք է գործադրել և շինությունը մշակութային կենտրոնի է վերածել, ցավոք, մեկ այլ հոգևորական՝ նոր Վասակ, այդ շինությունը հեթանոսներին է հանձնել։ Աստծո օրհնությանը նվիրված մատուռի անունը փոխվել է, և այն անվանվել է «Քուրշունլու մզկիթ»։

Դավաճանության պատմություն

«1516-17թթ․ օսմանյան գահաժառանգը այցելում է Ամեդ և գոհ մնալով իրեն ցուցաբերված հյուրընկալությունից՝ քաղաքում մզկիթ կառուցելու ցանկություն է հայտնում։ Քաղաքը շրջելով և հարմար տարածք չգտնելով՝ ամրոցի ներսում գտնվող «Վիրանքալե» բլուրն է բարձրանում, աչքերը կապում է և կարմիր ժապավենով աղեղն արձակում է անհայտ ուղղությամբ։ Հետո հայտարարում է, որ նետի ընկած վայրում մզկիթ է կառուցելու, իսկ տեղի տիրոջը շռայլ փոխհատուցում է տալու։

Մեկ շաբաթ անց Սուրբ Թեոդորոս վանքի խնամքով զբաղվող հոգևորականը կարմիր ժապավենով նետը եկեղեցու տանիքին է գտնում։ Թիկնոցի տակ թաքցնելով՝ հաջորդ օրը աղեղը գահաժառանգի մոտ է տանում և ասում է, որ թեև ինքը քրիստոնյա հոգևորական է, բայց համարում է, որ ճշմարիտ կրոնը մահմեդականությունն է։

Գահաժառանգը հարցնում է, թե ում պետք է վճարի փոխհատուցումը։ Քահանան ասում է, որ եթե գահաժառանգը կամենա, ինքը կարող է բաժանել այդ պարգևը։ Գահաժառանգը, կատարելով իր խոստումը, հրամայում է, որ գանձերը փռեն գորգի վրա։ Նա հրամայում է, որ ոսկիները լցնեն այնքան, մինչև որ քահանան ասի «բավ է»։ Երբ քահանան ասում է, որ բավական է, գահաժառանգը հարցնում է․ 

«Ասում ես, որ մանկուց սիրել ես մահմեդականությունը, սակայն ինքդ քրիստոնյա հոգևորական ես, ճի՞շտ է»։

«Այո, ձերդ մեծություն»,- պատասխանում է քահանան։

«Կարծում եմ՝ հոգևորական դառնալիս ձեր պարտականություններին անդավաճան մնալու երդում եք տալիս, չէ՞»,- հարցնում է գահաժառանգը։

«Այո, Ձերդ գերազանցություն, սակայն դա քրիստոնեության համար է»,- պատասխանում է քահանան։

Գահաժառանգը պատասխանում է․

«Հիմա ինձ լսիր։ Տեսնում եմ, որ այս գորգի վրայի ոսկու համար հավատդ ես ուրանում։ Աստծո անունով տված երդումդ թիկնոցի պես գցում ես ուսերիցդ։ Ես հոգևորական չեմ, սակայն վստահ եմ, որ որևէ մուֆթի կամ իմամ այս պատմութունը լսելուց հետո, չի համաձայնի, որ դու մահմեդականություն ընդունես։ Խեղճ արարած, գիտե՞ս, թե ժողովրդիդ ինչ մեծ վատություն ես անում։ Խոստումս պահելու եմ, սակայն մի վճիռ ունեմ»։ 

Այս խոսքերից հետո գահաժառանգը զինվորներին կանչում է և հրամայում ոսկիները լցնել պարկի մեջ և պարկը դնել իր կրոնն ուրացող քահանայի շալակին։ Ապա հրամայում է քաղաքի հրապարակում գլխատել քահանային։ Խայտառակության պատճառ դարձած ոսկիներն էլ հրամայում է բաշխել աղքատներին։

Գահաժառանգը Սուրբ Թեոդորոս վանքի ծայրագույն վարդապետին նամակ է գրում, որում ներկայացվում է կարատվածը, և ցանկություն հայտնում, որ երեք օրվա մեջ եկեղեցին դատարկեն և մահմեդականներին հանձնեն։

Երեք օրվա ընթացքում հայերը տեղափոխում են հնարավոր ամեն ինչ, իսկ մնացածները մահմեդականների կողմից կրակի է մատնվում։ Այսպիսով, տեսնում ենք, որ 1517-ին Սուրբ Թեոդորոս վանքը առհավետ թաղվում է խավարի մեջ։ Սուրբ Կիրակոս եկեղեցու դռան աջ կողմի պատի վրա այսպիսի գրություն կարող ենք տեսնել․ 

«Սուրբ Թեոդորոսն ընկավ 1517-ին»։


Kategoriler

Թղթածրար



Yazar Hakkında

Sarkis Seropyan