Գերմանիայի խորհրդարանում հայոց ցեղասպանության ճանաչման նախագծի ընդունումից հետո Պոլսո հայոց կաթողիկոսության ընդհանուր փոխանորդ արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը նամակ է հղել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։ Աթեշյանը նամակում նախածի ընդունումն այսպես է մեկնաբանում․ «Հայ ազգը օգտագործվում է իմպերիալիստական ուժերի կողմից», նշում է, որ նախագծի ընդունման որոշումը «հայ ազգի մոտ խոր վիշտ է առաջացրել»։
Արամ Աթեշյանի ստորագրությամբ Պոլսի Հայոց պատրարքարքության facebook-յան էջում տեղադրված նամակը ստորև․
Հարգելի նախագահ,
Առաջին համաշխարհային պատերազմի ողբերգական շրջանում տեղի ունեցած իրադարձությունների մասին Գերմանիայի հանրապետության Ազգային ժողովի ընդունած որոշումը մեր ժողովրդի շրջանում խոր վիշտ է առաջացրել։ Սրտից բխող և անկեղծ զգացմունքներով Ձերդ գերազանցությանը տեղեկացնում ենք, որ Թուրքիայի հայկական համայնքը կիսում է այս վիշտը։
Քաղաքացիական կապերով կապված պետության առջև ունեցած իր պարտականությունները Պոլսո Հայոց պատրիարքությունը կատարում է անթերի կերպով, սա մի հոգևոր կառույց է, որը որդեգրել է քրիստոնյա-հայ թուրք քաղաքացիների զգացմունքներ թարգմանը դառնալու առաքելությունը։ Քրիստոնյա-հայ թուրք քաղաքացիներն այս երկրի մյուս մարդկանցից իրենց տարբերելու բարդույթներից ազատված են և գիտեն՝ ինչպես օրենքների և կանոնների շրջանակներում իրենց իրավունքները պաշտպանել։
Պատրիարքական աթոռը գիտակցում է, որ ավանդական գծից չշեղվելով հավասարակշիռ դիրքորոշում ցուցաբերելը որոշներին դուր չի գալու։ Այս սուրբ պաշտոնը զբաղեցրած մեր երջանկահիշատակ պատրիարքները թե՛ իրենց արտահայտություններով, թե՛ իրենց կառուցողական վերաբերմունքով իրենց ղեկավարած համայնքին կրոնական ծառայություններ են մատուցել և պատմության էջերում ընդգրկվել են համայնքի համար օրինակ հանդիսացող դրական վարվելակերպով։ Մեր մեծերի օրինակելի վարքագիծն այսօր էլ շարունակում է մեզ համար ուղեցույց մնալ։
Այս համատեքստում նշենք, որ Գերմանիայի քաղաքացիների քվեներով ձևավորված խորհրդարանը բացի իրեն ձայն տված ժողովրդի հանգստության, բարգավաճման, անվտանգության, խաղաղության և բարեկեցության համար օրենքներ ընդունելու պարտականությունից, իր իրավասությունների մեջ չմտնող հարցի շուրջ տեսակետ է արտահայտում, դա օրինականացնում է և այս ամենն անում է ամբողջ գերմանացի ազգի անունից՝ իրեն որպես դատավոր տեսնելով։ Գերմանիայի նման սխալ վերաբերմունքն անընդունելի է։
Հարգելի պարոն նախագահ,
Թուրքիայի հայ համայնքի ներկայացուցիչները այդ ցավոտ և տխուր օրերը տեսածների թոռներն են։
Ձերդ գերազանցությունն այս տարվա ցավակցական ուղերձում նշվել էր՝ «Շարունակելու ենք տեր կանգնել օսմանցի հայրի հիշատակին՝ համաձայն մեր պատմական գիտակցման և մարդկային օրենքների։ Շարունակելու ենք հիշեցնել թուրքերի և հայերի՝ շուրջ հազար տարվա համատեղ կեցության մշակույթը»։ Բազմաթիվ առիթներով այս արտահայտությանը համապատասխան գործող պատրիարքական աթոռը, այս վերաբերմունքը շարունակելու է նաև ապագայում։
«Հակասական երևույթ է»
