ԾՈՎԻՆԱՐ ԼՈՔՄԱԿԷՕԶԵԱՆ
dzovinarlok@gmail.com
Տարիքով Սերկէյը մեծ չի ծնուել է 1985-ին։ Եւ ի տարբերութիւն Տիգրան Մանսուրեանի, որը «Մենք եւ մեր մեծերը» շարքի առաջինն էր, Սերկէյի արուեստը կատարողական է, սակայն նա այդ արուեստում բացարձակ ստեղծագործող է, այդ պատճառով էլ մեծութիւն է։ Մեկնաբանելով ոեւէ մէկի ստեղծածը, նա ինքը ստեղծում է ուրոյն մի աշխարհ, ուր երբեւէ ոչ ոք չի մտել եւ որը լսելի է դառնում միայն Սերկէյի ջութակի շնորհիւ։
Չափազանց կարեւոր է նրա կենսագրութեան մէջ երաժիշտ ծնողների հանգամանքը։ Երաժշտութեան եւ կերպարուեստի պատմութիւնը լի է օրինակներով, երբ արուեստագէտը ստիպուած է լինում յաղթահարել ծնողների չուզողութիւնն ու դիմակայութիւնը, այնուհետեւ մեն-մենակ դիմակայել արդէն մարդկանց անտարբերութիւնը իր հանդէպ։ Այո՜, կեանքը նուէր է, բայց մարդ մեծ գին է վճարում այդ նուէրի համար, քանզի կեանքի ճանապարհը ամենեւին էլ ծածկուած չի վարդերի թերթիկներով։
Այսպիսով մեր Սերկէյը ծնուել է 1985-ին Երեւանում։ Հայրը՝ Վլատիմիր Խաչատրեանն ու մայրը՝ Իրինա Յովհաննիսեանը դաշնակահարներ են լինում։ Նաեւ նրանց դուստր՝ Լուսինէն դարձաւ դաշնակահարուհի։ Այնպէս որ Սերկէյին բաժին հասաւ ջութակը։ Բայց որ այդ ջութակը կը լինի Ստրադիվարիուսի ջութակը, որը նա ստացաւ 2005-ին՝ յաղթելով Պրիւքսէլում Էլիզապէթ թագուհու մրցոյթում եւ իրաւունք ստացաւ չորս տարի նուագել 1704-ին մեծն իտալացի վարպետի կողմից պատրաստած «Հակկինս» ջութակի վրայ, այդ մասին անշուշտ ոչ ոք Սերկէյի ընտանիքից երեւակայել չէր կարող։ Չորս տարին անցնելուն պէս նա սկսեց նուագել Գուարներիի 1740-ին պատրաստած ջութակի վրայ։
Սերկէյը նուագել սկսեց վեց տարեկանից. առաջին դասաւանդողը փրոֆէսօր Պետրոս Հայկազեանն էր՝ Սայաթ-Նովայի անուան երաժշտական դպրոցի տնօրէնը։
1991-ին Հայաստանում ապրելը դարձաւ անլուծելի խնդիր, եւ 1992-ին Սերկէյի հայրը մեկնեց Գերմանիա, ուր նրան 1993-ին միացաւ ընտանիքը։ Վիւրցպուրկում Սերկէյին դասաւանդում էր Գրիգորի Ժիսլինը։ Ինչպէս ամէն մի նորմալ երախայ, Սերկէյը չէր սիրում պարապել, փորձելով յետաձգել կամ խոյս տալ պարապմունքներից։ Սակայն գալիս է մի պահ, երբ նա հետաքրքրութիւն է գտնում այդ պարապմունքների մէջ։ Ինը տարեկանում բեմ է դուրս գալիս եւ մենանուագում Վիսպատէնի նուագախմբի հետ, եւ արդէն զարմանալի չէ, երբ ընդամէնը 15 տարեկան Սերկէյ Խաչատրեանը Հելսինքիյում կայացած Յան Սիպելիուսի անուան միջազգային մրցոյթում դառնում է յաղթող, ստանալով նաեւ «Կոնցերտի լաւագոյն կատարում» մրցանակը։ Մրցոյթի պատմութեան մէջ նա ամենաերիտասարդ մասնակից եւ յաղթողն էր։ 2011-ին Պեռլինում Սերկէյը ստացաւ «Prix Montblanc» մրցանակը որպէս ժամանակակից աշխարհի լաւագոյն երիտասարդ ջութակահար։ 2013-ին արդէն «Credit Swiss» զուիցերիական դրամատունը շնորհեց Սերկէյին իր ամենամեայ մրցանակը որպէս «Աշխարհի լաւագոյն երիտասարդ երաժիշտ», մրցանակը կազմում էր 75 հազար զուիցերիական ֆրանք։
Առաջին անգամ երբ լսեցի Սերկէյ Խաչատրեանին, ապա յիշեցի 19-րդ դարի ռուս գրող Գլեբ Ուսպենսկու «Ուղղիչ» պատմուածքը, որի հերոսը սովորական գաւառական մի ուսուցիչ է եւ ինքնիրեն համարում է այնպիսի ոչնչութիւն, որը տեղ պիտի չունենայ աշխարհում։ Եւ ահա այդ ուսուցիչը Փարիզում է յայտնւում ու այցելում Լուվր։ Այստեղ նա կանգ է առնում Միլոսեան Վեներայի քանդակի առջեւ։ Խեղուած ու ճմլուած մարդու հոգին «ուղղւում է»։ Նա նայում է Վեներային եւ հասկանում նրա գաղտնիքը. այն նրանում չէ, որ նա կանացի գեղեցկութիւն է մարմնաւորում, որովհետեւ այնքան Վեներաներ կան, շատ աւելի գեղեցիկ եւ նոյնիսկ Փարիզի փողոցներում կը գտնուեն հազարներով աւելի հմայիչ գեղեցկուհիներ։ Ուրեմն ի՞նչ էր Միլոսի Վեներայի հեղինակի խնդիրը.
