ՕՔՍԱՆԱ ԿԱՐԱՊԵՏԵԱՆoksana.karapetian@gmail.com
«Երկնէր Երկին, երկնէր Երկիր,
Երկնէր եւ Ծովն Ծիրանի,
Երկն ի Ծովուն ունէր եւ զկարմրիկն եղեգնիկ.
Ընդ եղեգան փող ծուխ ելանէր,
Ընդ եղեգան փող բոց ելանէր,
Եւ ի բոցոյն վազէր խարտեաշ պատանեկիկ.
Նա հուր հեր ունէր,
Բոց ունէր մօրուս,
Եւ աչքունքն էին արեգակունք»։
Այսպէս է ծնւում Վահագնը՝ Աստուածը Արեւի, Կրակի եւ յաւիտենական Լոյսի։ Ծնուելուն պէս նա մարտի է բռնւում Վիշապի հետ, գալիս է յաղթելու խաւարը «Դրսում եւ Ներսում» եւ Լոյսը հաստատում մեր սրտերում։
Վահագնը բոցեղէն է՝ բոց մօրուքով, խարտեաշ, հուր հրեղէն վարսերով ու արեգ աչքերով։ Արեւը յաճախ անուանում էին Վահագնի կամ Միհրի աչք։
Վահագնը ազնուասիրտ մարտիկների ոգեղէն իտէալն է։ Նա նաեւ ամպրոպի ու կայծակի Աստուածն է, որից ոյժ ու զօրութիւն էին խնդրում հայոց արքաները։ Նա էր ոգի ու կորով տալիս Հայրենիքի պաշտպան մարտիկներին։
Վահագնին ծնում է արար Տիեզերքը՝ իր եռակազմ կառուցուածքով։ Նրան երկնում է Երկինքը, Երկիրը եւ Ծով Ծիրանին՝ այն ամէնը, ինչ հակադրւում է Քաօսին, Անհատակ Սեւ ջրերին։ Ուստի, անշուշտ, ծնուելուն պէս նա մարտի է բռնւում Քաօսային ոյժերի կրող ամեհի ու սարսափելի վիշապների դէմ, յաղթում նրանց ու փրկում Տիեզերքը Քաօսի կործանարար ազդեցութիւնից։
Այս մարտը կրկնւում է նաեւ ամէն տարի, երբ Արեւը, կրակն ու ջերմութիւնը վերջապէս յաղթում են ձմրանը, ցրտաշունչ շվոտներին, եւ սկսւում է Արեւի, գարնան ծաղկման ու զարթօնքի շրջանը։ Հնում գարնան առաջին օրն էին համարում Նոր Տարուայ սկիզբ։ Այդ օրը համընկնում էր մեր այսօրուայ տոմարով Մարտի 21-ի հետ։ Գարնանը տօնուող Նոր Տարին խորհրդանշում եւ նուիրւում է Երկրին, հողին, բերքին ու բնութեան զարթօնքին։ Գովերգւում է աշխարհի արարումն ու հրաշք կեանքը։ Այսօր էլ հին հաւատքին կամ, պարզապէս, հայոց աւանդոյթներին հաւատարիմ հայերը ամէն տարի Մարտի 21-ին Գառնիում մեծ շուքով, ազգագրական երգ ու պարով դիմաւորում են Վահագնի ծնունդը, ծէսերով մէկ անգամ եւս հաստատում նրա յաղթանակը խաւարի, մահուան հանդէպ։ Քանի որ Մարտի 21-ը որպէս իրենց Նոր Տարի՝ Նովրուզ, շարունակում են նշել զրադաշտ պարսիկները, Գառնիում հայերի կողքին այդ օրը կարելի է տեսնել շատուշատ պարսիկների։
Յիշենք մի առասպել, որ պատմում է Վահագնի ու Վիշապի պատերազմի մասին եւ յիշւում է վերոյիշեալ հայ արորդիների կողմից։
Երբ ծնուեց առաջին մարդը՝ Արին, Աստուածները ուրախացան եւ Արիին հռչակեցին երկրային աստուած։ Յաճախ էին նրանք միասին հրճւում, գինի ու հաց կիսում։ Արին կայտառ էր ու հնարամիտ. Աստուածների հետ երգում էր նուագում ու խաղեր խաղում։ Եւ բոլոր Աստուածները հրճւում էին նրա հետ. դժգոհ էր միայն Վիշապ աստուածը։ Նա մարտի է բռնւում Արիի հետ եւ ուզում է սպաննել մարդուն։ Երկար է դիմադրում Արին, բայց ի՞նչ կարող էր նա անել. Վիշապը Արարիչ Աստծուց յետոյ հզօրագոյնն էր աստուածների մէջ։ Միւս աստուածները փորձում են միջամտել, հանգստացնել Վիշապին, բայց ապարդիւն։ Եւ Միհրը Տիեզերքի խորքերից փնտռում գտնում է Վահագնին։ Բոցեղէն Վահագնը փրկում է Արիին՝ ինքը մարտի բռնուելով Վիշապի հետ։ Բուռն ու ահարկու էր նրանց մարտը։ Բայց ահա Վիշապը ընկրկում է։ Այդ ժամ օգնութեան է հասնում Արա գերագոյն Աստուածը. «Դուք երկուսդ այլեւս երբեք իրար չպէտք է հանդիպէք, այլապէս ձեր մէջ կռիւը անվերջ կը լինի եւ կը կործանի ողջ Տիեզերքը» ասում է Արան։ Վահագնին նա կարգում է Լոյսի տիրակալ, իսկ Վիշապին՝ խաւարի։ Եւ Վիշապը հեռանում է արարման բնօրրան Արարատից, քանզի այնտեղ հաստատւում է Վահագնը ու Լոյսը։ Մերթ ընդ մերթ Վիշապը գալիս ֆշշացնում է ամպերում, բայց Վահագնը ամէն անգամ վրայ է հասնում իր ամպրոպ ու կայծակով եւ վռնտում Վիշապին Արարատեան թագաւորութիւնից։
Վահագնի գլխաւոր պաշտամունքատեղին ու սրբավայրը գտնւում էր Հայաստանի հնագոյն հոգեւոր կեդրոնում՝ Տարօնի Աշտիշատում։ Հայերի սէրը դէպի Վահագնը այնքան մեծ էր, որ աւանդութեան մէջ նրան մարդեղացնում են՝ Վահագնը յիշատակւում է նաեւ որպէս Տիգրան Մեծ արքայից արքայի երրորդ զաւակը։