Ըստ հոկտեմբերի 10-ին Անկարայում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման առնչությամբ պատրաստված մեղադրական ակտի տվյալների՝ Յունուս Դուրմազի՝ պայթյունն իրականացրած մահապարտի համակարգչում հայտնաբերվել են տեղեկություններ ամբողջ Թուրքիայի տարածքում գտնվող եկեղեցիների մասին, ահաբեկիչը նաև տեղեկություններ է հավաքել ալևիներով բնակեցված տասնյակ գյուղի և մշակութային կազմակերպության մասին:
2015թ. հոկտեմբերի 10-ին Անկարայում տեղի ունեցած պայթյունի մասին կազմված մեղադրական ակտում ներկայացված են նաև 101 հոգու մահվան պատճառ դարձած պայթյունն իրականացրած Յունուս Դուրմազին պատկանող համակարգչի տվյալները: Ինչպես հաղորդում է «Cumhuriyet» թերթի լրագրող Ալիջան Ուլուդաղը՝ Դուրմազը հատկապես ուշադիր հետևել է ալևիներին: Նշվում է, որ ահաբեկչի համակարգչում գտնվել են ալևի բեքթաշիների կազմակերպությունների և հիմնադրամների նախագահների անունները, հասցեները, հեռախոսահամարները, ինչպես նաև մանրամասն տեղեկություններ Ադանայի շրջակայքի ալևիական գյուղերի մասին: Հստակ է դառնում, որ Իսլամական պետության անդամ Յունուս Դուրմազը Անկարայի ահաբեկչական հարձակումից առաջ մանրամասն տեղեկություններ է հավաքել:
Եկեղեցիների տվյալներն էլ են հավաքագրվել
Մեղադրականում նաև նշվում է, որ Թուրքիայի տարածքում գտնվող բոլոր եկեցեցիների տվյալները՝ հասցեները, հեռախոսահամարները, աշխատանքային օրերը և այլ տվյալներ եղել են ահաբեկչի համակարգչում: ԻՊ-ը նաև մեկ առ մեկ հավաքագրել է Գերմանիայում, Հոլանդիայում, Բելգիայում և Անգլիայում գործող բոլոր այն եկեղեցիների տվյալները, ուր հաճախում են թուրքերն ու մահմեդականները:
Հավաքագրվել են նաև ջեմէվիների հասցեները
Ահաբեկչի համակարգչում հավաքագրված է եղել Կայսերիի, Քահրամանմարաշի, Ադանայի, Գազիանթեպի, Մալաթիայի, Ադըյամանի, Սիվասի, Բինգյոլի, Թունջելիի, Մերսինի և Հաթայի՝ ալևիներով բնակեցված գյուղերը, կազմակերպությունները, ջեմէվիների (Ալևիների աղոթատեղի) հասցեները, հեռախոսահամարները և ղեկավարների անունները:
Ըստ մեղադրական ակտի տվյալների՝ Ադանա, Գազիանթեփ, Իսքենդերուն, Մալաթյա, Կայսերի և Հաթայում գտնվող օտարերկրյա ներկայացուցչությունների, դեսպանատների հասցեները ևս հավաքագրվել են ԻՊ-ի կողմից: