Ժխտողականությունն էլ ջարդ է

Կան ֆիլմեր, որոնց վերնագիրն անգամ հուշում է ֆիլմի ծանրությունը՝ մինչև ֆիլմը դիտելը։ «Ո՞վ սպանեց հայերին» փաստա-վավերագրականը նման ֆիլմերից է։

Եգիպտոսցի հաղորդավար Մարիամ Զաքիի և ռեժիսոր Մուհամեդ Հանաֆիի համատեղ աշխատանքն է, որը անդրադառնալով հայերին կոտորողների խնդրին, ներկայացնում է հեղինակների խղճի պարտքը ցեղասպանության զոհերի, ապագա սերունդների և համայն մարդկության առջև։

Յոթանասուն րոպեանոց այս փաստա-վավերագրականն առաջին նմանօրինակ ֆիլմն է Եգիպտոսում։ Ֆիլմը արաբերան է։ Ֆիլմի որոշ հատվածներ հայերեն են, իսկ անգլերեն ենթագրերն առկա են ֆիլմի ամբողջ ընթացքում։ Արաբերենի ընտրությունը փաստա-վավերագրական ֆիլմում տեղ գտած ամեն տեսակի գաղութացման ջանքերի դեմ արժանապատիվ կեցվածքի դրսևորում է։ Եգիպտոսը ցանկացել է իր ձայնը լսելի դարձնել իր մայրենի լեզվով, ինչպես նաև հիշեցնել օսմանյան շրջանում իր սեփական հողերում ենթարկված ջարդերի մասին։ 

Քեզան ֆիլմում ցույց է տալիս, թե ինչքան սխալ էին այդ շրջանում Եգիպտոսի շուրջ իշխանությունը տարածած Անգլիայի ենթադրություններն առ այն, որ Մուսա լեռան հերոսամարտից փրկված և Պորտ Սաիդ տեղափոխված քրիստոնյա հայ գաղթականները խնդիրներ են ունենալու մահմեդական եգիպտոսցիների հետ։ Եգիպտոսը ցեղասպանությունից մազապուրծ փրկվածներին և հայ որբերին իր գիրկն ընդունող կարևոր երկրներից մեկն է դարձել։ Ֆիլմի հստակ և համընդհանուր շարադրանքը մարդկանց մտքերին և սրտին դաջում է ժխտողականության վերացման անհրաժեշտությունը, որպեսզի նմանատիպ ցավերն այլևս երբեք չկրկնվեն։ 

Արխիվ կոչվածը

Փաստա-վավերագրական ֆիլմի նախապատրաստական աշխատանքները 10 ամիս են տևել, և ֆիլմը 600 ժամ տեսագրություններից է մոնտաժվել։ Ֆիլմի նկարահանման աշխատանքները Հայաստանում, Եգիտոսում և Լիբանանում են տեղի ունեցել։ Ֆիլմի վերնագրին համապատասխան՝ ռեժիսորները ֆիլմում օգտագործել են աղբյուրներ, որոնց մի մասն առաջին անգամ է օգտագործվում։ Ֆիլմում նաև իրական փշաքաղեցնող տեսագրություններ են տեղ գտել։ Հատկանշական է շեշտադրությունը, որ Հայաստանի ցեղասպանության թանգարանում և Հայաստանի պետական արխիցում տեղ գտած պաշտոնական նամակագրությունները, անձնական գրությունները և մասունքները հասանելի են ինչպես արխիվի պատասխանատուներին, այնպես էլ թուրք հետազոտողներին։ Ի դեպ՝ մերօրյա Թուրքիայից միայն ժամանակին վարչապետ, այժմ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անունն է հիշատակվում ֆիլմում։ Ֆիլմը հայկական հարցի շուրջ նրա արտահայտած տեսակետների իրական պատկներն է ներկայացնում։ Նա բղավում է․ «Հայաստա՛ն, արխիվներդ բացիր», Հայաստանի իշխանությունների պատասխանն է գալիս․ «Թաքցնելու ոչինչ չունենք, արխիվը բոլորիդ համար բաց է, համեցեք»։ Հնչում են նրա՝ «Մեր նախնիները ցեղասպանություն չէին անի» խոսքերը, ապա ցուցադրվում են Օսմանյան կայսրության՝ Եգիպտոսում իրականացրած գործողությունները։ Պաշտոնական ժխտողական քաղաքականությունն արտացոլող նրա անձի կողքին ներկայացվում են նամակագրություններ և վկայություններ, որոնց մասին երբեք այս կողմերում չի խոսվել։ 