Այդ ողբերգական իրադարձություններում Գերմանական կայսրության բացասական դերը երկու տողում տեղավորելը, Օսմանյան Թուրքիային մեղադրելուց զատ ամբողջովին մեղավոր ճանաչելը էթիկական առումով հակասական երևույթ է։ Բացի այդ, հակասական է նաև այն, թե ընդունված օրինագիծն ինչքանով է գերմանացի հասարակության տրամադրություներն արտահայտում։
Ինչպես նշել ենք մի շարք առիթներով՝ տխրություն և ցավ է առաջացնում այն, որ հայ ժողովրդին տրավմա պատճառած ցավը կիրառվում է միջազգային քաղաքական դաշտում։ Ընդունված այս օրենքը և նույնաբնույթ այլ օրենքներ մեզ խորապես վիրավորում են։ Ցավոք հայ ազգի պատմության էջերի ցավը միջազգային քաղաքական հարթակում Թուրքիային և թուրք ազգին մեղադրելու և պատժելու համար որպես գործիք է ընկալվում և այս տգեղ ընկալումը պատճառ է դառնում Թուրքիայի հայերի ինքնության և ենթաինքնության վնասվելուն։ Այս և նմանատիպ օրենքները խանդավառությամբ ընդունողների կիսաբաց լուսամուտներից տեսնում ենք, որ իրական կյանքի տեսարան գոյություն ունի։ Ականջ դնողները կարող են ունկընդրել այս տեսարանից արտացոլված արձագանքն առ այն, թե ինչպես են իմպերիալիստական ուժերն օգտագործում հայ ազգին։
Թուրք և հայ ժողովուրդները ստիպված են նույն աշխարհագրությունը կիսել։ Այս երկու հնագույն և հարևան ժողովուրդները չպետք է իրարից հեռացվեն ատելության և թշնամանքի խոսքերով, պետք է բարեկամության և խաղաղության ճանապարհն ընտրել, ոչ թե պատմությունը քաղաքականացնել։ Ընդհանուր պատմություն և նման ավանդույթներ ունեցող այս երկու հարևան ժողովուրդները մի օր բարեկամության մթնոլորտում են ապրելու։ Բավական է, որ սրա իրականացումն անհնար չհամարվի և անօգուտ սերմեր չցանվեն։ Օրն է գալու, երբ այս երկու ժողովուրդները միասին իրենց արտերը մաքրելու են թունավոր խոտերից և մաքուր արտերում ցորեն են ցանելու։ Սրանով էլ չեն բավարարվելու։ Այս արտերում աճեցված ցորենից թխված հացն ու աղն են կիսելու՝ որպես սիրո և բարեկամության նշան։
«Որոշներն այս դիրքորոշմանը դրական չեն վերաբերվելու»
Այս աշխարհում, որտեղ քաղաքական գործիչներն իրենց համոզմունքներով և քաղաքական հաշվարկներով իրենց տեսակետներն են հայտնում մեր ժողովրդի ցավի մասին, որպես պատրիարքական աթոռ շարունակելու ենք աղոթել Թուրքիայի և Հայաստանի բարեկամության և բարիդրացիական հարաբերությունների համար։ Մեր այս դիրքորոշումն ինչպես մեր կրոնի պահանջն է, այնպես էլ մեր քաղաքացիական զգացմունքների արտահայտումն է։ Միևնույն ժամանակ գիտենք, որ մեր այս դիրքորոշմանը որոշները դրական չեն վերաբերվելու։ Թող Աստված հաստատվի երկու երկրների քաղաքացիների սրտերում։ Թող Աստված օգնի լավը, գեղեցիկը կառուցել ցանկացող իր ծառաներին։
Այս կապակցությամբ ևս մեկ անգամ մեր վիշտն ենք հայտնում, Աստծուց խնդրում ենք Ձերդ գերազանցությանը առողջություն, հաջողություն և երջանկություն տալ։ Բացի այդ, ամենակարող Աստծուց խնդրում ենք, որ մեր երկրի մարդկանց օգտակար ծառայություններ մատուցող պետական ավագանուն իրականացրած աշխատանքներում հաջողություն տա։
Խորին հարգանքներով՝
Արքեպիսկոպոս Արամ Աթեշյան
Պոլսո Հայոց պատրիարքի գլխավոր փոխանորդ