Պարզվել է, որ Հրանտ Դինքի սպանությունից 4 ամիս առաջ Տրապիզոնի ժանդարմերիայի հետախուզությունը հետևել է նրան Ստամբուլում գտնվող իր տան մոտակայքում։
Դատախազության և դատարանի հայտարարություններից հստակ է, որ Դինքի սպանվելու մասին Յասին Հայալի ազգական Ջոշկուն Իղջին 2006թ․ ամռանը տեղեկացրել է Տրապիզոնի ժանդարմերիայի հետախուզության բաժնին։
«Ալ- Ջազիրա»-ի լրագրող Սելահաթթին Գյունդայը հաղորդում է, որ Տրապիզոնի ժանդարմերիայի հետախուզության 4 աշխատակից սպանությունից 4 ամիս առաջ՝ 2006թ․ օգոստոսի 8-11-ը, գտնվել են Ստամբուլում։
Տրապիզոնի ժանդարմերիան Ստամբուլում
Տեղեկության համաձայն՝ ուսումնասիրության են առնվել Տրապիզոնի ժանդարմերիայի աշխատակիցների հեռախոսազրույցները (բջջային հեռախոս)։ Ուսումնասիրության արդունքում հայտնի է դարձել, որ Տրապիզոնի ժանդարմերիայի 4 աշխատակցի բջջային հեռախոսները օգոստոսի 8-11-ի ընթացքում ազդանշան են արձակել Ստամբուլի Բաքըրգյուղից թաղամասից։
Այս բացահայտումից հետո ուսումնասիրության է առնվել նաև Հրանտ Դինքին պատկանող բջջային հեռախոսի ձայնագրությունները։ Այս ուսումնասիրությունից հետո հայտնի է դարձել, որ այդ նույն օրերին Հրանտ Դինքի հեռախոսը ազդանշան է արձակել Բաքըրգյուղի նույն հասցեից։
Դինքի հեռախոսի ազդանշան արձակած վայրը մոտ է այն տանը, որտեղ Դինք ընտանիքն է բնակվում։ Այս փաստը ներառվել է զեկույցի մեջ։
Ժանդարմերիայի աշխատակիցները՝ սպանության օրը սպանության վայրում
Հեռախոսային ազդանշանների ուսումնասիրության արդյունքում բացահայտվել է նաև այն, որ Դինքի սպանության օրը ժանդարմերիայի 5 ներկայացուցիչ եղել է սպանության վայրում։