Ասք յաղագս քաջին Սմբատայ

ՕՔՍԱՆԱ ԿԱՐԱՊԵՏԵԱՆ 

oksana.karapetian@gmail.com

Լուր կ՚առնի Արտաշէս թագաւորն հայոց, թէ կնքել է իր մահ­կա­նացուն հայ­րը Սա­թենի­կի, եւ այժմ Ալա­նաց աշ­խարհին բռնու­թեամբ տի­րում է կողմնա­կի մէ­կը, ով հա­լածում է Սա­թենի­կի եղ­բօրն ու ալա­նաց ազ­գը։ Բա­րեպաշտ Ար­տա­շէսն իր մօտ է կան­չում քաջ այր Սմբատ Դրա­կոն­տի­կոնին եւ հրա­մայում ար­շա­ւել Ալա­նաց աշ­խարհին տի­րած բռնա­կալի դէմ։

Սմբա­տը թէեւ ար­դէն քիչ մը ալե­ւոր էր, այդ ու ամե­նայ­նիւ չէր կորցրել իր կո­րովը եւ շատ երի­տասարդնե­րից էլ աւել զօ­րեղ ու քաջ էր։ Առաս­պե­լը պատ­մում է, որ Սմբատն իր վե­հու­թեամբ ու առա­քինու­թեամբ ոգի­ներ էր որ­սում եւ բո­լոր մարդկան­ցից առա­ւել յա­ջողու­թեան շնորհք ու­նէր պա­տերազմնե­րու մէջ։

Արա­գաշարժ ու փութկոտ ան­ձի եւ մարմնի հետ նա միաժա­մանակ զգոյշ էր ամէն բա­նում։ Յայտնի էր իր բա­զում քա­ջագոր­ծութիւննե­րով, իւր քա­ջու­թեանն հա­մեմատ հա­սակ ու­նէր, վա­յել­չա­ցած էր գե­ղեցիկ ալե­ւոր մա­զերով, աչ­քե­րի մէջ արիւ­նի փոք­րիկ նշա­նով, զոր «որ­պէս դրա­կոն­տի­կոն ի վե­րայ ոսկւոյ եւ ի մէջ մար­գարտոյ ծա­գէր»։

Ասենք, որ Խո­րէնա­ցու գոր­ծա­ծած այս դրա­կոն­տի­կոն բա­ռը հու­նա­րենից թարգմա­նաբար նշա­նակում է փոք­րիկ վի­շապ։ Դրա­կոն­տի­կոն ակը նոյն սար­դո­նիկսն է՝ եղնգնա­քարը, որ է կար­միր թան­կարժէք քար, որի յու­նա­րէն անու­նը, ինչպէս գտնում է առաս­պե­լագէտ Սար­գիս Յա­րու­թիւնեանը, բա­ցառո­ւած չէ, որ ծա­գած լի­նի օձե­րի թա­գաւո­րի՝ Շահ­մա­րի գլխին պատ­կե­րացո­ւող ան­գին քա­րի առաս­պե­լական հա­ւատա­լիքից։

Արդ քա­ջարի Սմբա­տը ար­շա­ւում է բռնա­կալի դէմ եւ յաղ­թութիւն տա­նելով գա­հըն­կէց է անում նրան՝ Ալա­նաց գա­հին բարձրաց­նե­լով օրի­նաւոր թա­գաժա­ռան­գին՝ Սա­թենի­կի եղ­բօ­րը։

Այ­դու ետք նա զօր­քով ար­շա­ւում է ալան­նե­րին թշնա­մի եր­կի­րը, աւե­րում եր­կիրն ու ժո­ղովրդին գե­րի վերցնում։ Գե­րինե­րի մեծ բազ­մութեամբ նա դառ­նում է դէ­պի Ար­տա­շատ, ուր Ար­տա­շէս ար­քա­յից հրա­ման է առ­նում՝ բնա­կեց­նել գե­րինե­րին Արա­րատ լե­րան հա­րաւ-արե­ւելեան կող­մում, որ այնժամ դեռ կոչ­ւում էր Շա­ւար­շա­կան գա­ւառ՝ միաժա­մանակ այդ գա­ւառի վրայ թող­նե­լով վե­րաբ­նա­կեցո­ւած գե­րինե­րի հայ­րե­նիքի անու­նը՝ որ էր Ար­տազ։ Յե­տագա­յում այն մեզ յայտնի կը դառ­նայ եւս մէկ անո­ւամբ՝ Մա­կու, Մա­կուի շրջան։

