Հայազգի պատգամավորները՝ «ցավակցության ուղերձի» մասին

Թուրքական խորհրդարանի հայազգի պատգամավորները «Ակօս»-ի հետ զրույցում մեկնաբանել են ապրիլի 24-ի 101-րդ տարելիցի կապակցությամբ Պոլսո հայոց պատրիարքարանի կազմակերպած պատարագը և Թուրքիայի նախագահ Էրդողանի ցավակցական նամակը։

Քումքափըի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում իրականացվող ապրիլ 24-յան պատարագին ներկա էին նաև հայազգի պատգամավորներ Սելինա Դողանը, Կարո Պայլանը և Մարգար Եսայանը։

Պատարագից հետո՝ «Ակօս»-ի հետ զրույցում, Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավորները իրենց տեսակետներն են ներկայացրել իրականացվող ապրիլ 24-յան պատարագի, Էրդողանի «ցավակցական ուղերձի» մասին։


«Ֆիզիկապես և հոգեպես խոչընդոտվել է մարդկանց եկեղեցի գնալը»

ԺՀԿ (Ժողովրդա-հանրապետական կուսակցություն՝ CHP) Ստամբուլի պատգամավոր Սելինա Դողան․

«Ցավոք այս տարին շատ հեռու է երկու տարի առաջվա պատկերից։ Անգամ Սուրբ Զատիկը անվտանգության արտակարգ միջոցառումներով ենք նշել։ Այսօր, ցավոք, Թուրքիայի քաղաքականությունը բևեռացված վիճակում է, երկիրը՝ հայնտի ահաբեկչական խմբավորումների թիրախում։ Այսօր մեկ ուրիշ խոչընդոտ էլ կա․ ինչպես հարգարժան պատրիարքական փոխանորդը նշեց՝ նախագահական հեծանվավազքի պատճառով ճանապարհները փակ են։ Սա նշանակում է, որ մարդկանց այցելությունը եկեղեցի խոչընդոտվել է և՛ հոգեպես, և՛ ֆիզիկապես։ Սա իսկապես կարևոր է․․․ Ցավում ենք, այսպիսի օրով այստեղ ավելի շատ մարդ պետք է լիներ։ Ինչ վերաբերում է Թուրքիայի առերեսման հարցին՝ Թուրքիան ի վիճակի չէ առերեսվել ավելի մոտ պատմությանն անգամ, էլ ինչ խոսք 101 տարի առաջվա մասին։ Ցավոք բոլոր համակրգերը խցանված են՝ խոսքի իրավունք, մտքի իրավունք։ Դրական եմ համարում այն, որ նախագահը ցավակցության ուղերձ է հղել։ 

Մաղթում ենք, որ նախորդ տարիներին մեծ թափ առած երկու ժողովուրդների մտերմացման համար քաղաքական քայլերը շարունակվեն առանց Հայաստանի դեմ նախապայմանների։ Ցանկանում ենք առանց նախապաշարումների և ընկերական, խաղաղ կերպով շարունակել ապրել այս երկրում և ցավերին առերեսվել։ Մեր ցանկությունն է Թուրքիայի ազգային մեծ ժողովի տանիքի տակ այս թեման քննարկել ավելի մարդկային, խելացի և բարփխիղճ կերպով»։


«Առերեսման կամքը սառնարանում է»

ԱԺԿ (Ազգերի ժողովրդավարական կուսակցություն՝ HDP) Ստամբուլի պատգամավոր Կարո Պայլան․

«Կարևոր եմ համարում այն, որ պատարագը երկրորդ անգամ է իրականացվում։ Սակայն անցած տարվա պատարագին վարչապետը, պատգամավորներ էին մասնակցում։ Ավելի կարևոր էր, քանի որ առերեսման կամք կար։ Ցավակցական ուղերձ էր ընթերցվում։ Այս տարի տեսնում ենք, որ ամեն ինչ ապարդյուն էր։ Ակնհայտորեն տեսնում ենք, որ առերեսման կամքը սառնարանում է (սառեցված է-թերթի խմբագրություն)։ Մի կառավարություն կա, որը հաշվի չի առնում այս վայրը, ճանապարհին հեծանվարշավ կար, ճանապարհները փակ էին։ Այնպես են արել, որ նախագահական հեծանվարշավը համընկնի ապրիլի 24-ին։ Անցած տարի այս օրը նախագահականը մեկ այլ արարողություն էր նշանակել Չանակքալեում։ Այս տարի, իհարկե, հասկացել են, որ դա հիմարություն էր և չեղյալ են համարել, սակայն այս տարի էլ հեծանվարշավն են այդ օրը նշանակել։ Հայերն այս տարածաշրջանում բնակչության մեկ հինգերորդ են եղել, այսինքն ամեն հինգերորդը հայ է եղել, և ամեն հինգերորդը ոչնչացվել է․․․ Այսօր փոքրամասնության կարգավիճակում ենք, իսկ նախագահականը այս օրով հեծանվարշավ է իրականացնում։ Սակայն երբ այս օրը Թուրքիայի համար կարևոր օրվա վերածվի, այն ժամանակ արդեն առերեսումն իրականացված կլինի։ Եթե ապրիլի 24-ը աշխարհում կարևոր օր է, ապա Թուրքիայի համար 100 անգամ ավելի կարևոր պետք է լինի»։

«Ցավակցական ուղերձը հասարակության շրջանում փոփոխության համար կարևոր հնարավորություն է»

ԱԶԿ (Արդարություն և զարգացում կուսակցություն՝ AKP) Ստամբուլի պատգամավոր Մարգար Եսայան․

«99-րդ տարելիցին առաջին հիշատակի արարողությունն իրականացրեցինք այստեղ, ամեն անգամ ներկա եմ գտնվել։ Այդ ժամանակ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն առաջին ցավակցական ուղերձն էր հղել։ Դա շատ կարևոր բեկում է պատմության մեջ։ Այսօրվա ցավակցական ուղերձն էլ։ 99-րդ տարելիցին՝ երկարատև ընդմիջումից հետո առաջին անգամ այս հողերում 1915թ․ ապրիլի 24-ին կորցրած մեր պապերի հիշատակին նվիրված կրոնական պատարագ իրականացրեցինք։ Եվ սա արեցինք առանց վախի, օրինական կերպով և պետական քաջալերությամբ։ Ես սա համարում եմ հայերի սուգին վերջ տալու, թուրքերի և հայերի, Թուրքիայի և Հայաստանի, Թուրքիայի և սփյուռքի միջև շատ կարևոր հնարավորություն։ Կարծում եմ՝ այս ցավակցական ուղերձև փոփոխության, հասարակության փոփոխության համար կարևոր հնարավորություն է։ Հույս ունեմ, որ սա սկիզբը կլինի մի գործընթավի, որը կվերացնի երկու ժողովուրդների, երկու երկրների միջև եղած նախապաշարումները։ Հուսով եմ»։



Yazar Hakkında

Միրան Մանուկյան