ՕՔՍԱՆԱ ԿԱՐԱՊԵՏԵԱՆ
oksana.karapetian@gmail.com
Կանաչ ու Կարմիր Կիրակիները, այլ կերպ՝ Կրկնազատիկը, ուխտագնացութիւնների օրեր էին։
Կանաչ Կիրակին Զատիկի Կիրակիին անմիջապէս յաջորդող Կիրակին է։ Կանաչ է կոչւում, քանի որ բնութեան զարթօնքի, կանաչացման օրերն են։ Եկեղեցին տօնը անուանում է նաեւ Աշխարհամատրան Կիրակի՝ ի պատիւ Երուսաղէմի առաջին եկեղեցու հիմնադրման։
Տօնախմբութիւնները համարեա նոյնն էին, ինչ Զատիկի ժամանակ։ Սակայն այս անգամ մարդիկ ուխտի էին գնում մօտակայ եկեղեցիները, եւ արդէն այնտեղ եկեղեցիների մօտ՝ դաշտում, սեղան-սուփրա բացում եւ խաղ ու խնջոյք ծաւալում։ Այդպիսի եկեղեցիներ էին Պօղոս-Պետրոսի, Սուրբ Կարապետի, Սուրբ Սարգիսի, Սուրբ Յակոբի, Կարմիր Վանքի եւ այլն։
Մինչ օրս էլ Երեւանին յարող Առինջ գիւղում ուխտաւորները հաւաքւում են Գետարգել կոչուող վանքում՝ Կանաչ Կիրակին տօնելու. մատաղներ են անում, պարեր են պարում, լարախաղացներ ու նուագածուներ են գալիս, տօնավաճառներ են կազմակերպւում եւ մինչ ուշ երեկոյ խաղում են ու զուարճանում։
Հնում Կանաչ Կիրակիին էլ էին հաւկիթներ ներկւում՝ Ղզլարում դրանք անգամ կանաչ գոյնի էին։ Ուխտավայրերում դաշտերը ներկւում էին կանաչ-կարմիրով։ Եւ վերսկսւում էին խաղերը՝ վեգով խաղեր, Չիլիկ դաստայ, Մատխփուցիկ, Սատանի փոս։
Ուխտավայրերի հեռու լինելու դէպքում ուխտաւորները ճամբայ էին ընկնում Շաբաթ օրը՝ ով ոտքով, ով ձիով, ով սայլով։ Ուխտավայրեր էին ժամանում շրջիկ թափառախմբերը, մանրավաճառները։ Տօնավաճառներին զուգընթաց անց էին կացւում ձիարշաւներ, լարախաղացների մրցոյթներ։ Զուռնա-դհոլի նուագների ներքոյ խմբերը շրջան էին կազմում եւ սկսւում էին պարերը։ Յընթացս կանայք սեղան էին բացում, խորովւում էր ձուկը, լսւում էր մատաղացու գառների մայունը։
Իսկ ովքեր այս ու այն պատճառով չէին հասցրել ուխտի գնալ Կանաչ Կիրակի օրը, նրանց էր սպասում յաջորդ Կիրակին՝ Կարմիրը։ Կարմիր Կիրակին, ըստ երեւոյթին, ամբողջութեամբ կրկնում էր Կանաչ Կիրակիի խորհուրդն ու ծէսերը, միայն թէ աւելի պակաս թափով։
Այս տօներին ընդունուած էր ամուսնու տնից մարդ ուղարկել հարսի հայրական օճախ եւ դարձ գնացած հարսին ետ բերել ամուսնու տուն։ Յընթացս ուխտավայրերում տեղի էին ունենում աղջկատեսեր, նշանախօսութիւններ, նոր ծանօթութիւններ եւ բարեկամութիւններ։
Ուխտատեղիներում իրենց հագուստի կամ այլուղի մի կտոր էին կապում սուրբ համարուող ծառերի ճիւղերից՝ ի կատարումն իրենց փափաքի։ Որոշ կանայք անգամ իրենց ծամերից էին կտրում ու կապում ծառի ճիւղից՝ հաւատալով, որ այդպիսով չարիքը կը հեռանայ իրենցից ու հարազատներից։ Ամուլ կանայք ծառերի ճիւղերից ճօճք էին պատրաստում, մէջը տիկնիկ դնում՝ յուսալով, որ այդպէս կ՚արժանանան մայրանալու բերկրանքին։ Հիւանդները վզից հանում էին երկաթեայ մանեակը, որ մի ամբողջ տարի կրել էին յանուն տուեալ սրբավայրի եւ խաչի սիրոյ եւ դնում այն խաչքարի մօտ։ Խաչքարի մօտ էին դնում նաեւ տիկնիկներ կամ մարդակերպ, ձեռքի, ոտքի նմանութեամբ շինուածքներ՝ յուսալով, որ այդպէս իրենց հիւանդութիւնները հեռացնում են իրենցից եւ թողնում խաչի զօրութեանը։
1999 թուականին երջանկայիշատակ Գարերգին Ա. Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինութեամբ Կանաչ Կիրակին հռչակւում է Նորավանքի ուխտի օր։ Այդ տարի նոյն օրը նշուեց նաեւ Նորավանքի վանական համալիրի հիմնադրման 900 ամեակը։ Առանձնակի շուքով իրականացուող տօնախմբութիւնները իրենց շուրջ ժողովեցին ուխտաւորներին Հայաստանի այլեւայլ ծագերից, Արցախից, Ջաւախքից եւ սփիւռքից։
Այսօր նոր արեւ յարեալ ի
նորահրաշ արեգակնէ,
ի նորահրաշ արեգակնէ։
Այսօր նոր շուշան ծաղկեալ ի
նորատունկ բուրաստանէ,
ի նորատունկ բուրաստանէ։