Երբ մա­հանում է պար­սից Ար­շակ վեր­ջին թա­գաւո­րը, մեր Ար­տա­շէսը Պար­սից աշ­խարհի վե­րայ թա­գաւո­րեց­նում է իրեն հա­մանուն Ար­տա­շէսին՝ նրա որ­դուն։ Սա­կայն նրան չեն կա­մենում հնա­զան­դը­ւել իրենց լե­զուով Պա­տիժա­հար կո­չուած գա­ւառի Գե­ղումնե­րի լեռ­նե­րի եւ Կաս­պից ծո­վի եզեր­քի բնա­կիչ­նե­րը։ Այս առի­թով հա­յոց Ար­տա­շէս ար­քա­յի դէմ է ապստամ­բում Կաս­պից եր­կի­րը։ Ուստի Ար­տա­շէս Բա­րեպաշ­տը ապստամբնե­րի դէմ է ու­ղարկում զօ­րավար Սմբա­տին՝ հա­յոց ամ­բողջ զօր­քով, ինքն էլ եօթ օր ճամ­բայ է անցնում նրանց հետ։

Սմբա­տին յա­ջող­ւում է հնա­զան­դեցնել բո­լոր ապստամբնե­րին, իսկ ինչ վե­րաբե­րում է Կաս­պից երկրին, ապա Սմբա­տը աւե­րում է այն եւ այնտե­ղից Հա­յաս­տան բե­րում Ար­տա­զի գե­րինե­րից էլ շատ գե­րիներ, այդ թւում՝ նրանց Զարդմա­նոս անու­նով թա­գաւո­րին։

Մեր Ար­տա­շէս ար­քան, ըստ ար­ժանւոյն գնա­հատե­լով Սմբա­տի յաղ­թա­նակ­նե­րը, նրան է պար­գե­ւում Գողթն գա­ւառի գիւ­ղե­րում եղած ար­քունի հո­ղերը եւ Ուղտի ակունքնե­րը, եւ բա­ցի սրա­նից, նրան է թող­նում ամ­բողջ աւա­րը։

Սրա­նից խիստ նեղ­ւում են Ար­տա­շէսի որ­դի­ները, եւ ար­քա­յազն Ար­տա­ւազ­դը փոր­ձում է սպան­նել Սմբա­տին։ Նրա դա­ւադ­րութիւ­նը ձա­խող­ւում է, իսկ այդ մա­սին լու­րը խիստ վշտաց­նում Ար­տա­շէս ար­քա­յին։

Այ­սու ամե­նայ­նիւ, Սմբա­տը տե­ղի տա­լով հե­ռանում է Ասո­րես­տա­նի կող­մե­րը՝ իր կամ­քով թող­նե­լով հա­յոց զօ­րապե­տի իշ­խա­նու­թիւնը, ին­չի վրայ աչք ու­նէր Ար­տա­ւազ­դը։

Սմբատն իր ծեր տա­րիքում կին էր առել մի ասո­րես­տանցու, ում այնքան շատ է սի­րում, որ գե­րադա­սում է գնալ-բնա­կուել իր սի­րելի կնոջ հայ­րե­նիքի կող­մե­րը։

Ար­տա­շէսի հրա­մանով Սմբա­տը բնա­կու­թիւն է հաս­տա­տում Տմո­րիքում, որ յե­տագա­յի Կորդրիքն է եւ գտնւում է Վա­նայ լճից հա­րաւ՝ Հիւ­սիս-արե­ւելեան Միջագետքի մերձակայքում՝ Կորճէք աշխարհում։ Իսկ բազմաթիւ գերիներին Սմբատը նստեցնում է Ալկիում, որ էր բերդաքաղաք Կորդրիք գաւառում։