«Նրան հարկաւոր էր իր ժամանակի մարդկանց, նաեւ բոլոր դարերին եւ բոլոր ժողովրդների սրտերում եւ մտքերում յաւերժօրէն եւ անխախտ դրոշմել մարդկային էակի ահռելի գեղեցկութիւնը, ծանօթացնել մարդուն-տղամարդուն, կնոջը, երախային, ծերունուն- մարդ լինելու երջանկութեան զգացումը»։ Ուսուցչի մէջ արթնացաւ մարդը, նա ամբողջ էութեամբ «ճռթճռթում» զգաց, ինչպէս լինում է, երբ մարդն աճում է։ Ճիշդ այդ երջանիկ վերափոխութիւնն է զգում հանդիսատեսը, երբ լսում է Սերկէյ Խաչատրեանի նուագը։
Աշխարհով մէկ համերգներ տալով, Սերկէյը ամէն պատեհ պահին Հայաստան է գալիս, եւ այդ ժամանակ հայը, վայելելով Սերկէյի նուագի շնորհիւ մարդ լինելու երջանկութիւնը, զգում է նաեւ հայ լինելու երջանկութիւնը։
Սերկէյը ապրում է Գերմանիայի Ֆրանկֆուրթ քաղաքում։ Ընտանիքում ծնողները զաւակների հետ միշտ խօսել են հայերէն. «Իմ զգացմունքային աշխարհը հայկական է»,-ասում է Սերկէյը, եւ համերգների աւարտին, երբ նրան ոտնկայս ծափահարում եւ երկար բաց չեն թողնում, նա կատարում է Կոմիտասի «Կռունկ»ը, որը մարդկանց սրտերը տակնուվրայ է անում։
Յունուարի 15-ին ֆիլհարմոնիկի մեծ դահլիճում Սերկէյ Խաչատրեանը մասնակցեց Հայաստանի պետական երիտասարդական նուագախմբի համերգին։ Հայ կոմպոզիտորների գործերն էին կատարւում, եւ համերգի առաջին մասում հնչեց Էտուարդ Միրզոյեանի «Տօնական Կոչնակներ» սիմֆոնիկ ստեղծագործութիւնը։ Երկրորդ մասում՝ Խաչատուր Մարտիրոսեանի «Զարթօնք» սիմֆոնիկ պոէմը նուիրուած էր գեղանկարիչ Մինաս Աւետիսեանին։ Դահլիճը համբերատար սպասում էր Սերկէյ Խաչատրեանին։ Վերջապէս նա դուրս եկաւ բեմ եւ կատարեց Խաչատուր Մարտիրոսեանի կոնցերտ-ֆանթազիան ջութակի եւ նուագախմբի համար։ Հեղինակն այն նուիրել էր Սերկէյ Խաչատրեանին։
-Ի՞նչ ես լացում- կշտամբում է ինձ ընկերուհիս։ Իսկ ես չեմ կարող զսպել զգացմունքներս. Դժուար է աչքիդ առաջ տեսնել կատարելութիւն, այն էլ ոչ քանդակի տեսքով։ Սերկէյը կատարեալ է իր արուեստում, իսկ մնացած ամէն ինչով մարդ է, ինչպէս բոլորս։ Եւ ուրեմն պաշտպանուած չէ չարիքից։ Թող Աստուած նրան պահի պահպանի աշխարհի, առաւել եւս հայ աշխարհի համար…
«Երբ Սերկէյը յայտնւում է բեմում, ամբողջ դահլիճը մէկ մարդու նման շունչները պահած փորձում է յաւերժացնել այս եզակի րոպէները, որոնք միացնում են ունկնդրողներին Սերկէյի հետ»։