Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը խոսել է «Արդարություն և զարգացում» կուսակցության հանդիպման ժամանակ։ Վարչապետը նշել է, որ Թուրքիայի Ազգային մեծ ժողովն այս շաբաթ քննարկելու է արտակարգ իրավիճակի երկարացման հարցը։ Հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձից հետո հայտարարված արտակարագ իրավիճակն ավելի վաղ երեք ամսով երկարացվել էր։
«Ռեինա» գիշերային ակումբի հարձակումը
Թուրքիայի վարչապետ Յըլդըրըմը անդրադարձել է նաև ամանորյա գիշերը Ստամբուլի Օրթաքյոյ թաղամասում գտնվող «Ռեինա» գիշերային ակումբի հարձակմանը, որը 39 մարդու կյանք էր խլել։ «Եթե նկատի ունենանք Ստամբուլում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման վայրն ու ընտրված ժամանակը, հարձակման նպատակը շատ պարզ է դառնում։ Այս հարձակմամբ փորձ է արվում մեր երկրում էթնիկական, հավատքի տարանջատում մտցնել։ Ահաբեկչության այս սադրիչ խաղերը՝ ուղղված մեր վարած կենսակերպերի պատճառով մեզ իրարից անջատելուն, մեզ չեն հիմարացնի։ Գիտեն, որ հարյուրամյակներ շարունակ Օրթաքյոյում մզկիթը, եկեղեցին և սինագոգը կողք կողքի են եղել։ Տարիներ շարունակ համատեղ կեցության փիլիսոփայությամբ ենք ապրում։ Մենք ընդմիշտ պաշտպանելու ենք և տեր ենք կանգնելու համամարդկային արժեքներին»,- նշել է Բինալի Յըլդըրըմը։
Սոցցանցերի գրառումները
Բինալի Յըլդըրըմը անդրադարձել է սոցցանցերում տեղ գտած գրառումներին․ «Սոցցանցերում արված սադրիչ գրառումները, ցավոք, վնաս են հասցնում մեր երկրին, մեր եղբայրությանը։ Հատուկ զգուշացում ունեմ սոցցանցերից օգտվող մեր երիտասարդներին, եղբայրներին․ սոցցանցը անպատասխանատու հարթակ չէ։ Քրեական բովանդակությամբ ձեր գրառումները կարող են փորձանք դառնալ ձեզ համար, անգամ արդեն իսկ դարձել են։ Նմանօրինակ գրառումների հեղինակների դեմ դատարանն արդեն գործի է անցել»։
Սահմանադրական փոփոխություններ
Վարչապետ Յըլդըրըմը երկուշաբթի օրը թուրքական մեջլիսի գլխավոր խորհրդում քննարկվելիք սահմանադրական փոփոխությունների առնչությամբ նշել է․ «Որոշ թեմաներով մտահոգություններ են հայտնել։ Ամեն տեսակ առաջարկություն, աշխատանք հանձնաժողովում է հասունանում։ Եթե ճիշտ բան է առաջարկվում, մեզ չի սազում այդ ճիշտն իրագործելու դեմ հանդես գալը։ Սահմանադրական փոփոխությունների 21 կետերը 18 են դարձել։ Երկու կետ փոխվել է։ Որոշ կցումներ են իրականացվել, և գլխավոր խորհուրդ է հասել։ Գլխավոր խորհրդում մեծ փոփոխություններ չենք կանխատեսում։ Դրա կարիքը չկա, ճիշտ էլ չի լինի։ Տա Աստված՝ ներկայացվելիք (փոփոխության) տեքստը Գլխավոր խորհրդում մեր պատգամավորները կներկայացնեն հասարակությանը։ Դա ավելի լայն ընկալում կապահովի»։