ՕՔՍԱՆԱ ԿԱՐԱՊԵՏԵԱՆ
oksana.karapetian@gmail.com
Եօթ սար էն կողմ, եօթ ձոր էն կողմ երանելի մի արքայութիւնում մի թագաւոր է ապրելիս լինում։ Թագաւորն ինչ անում էր, երախայ չէր ունենում։ Մի օր դուրս է գալիս շրջելու իր պարտեզում, մէկ էլ նկատում է՝ մի օձ է բուն դրել այգում, իր նորածին երախաներին գրկախառնուել, գուրգուրում է։ Դառնում է, թէ՝ «Աստուած ողորմած, մի՞թէ ես այս օձի չափ արժանիք չունեմ, որ ինձ գէթ մի երախայ չես պարգեւում»։
Աստուած լսում է արքայի խնդրանքը եւ որոշ ժամանակ անց թագուհին զաւակ է ծնում՝ կէսը՝ օձ, կէսը՝ մարդ։ Օձամանուկն այնքան արագ է հասունանում, որ մէկ շաբաթ անց արդէն իսկական օշափ-վիշապ է դառնում։ Սրան ինչ տալիս են, չի ուտում, լալիս ու գոռում է՝ անօթի է։
Մի օր նազիրի աղջիկը գալիս է նրան տեսակցութեան։ Օձամանուկն էլ իսկոյն յափշտակում աղջկան, կուլ է տալիս։ Այսպէս հասկանում են՝ ինչ է նրա ուզած «ուտելիքը»։ Տանում-փակում են մի խոր վիրապում։ Ամէն օր թագաւորի զինուորները մի խեղճ աղջիկ են բռնում, բերում գցում հորը։
Տարիներ են անցնում։ Հերթը հասնում է Արեւհատին։ Երազում նրան խորհուրդ են տալիս իր հետ վերցնել երեք կուժ կաթ, դանակ, փաթաթուել գոմէշի կաշուի մէջ ու պարանով իջնել հորը։ Օձը, երբ ներքեւից կանչի, թէ՝ «Դուրս եկ գոմէշի կաշուից, քեզ ուտեմ», Արեւհատը երեք անգամ պէտք է ասի. «Դուրս ելիր այդ օձի շապիկից, որ քեզ կաթով լողացնեմ»։ Օձը դրանից կը պատռուի։ Արեւհատը այդ ժամանակ պէտք է դանակով կտրի պարանը, իջնի հորի յատակը, դուրս գայ գոմէշի կաշուից եւ տղային կաթով լողացնի։
Աղջիկն այդպէս էլ անում է, օձը բարկութիւնից պատռւում է, օձի շապկից դուրս է գալիս մի սիրուն տղայ, որին աղջիկը կաթով լողացնում է։ Նազիր-վեզիրները գալիս թագաւորին աւետում են, թէ քո օձամանուկը փոխակերպուել, մի հրաշամանուկ է դարձել։
Օձամանուկը հրամայում է իրենց հանել խոր վիրապից, խնջոյք կազմակերպել ու հարսանիք խաղալ։ Թագաւորը, թագուհին, բոլոր պալատականներն ուրախանում են, Արեւհատին ու Օձամանուկին հորից հանում, հարսանիք անում, ամուսնացնում։
Այդուետք թագաւորը հարցնում է Արեւհատին, թէ ինքը ով է, ինչացու է։ Արեւհատն էլ պատմում է, թէ ինքը մի աղքատ մարդու աղջիկ է, մայր չունի։ Խորթ մայրը նրան ամէն օր մի պատառ հաց է տալիս, ուղարկում հովուութիւն անելու։
Օրերից մի օր նրա ժապաւէններից մէկն ընկնում է երկու քարի արանքը, իջնում է, որ բարձրացնի, գետինը յանկարծակի պատռւում, բացւում է, եւ մի պառաւ կին այնտեղից խնդրում է օգնել իրեն դուրս գալ։ Ձորով իջնում է, գտնում է պառաւի խրճիթի մուտքի դուռը։ Մտնում է, որ հանի նրան, դուռը փակւում է։ Պառաւը հրաւիրում է նրան տուն, պատուիրում սրբել յատակը, քութութել գլուխը՝ ամէն անգամ հարցնելով, թէ ում տունն է մաքուր, իրենը՞, թէ՞ աղջկանը, ում մազերն են առաւել մաքուր՝ իրենը՞, թէ աղջկայ մօ՞ր։ Արեւհատը ծեր կնոջ սիրտը չվիրաւորելու պատճառով ամէն անգամ նրա օգտին է պատասխանում։
Վերջը պառաւը խնդրում է թոյլ տալ մի քիչ ննջել Արեւհատի ծնկներին։ Պատուիրում է, որ երբ դեղին ջուր գայ, իրեն արթնացնի՝ միեւնոյն ժամանակ զգուշացնելով, որ մինչ դեղին ջուր գալը սեւ ջուր կու գայ, այդուհետեւ՝ կարմիր։ Աղջիկն այդպէս էլ անում է։ Պառաւը զարթնելով՝ բռնում է աղջկայ մազերից եւ ընկղմում նրա գլուխը դեղին ջրի մէջ։ Աղջկայ մազերը ոսկեգոյն են դառնում։ Գալիս է տուն, խորթ մայրը պատուիրում է քրոջն էլ տանել այդտեղ։
Բայց քոյրը Արեւհատի չափ նրբանկատ չի գտնւում պառաւի նկատմամբ, անընդմէջ յիշեցնելով նրան, որքան կեղտոտ է նրա տունը, փնթի են վարսերը... Պառաւն էլ պատուիրում է նրան արթնացնել, երբ սեւ ջրերը գան։ Պառաւը նրան ընկղմում է սեւ ջրի մէջ, աղջիկը սեւ սաթ է դառնում, ճակատից էլ մի մսի կտոր է կախւում։
Խորթ մայրը սաստիկ բարկանում է, ծեծում ու դուրս վռնտում տնից։ «Ես էլ նստած ծառի տակ լաց էի լինում, երբ քո զինուորները ինձ բռնեցին, բերին։ Ասացի՝ ուր էք տանում ինձ։ Իրենք էլ պատասխանեցին, թէ. «Քեզ տանում ենք թագաւորի տղու համար»։
«Ես էլ վեր կացայ էկայ, Ապրի Թագաւորը»։