ՕՔՍԱՆԱ ԿԱՐԱՊԵՏԵԱՆ
oksana.karapetian@gmail.com
Ահա Մեծ Պասի առաջին օրը, Կարնոյ հայերը կը հաւաքուէին պարելու մախոխապուրի պարը։ Այս ծիսական պարին մասնակցութեան իրաւունք ունէին միմիայն տղամարդիկ՝ սուրբ օր էր, ուստի ո՛չ յարիր էր, ո՛չ էլ արժան բան էր, որ կանայք պարէին։ Այս պարով կը հաստատուէր տղամարդկանց տնօրինութեան շրջանը, այլեւս նրանք էին՝ իրենց խստաբարոյ եւ առաքինի կեցուածքով, ուղղութիւն տալիս կեանքի ընթացքին։ Պարում էին համայնքի բոլոր տղամարդիկ՝ մեծից մինչեւ փոքր. խումբ-խումբ կը պարէին, իւրաքանչիւր խումբ եօթ պտոյտ կ՚անէր, իր երգով ու պարով կը գովերգէր Մեծ Պասն ու մախոխը (մախոխը յատուկ պասային ճաշատեսակ էր, որ կը պատրաստէին կորկոտով ու թթխմորով) եւ շրջանը կը փոխանցէր յաջորդ խմբին։ Պարի ընթացքին արգելուած էր որեւէ երաժշտական գործիքի գործածումը, ուստի կը պարէին խաղ ասելով.
«Բարով էկար, թթու մախոխ,
Ինչ լուր բերիր հայրենիքէս։
Մենծ պասն էկաւ, կայնաւ թատին (ոտքի ծայրին),
Աշկըս մնաց հալուայ կաթին...»
Այդ օրը մէկ այլ պար էլ կը պարէին՝ «Ինչո՞վ ծեծենք սոխն ու սխտոր» պարը։ Պարպաշին ուշի ուշով հետեւում էր պարի ընթացքին, իր օրինակով՝ խաղ ու պարով, ցոյց տալիս՝ ինչով ու ինչպէս պիտի ծեծեն սոխն ու սխտորը, խումբը հետեւում էր պարագլխի շարժումներին եւ կրկնում պարերգը։
«Արէք ծեծենք սոխն ու սխտոր,
Կանաչ կըխտոր, ջուխտ մանանեխ,
Ինչո՞վ ծեծենք սոխն ու սխտոր,
Կանաչ կըխտոր, ջուխտ մանանեխ,
Գլխով ծեծենք,
Գլխով ծեծենք սոխն ու սխտոր,
Կանաչ կըխտոր, ջուխտ մանանեխ...»
Այսպէս խաղը կը շարունակուէր, եւ պարողները «սոխն ու սխտորը, կանաչ կըխտորն ու ջուխտ մանանեխը» կը ծեծէին «ակընջով», «աշկով», «քընթով», «բերնով», «ձեռքով», «տիրսըգով»՝ արմունկով, «ոռով»՝ յետոյքով, «ծընկով», «Ոտքով»։ Բիութանիայի «Լազ Հաւասը» եւ «Ճաթ Մանանայ» պարերը այս պարի տարբերակներից կը համարուին։
Այնուհետեւ հրապարակը կը զիջէին թատերական խաղերին, որոնք, խորհրդանշական բնոյթ կը կրէին։ Վարանդայի Խաչ-մաչ գիւղում մի էշ էին թամքում, մի կին նստեցնում այդ էշին, դէմքը մրով պատում, սեւացնում խեղճ կնոջը եւ զուռնա-դհոլի նուագների ներքոյ պտըտեցնում գիւղով մէկ՝ տնից տուն՝ ընթացքում դրամ հաւաքելով։ Հաւաքուած դրամը պահ կը դնէին, որ Զատիկի օրը մատաղ անէին։ Համարւում էր, որ այս «սեւերես կինը ներկայացնում է Մեծ Պասը, եւ նրան պատուով շրջեցնում են, որպէսզի Մեծ Պասը անփորձանք անցնի», չնայած այն աւելի շատ յիշեցնում է Ուտիս տատին, որն էլ ներկայացնում էր կնոջ կերպարը, եւ ով սեւաւորուել է ու ենթակայ դիրքում է յայտնուել Պաս պապի՝ տղամարդու կերպարի նկատմամբ, եւ այժմ դրամ է հաւաքում, որպէսզի Ակլատիզի օրերի աւարտին նորից ծաղկի ու աւետի ուտիսի օրերը։
Այս ներկայացումը այլ կերպարանք ունէր բարձր Հայքի այլ գիւղերում։ Պատանի էին ընտրում, ում վերածում էին Ակլատիզ-Ախըլոճի։ Գիւղի պատանի տղաները նրան թարս քուրք կը հագցնէին եւ վրան կը կապէին կեմէ գօտին։ Գօտուց կը կախէին քանի մը հատ զանգակ։ Դէմքը կը հարստացնէին երկար պեխ-մորուսով, գլխին կը հագցնէին բարձր ու բրդոտ փափախ՝ գլխարկ։ Ձեռքը մի դագանակ կը դնէին, երեսը կը մրոտէին, գօտուց մի չուան՝ պարան, կը կապէին, այն կը տային մէկ այլ պատանու ձեռքը, եւ սա չվանից բռնած տնէ տուն կտանէր, գիւղով մէկ կը պտտեցնէր Ախըլոճին։ Նրանց կը հետեւէր քանի մը տղաներից բաղկացած փոքրիկ խումբ մը, սրանք ամէն տուն մտնելուց կ՚երգէին.
«Օխտը շաբաթը էկաւ,
Փորիս փառգալը բուզմիշ էղաւ...»
Այդ պահին Ախըլօճը «ուշագնաց» կը լինէր՝ իբր թէ մեռաւ։ Կը հետեւէր հարահրոցը, սուգն ու վայ-վայը։ Այս ամենից յատկապէս ահ կ՚ապրէին երախաները։ Բայց ահա տղաները սկսում էին շոյել մահացածի ձեռքերը, դէմքը՝ կոչ անելով նրան արթնանալ։ Մահացածը շարժւում էր, երերուն-երերուն կանգնում ու ճօճուելով շարժւում տնով մէկ։ Դիւրահաւատների սիրտն այլեւս չէր դիմանում։ Նրան տնից դուրս էին հանում՝ հետեւից ջուր սրսկելով։ Իսկ Ախըլօճն իր դագանակով փորձում էր հարուածել իրեն ջուր սրսկողներին։
Անշուշտ, սրանով չեն աւարտւում Մեծ Պասի օրերի ներկայացումները։ Ինչե՜ր ասես, որ չէին պատահում հայոց գիւղարանքներում տօն օրերին։