ՕՔՍԱՆԱ ՔԱՐԱՊԵՏԵԱՆ
oksana.karapetian@gmail.com
Ասում են՝ Քրիստոս յարութիւնից յետոյ քառասուն օր շրջում է աշխարհով մէկ, իսկ քառասուներորդ օրը համբառնում երկինք։ Այստեղից էլ առաջանում է տօնի նոր անունը՝ Համբարձում։ Բայց տօնը զուտ քրիստոնէական չէ, ինչպէս միշտ աւանդութեան արմատներն աւելի խորն են ձգւում։ Այս մասին են յուշում ոչ միայն տօնի ծէսերն ու նպատակները, այլեւ անուան տարբերակները։ Համբարձման տօն՝ յայտնի նաեւ Կաթնապրի կամ Վիճակի տօն անուններով։
Կաթնապրի, որովհետեւ աւանդութեան համաձայն այդ օրը սուրբ կաթնապուր էր պատրաստւում, որը ցօղւում էր արտերում ու դաշտերում՝ այդպիսով օծելով ու օրհնելով մայր բնութիւնը։ Վիճակի, որովհետեւ այդ օրը վիճակի, գուշակութիւնների օր էր։ Դրանցից էին զորօրինակ եօթ տեսակ ծաղիկ, եօթ տեսակ ծառի տերեւ, եօթ աղբիւրից եօթ բուռ ջուր, եօթ հոսող առուից եօթ քար հաւաքելը եւ այլն...
Ահա մտովի հասնենք այն ժամանակները, երբ հայոց բոլոր ազգագաւառները լեցուն էին հայ մանուկների եւ պատանիների խինդ ու եռանդով, երբ Վանում, Մուշում, Ակնում ու Կարինում, Անիում ու Կարսում, Արարատեան դաշտավայրում ու Զաբախա երկրում, Սիւնիքում ու Արցախում ամէնքը միասին ու միաժամանակ ճամբայ էին ընկնում դէպի սարերն ու դաշտերը՝ տօնելու Համբարձումը։ Զուարթ, բարի, հրաշալի Համբարձումը...
«Ձեռին մի բոյս՝ կանաչ ու կոյս՝
Խորհրդաւոր ձորէն քաղել ու բերել։
Ծաղիկ-ծաղիկ քեզ որոնել՝
Ամպի տակին՝ արեւծագին շունչ առել,
Ջրի մօտին, կանաչ խոտին՝
Գլխիդ վերեւ ծիրան-գօտին փունջ արել»
(Կոմիտաս)
Համբարձման գիշերը կախարդանքով էր հիւսւում։ Բացւում էին երկնքի ոսկի դռները եւ շուրջբոլորը շաղախւում էր աստուածային անհուն խորհրդով։ Դրախտի ջրերը կաթկթում էին երկրային առուների ու աղբիւրների մէջ, ցօղ էին դառնում խոտերի ու ծաղիկների վրայ։ Եւ ամէնքը աճապարում էին դէպի գետերն ու լանջերը՝ հաղորդուելու հրաշաբեր եւ ապաքինող ջրերին։
Բայց որ ամէնից յուզիչն էր ու հայու համար ամէնից սպասելին՝ գիշերը բացւում էր Մհերի դուռը, եւ Մհերի ձին շրջում էր հայոց աշխարհում ու գանձեր բաշխում։ Եւ ամէն տարի հայերը սրտատրոփ սպասում էին՝ իսկ գուցէ այս անգամ Մհերն ինքը դուրս գայ քարայրից։
Պատմում են, որ մի անգամ մէկը անցնելիս է եղել Մհերի դրան մօտով, նկատել է, որ այն բաց է եւ ներս մտել։ Ձին բեռնել է ոսկի-արծաթով եւ դուրս եկել։ Ապա նկատել է, որ ձեռքի գաւազանը թողել է քարայրում։ Ետ է դարձել այն վերցնելու, բայց կախարդանքի ժամն անցել է, դուռը փակուել է, եւ մարդը մնացել է ներսում։ Գալ տարի նոյն օրը, նոյն ժամին բացուել են քարայրի դռները եւ մարդը՝ հաւաքած գանձով ողջ-առողջ դուրս է եկել այրից։
Վիճակն անտարբեր չի անցել նաեւ Լէյլիի եւ Մէճնունի կողքով։ Երկրային կեանքում իրենց մուրազին չհասած սիրահար զոյգը խնդրում է Աստծուց իրենց աստղ դարձնել եւ կանչել իր մօտ՝ երկինք։ Աստուած կատարում է Լէյլիի եւ Մէճնունի խնդրանքը, եւ ամէն տարի Համբարձման գիշերը երկնակամարի հեռու խորքերից գալիս իրար են միանում Լէյլին եւ Մէճնունը, կարօտագին գրկախառնւում, եւ ապա նորից դառնում իրենց տեղերը։ Համբոյրին ականատես ամէն մարդու այդ պահին ասուած իւրաքանչիւր խնդրանքը կատարւում է։
Համբոյրի պահին ողջ տիեզերքը կանգ է առնում՝ողջ ջրերը, ամէն ծառ ու ծաղիկ, բոլոր մարդիկ ու կենդանիները կանգ են առնում եւ մի պահ շունչները պահում, ինչին անմիջապէս յաջորդում է համընդհանուր ողջագուրանքը։ Համբուրւում եւ միմեանց են փարւում երկինքն ու երկիրը, ծառերն ու ծաղիկները, անգամ լեռները շարժւում են տեղից եւ մէկմէկու մօտենալով՝ ողջագուրւում։ Խոտերն ու ծաղիկները լեզու են առնում եւ անմիջապէս սկսում մէկըզմէկու պատմել, թէ իրենք ինչ ցաւի դեղ են կամ իրենց արմատի մօտ ինչ կայ։
Կանայք այդ պահին դուրս էին գալիս դաշտերը՝ բուժիչ խոտաբոյսեր հաւաքելու։ Իսկ տղամարդիկ օձաորսի էին դուրս գալիս. ով այդ գիշեր կարողանար սպաննել եւ երկու հաւասար մասի բաժանել առասպելական Շահմար օձին, եւ պոչի կողմն ուտել, նա կարող էր ծառ ու ծաղիկների լեզուն հասկանալ։