Ֆիլմը, սկսելով Աբդուլ Համիդյան 1894-1896թթ․ կոտորածներից, ժամանակագրական հերթականությամբ հասնում է 1909թ․ Ադանայի կոտորածին, որից հետո 1915թ․ վերջնական ջարդերին։ Ֆիլմի սկզբում տարբեր մարդկանց խոսքի ամենացայտուն հատվածներն ենք լսում, ապա ֆիլմի ընթացքում լսում ենք նրանցից յուրաքանչյուրի ամբողջական խոսքը։ Ուստի ֆիլմը, կարծես, բացվում է լոտոս ծաղկի պես։ Քեզան հարցազրույցներ է իրականացնում ցեղասպանությունից փրկվածների հետ, ովքեր բնակվում են Հայաստանում՝ Դավթաշենում, և շարունակում են պահպանել մեկ դար առաջվա կենսակերպը։ Այս հարցազրույցները զգացնել են տալիս օրերից մի օր հայրենիքից արմատախիլ արվելու և ոչնչացման ճանապարհներները նետվելու սարսափը։ Փաստա-վավերագրական ֆիլմում ներկայացված են այնպիսի ակնառու հոգևոր առաջնորդներ, ակադեմիկոսներ, պատմաբաններ և ակտիվիստներ, ինչպիսիք են Ռիչարդ Հովհաննիսյանը, Վերա Յակուբյանը, Հայկ Դեմոյանը, Մուհամեդ Ռեֆաթ ալ-Իմամը, Ռուբեն Սաֆրաստյանը, Ջանդան Բադեմը, Հրանուշ Հակոբյանը, Աշոտ Մելքոնյանը, Թաներ Աքչամը, Կիլիկիա կաթողիկասության առաջնորդ Արամ Ա-ն, Էջմիածնի կաթողիկոս Գարեգին Բ-ն և այլք։

Պատմությունը հասկանալու համար

Մարիամ Զաքին Armenian Weekly-ից Նորա Քյուհնելիանին տված հարցազրույցում այս նախադասություններով էր ներկայացրել ֆիլմի փիլիսոփայությունը․ «Հայոց ցեղասպանության մասին մտածելը մեր սեփական պատմությունը հասկանալու, ավելի խոր ինքնության զգացումով մեզ անդրադառնալու ճանապարհն էր։ Արաբական գարունը ստիպում է մեզ նոր գնահատականներ տալ երևույթներին։ Վերջին տարիներին շատ դիմակներ են պատռվել։ Ճշմարտությունը որոնելը մեր մշտական պարտքն է»։

Այս փաստա-վավերագրական ֆիլմը, որը նկարահանվել է պարտքի և պատասխանատվության զգացողությամբ, դիտողներին «Ի՞նչ եք անելու այժմ, երբ արդեն գիտեք ճշմարտությունը» հարցն է ուղղում։ Ֆիլմը ժամանակի վարչապետ Էրդողանի ցավակցական ուղերձի այս տողերն է հիշեցնում․ «Հույս ունենալով և հավատալով, որ հնագույն և աննման այս տարածաշրջանում ընդհանուր սովորույթնորի և ավանդույթների տեր ժողովուրդները կարողանալու են անցյալի մասին հասունությամբ խոսել, իրարու սազական կերպով միասին հարգելու են կորուստների հիշատակը՝ մաղթում եմ, որ 20-րդ դարասկզբի պայմաններում իրենց կյանքը կորցրած հայերը խաղաղությամբ հանգչեն, իսկ նրանց թոռներին ցավակցություններս եմ հայտնում»։

«Ո՞վ սպանեց հայերին» (Who Killed the Armenians?) փաստա-վավերագրական ֆիլմը այս ցավակցական ուղերձի կողքին կարծես վերհանում է այս հարցը․ լավ, բա էս հայերին ո՞վ սպանեց․․․



Yazar Hakkında

Կարին Քարաքաշլը