Թուրքիայի գրականության վարպետներից մեկը՝ Վեդաթ Թյուրքալին, կյանքից հեռացել է 97 տարեկան հասակում։
Վեդաթ Թյուրքալին
Թուրքիայի գրական և ինտելեկտուալ
շրջանակների կարևոր անուններից է։ Այսօր
առավոտյան Վեդաթ Թյուրքալին վախճանվել
է Յալովայի պետական հիվանդանոցում։
97-ամյա գրողի մահվան լուրը դուստրը՝
դերասանուհի Դենիզ Թյուրքալին է հայտնել։
Ո՞վ է Վեդաթ Թյուրքալին
Թյուրքալին 1919թ․ մայիսի 13-ին Սամսունում է ծնվել, ավարտել է Սամսունի ավագ դպրոցը, ապա 1942թ․ ավարտել է Ստամբուլի համալսարանի Գրականության ֆակուլտետի Թուրքերեն լեզվի և գրականության բաժինը։
Մալթեփեի և Քուլելիի զինվորական դպրոցներում աշխատել է որպես գրականության ուսուցիչ, որից հետո 1951թ․ իր քաղաքական հայացքների համար դատապարտվել է 9 տարվա ազատազրկման։ 7 տարվա ազատազրկումից հետո պայմանականորեն ազատ է արձակվել։
Ռըֆաթ Իլգազի հետ միասին «Գառ» հրատարակչատունն են հիմնել։ 1960թ․ կինոդրամատուրգիայի բնագավառում է սկսել քայլեր անել։ 1965թ․ «Մթության մեջ արթնացողները» ֆիլմը Անթալիայի «Ոսկե նարինջ» կինոփառատոնի շրջանակներում ամենալավ սցենար մրցանակին է արժանացել։ Մի շարք սցենարների հեղինակ է։
Վեդաթ Թյուրքալին Թուրքիայի քաղաքական պատմության, քաղաքական քննարկումների ոլորտում շատ կարևոր տեղ է զբաղեցնում։ Նախապես Թուրքիայի կոմունիստական կուսակցության մաս կազմող Վեդաթ Թյուրքալին ամբողջ կյանքի ընթացքում եղել է աշխատավորների, ժողովրդավարության և խաղաղության պայքարի առաջին շարքերում։ Շարունակ գրել է Թուրքիայի քաղաքական անցուդարձի մասին։