ՕՔՍԱՆԱ ԿԱՐԱՊԵՏԵԱՆԿԱՐԱՊԵՏԵԱՆ
oksana.karapetian@gmail.com
Աժդահակի ծրագրերն իրագործւում են։
Մարաստանի թագաւորը նամակ էր ուղարկել հայոց արքայից արքայ Տիգրան Մեծին, որով իր ցանկութիւնն էր արտայայտում կնութեան առնել արքայաքոյր Տիգրանուհուն՝ այդպիսով հայոց ու մարաց միջեւ դաշնակցութիւնը որպէս բարեկամութիւն կնքելով։ Սակայն Աժդահակի նպատակներն աւելի հեռուն էին ձգւում։
Երբ նա իր երազից վախեցած լսում էր իր պալատականների խորհուրդները, ի վերջոյ այսպիսի որոշում առեց.
«Տիգրանի դէմ որոգայթ լարելու ամենայարմար ձեւը նրա քրոջը՝ գեղեցկագոյն եւ խոհեմ Տիգրանուհուն, կնութեան առնելն է։ Մեր խնամիական կապերը նախ լայն հնարաւորութիւն կ՚ընձեռեն ազատ ու համարձակ երթեւեկութեան, ապա եւ Տիգրանի մտերիմներին գանձերով ու պատուի խոստումներով կաշառելու, որպէսզի նրանք կամ թաքուն սպաննեն Տիգրանին, կամ էլ նրան լքելով՝ մատնեն մեզ՝ իբրեւ մի անզօր տղայի»։
Տիգրանը՝ անտեղեակ իր դէմ նիւթուող խարդաւանքին, քրոջն արքայավայել ուղարկում է Մարաստան։ Աժդահակը, հմայուած չքնաղ Տիգրանուհու գեղեցկութեամբ, նրան տիկնութեան կարգի մէջ է հաստատում եւ իր թագաւորութեան մէջ ամէն ինչ կատարում նրա կամքով ու ցանկութեամբ, հրամայում է անգամ, որ բոլորը Տիգրանուհու հրամանին ենթարկուեն եւ ամէն ինչ կատարեն նրա ուզածի պէս։
Սակայն այդու ետք նա սկսում է մեղմ շողոքորթութեամբ Տիգրանուհուն տրամադրել եղբօր դէմ։
—Դու տեղեակ չես— ասում է Աժդահակը, —որ քո եղբայր Տիգրանը կնոջ՝ Զարուհու դրդմամբ, նախանձում է քեզ Արեաց տիկին դառնալուդ համար։ Այս նախանձի հետեւանքը կը լինի իմ մահը, որից յետոյ Զարուհին ինքը կը դառնայ Արեաց վրայ տիկին եւ աստուածուհիների տեղը կը գրաւի։ Այժմ ամէն ինչ քեզնից է կախուած, կա՛մ պիտի լինես եղբայրասէր եւ յանձն առնես մեր խայտառակ կործանումը Արեաց առաջ, կամ քո բարին գիտակցելով, մի օգտակար խորհուրդ խորհես մեր ապագայի մասին։
Իմաստուն Տիգրանուհին հասկանում է, որ եթէ ինքը Աժդահակի կամքին հակաճառուի, կը սպաննուի։ Ուստի նա մեղմ ու սիրալիր խօսքերով հանգստացնում է Աժդահակին՝ միաժամանակ մտերիմների միջոցով շտապ յայտնելով եղբօրը նրա դէմ դիւթուող դաւաճանութեան մասին։
Աժդահակը պատգամաւորներ է առաքում Տիգրանի մօտ՝ առաջարկելով բարեկամական տեսակցութիւն՝ իրենց երկու պետութիւնների սահմանագլխին։ Տիգրանը, ով արդէն նախապէս տեղեակ էր Աժդահակի նենգ դիտաւորութեանը, նամակով բացայայտ գրում է նրա հոգում թաքցրած խարդախ խորհուրդների մասին։ Երկու տէրութիւնների միջեւ ծայր է առնում լարուած թշնամութիւն։
Արքաները սկսում են նախապատրաստուել պատերազմի։
Հայկազունի Տիգրանը Կապադովկիայի սահմաններից, Վրաց եւ Աղուանից աշխարհներից, Մեծ ու Փոքր Հայքից հաւաքում է իր ընտիր զօրագնդերը եւ իր ամբողջ զօրութեամբ, սքանչելի զինավառուած՝ դիմում մետացւոց կողմերը։ Սակայն քրոջ Մարաստանում գտնուելու պատճառով պատերազմն առայժմ չի սկսում։
Այս լարուած հակառակութիւնը տեւում է մօտ հինգ ամիս, այդ ընթացքում Տիգրանին յաջողւում է Տիգրանուհուն փրկել եւ ազատել Աժդահակից։
Շատ երկար է ձգւում ճակատամարտը, քանզի քաջերի դէմ ելնելով՝ մէկը միւսին դիւրութեամբ թիկունք չէր դարձնում։ Ի վերջոյ, Տիգրանն իր երկար նիզակով այնպէս է հարուածում Աժդահակի կրծքին, որ երկաթէ ամուր զրահը ջրի պէս ճեղքելով՝ նրան շամփրում է նիզակի լայնաթեւ տէգին, եւ երբ նիզակը դուրս է քաշում, Աժդահակի թոքի կէսը մնում է զէնքի ծայրին։
Յաղթական կռուից յետոյ հայոց արքան Տիգրանուհուն մեծ բազմութեամբ եւ արքայավայել ուղարկում է Տիգրանակերտ քաղաքը եւ հրամայում շրջակայ գաւառները դնել քրոջ ծառայութեան տակ։
Յետագայում Տիգրանուհու սերնդից է սկիզբ առնում այս կողմերում յայտնի «Ոստան ազատութեան» կոչուած արքայազարմ ազնուական դասակարգը։
Իսկ Աժդահակի առաջին կնոջը՝ Անուշին, եւ Աժդահակից սերուած բազմաթիւ պատանիների ու աղջիկների՝ գերիների բազմութեամբ հանդերձ՝ աւելի քան տասը հազար մարդ Տիգրանը Մարաստանից բերում, բնակեցնում է Մասիսի արեւելեան փէշերին՝ մինչեւ Գողթն գաւառի սահմանները՝ Նախճավանի ամրոցի դիմաց։ Այդ բնակավայրերն են Տամբատ, Ոսկիողա, Դաժգոյնք եւ Երասխի ափին գտնուող այլ դաստակերտներ, որոնցից մէկն էլ Վրանջունիքն է։
Տիգրանը մարացիներին է թողնում նաեւ գետի միւս ափին գտնուող Խրամ, Ջուղա եւ Խորշակունիք աւանները եւ մինչեւ Նախճավանի ամրոցն հասնող ամբողջ դաշտը։
Անուշին, իր զաւակներով հանդերձ, Տիգրանը խաղաղ բնակեցնում է Մասիս լերան փէշի երկրաշարժից առաջացած փլուածքի վերջում եւ նրանց տրամադրում սպասաւորներ։