ՕՔՍԱՆԱ ԿԱՐԱՊԵՏԵԱՆ
oksana.karapetian@gmail.com
«Մեկ էլ տեսաւ յառջեւանց թոզ ու տուման կի գայ։
Էկաւ, տեսաւ օր սըբ Սարգիսն է»։
Սասնայ Ծռեր
Այս տարի Յունուարի 23-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սուրբ Սարգիսի տօնը։ Սուրբ Սարգիսը զօրավար էր, ով, աւանդութեան համաձայն, իր որդու՝ Մարտիրոսի եւ իր հաւատարիմ 14 քաջ մարտիկների հետ նահատակուել է յանուն քրիստոնէական հաւատքի։ Ժողովրդի մտքում սըբ Սարգիսը մնաց որպէս սիրահար սրտերի եւ քաջ մարտիկների պահապան սուրբ։ Իսկ Ամենայն Հայոց Գարեգին Բ. Հայրապետի տնօրինութեամբ տօնը հռչակուեց Երիտասարդների օրհնութեան օր։ Տօնին նախորդում է հնգօրեայ Առաջաւորաց Պահքը։
Եկեղեցական պատմութեան համաձայն, Սուրբ Սարգիսը բազում արիութիւններ է գործում։ Եւ Հռոմի Կոստանդիանոս կայսրը նրան կարգում է իշխան եւ սպարապետ՝ Կապատովկիայում, որն, այն ժամանակներում սահմանակից էր Հայք երկրին։ Այստեղ Սարգիս զօրավարը նախաձեռնում է քրիստոնէականութեան քարոզ, իր իշխանութեանը հպատակ քաղաքներում վերացնում բազում մեհեաններ եւ տեղը կանգնեցնում քրիստոնէական եկեղեցիներ։ Տարիներ անց, երբ աւարտւում են Կոստանդիանոս կայսեր ժամանակները, եւ 360 թուականին թագաւորութեան է գալիս Յուլիանոս կայսրը, սկսւում են քրիստոնէականութեան դէմ հալածանքները։ Սուրբ Սարգիսին աստուածային յայտնութեամբ հրաման է լինում գալ եւ ապաստանել Հայաստան երկրում, ուր այդ ժամանակներում թագաւորում էր Տրդատ Մեծի թոռը՝ Խոսրովի որդի Տիրան արքան։ Սակայն քիչ անց Յուլիանոս Ուրացողը մեծ զօրքով շարժւում է դէպի Պարսից աշխարհ։ Տիրանը հասկանում է, որ յարձակման պիտի ենթարկուի նաեւ իր երկիրը՝ Հայքը, եւ խնդրում է Սարգիս զօրավարին ծառայութեան անցնել Շապուհի մօտ։ Պարսից Շապուհ արքան ուրախութեամբ է ընդունում Սարգիս զօրավարին եւ կարգում նրան զօրագնդերի հրամանատար։ Շուտով Սարգիսի փառքը յայտնի է դառնում զօրականների մօտ։ Նրանցից շատերը ոգեւորւում են՝ տեսնելով Սարգիսի բարեպաշտութիւնն ու նուիրումն առ Աստուած։ Նրանց վրայ մեծ ազդեցութիւն էին ունենում Սարգիսի աղօթքներով Աստծոյ գործած հրաշքները։ Եւ նրանք հրաժարւում էին հեթանոս հաւատքից եւ դառնում դէպի քրիստոնէութիւն։ Անհանգստացած Շապուհը Սարգիսից պահանջում է, որպէսզի նա այլեւս կրակ պաշտի եւ զոհ մատուցի։
«Երկրպագելի է մէկ Աստուած՝ Ամենասուրբ Երրորդութիւնը, Ով արարել է երկինքն ու երկիրը։ Իսկ կրակը կամ կուռքերը ի բնէ աստուածներ չեն, հողեղէն մարդը դրանք ունակ է փչացնել», - բարձրաձայնում է Սարգիսը եւ կործանում բագինը, ինչը շատ է զարհուրում մարդկանց։ Նրանք յարձակւում են Սարգիս զօրավարի եւ նրա որդու վրայ. Մարտիրոսը նահատակւում է առաջինը։ Նահատակւում են նաեւ Սարգիս զօրավարի հաւատարիմ 14 զինուորները։ Սարգիսը բանտարկւում է, այդու ետք, աննկուն մնալով իր համոզմունքներում, գլխատուում։ Նահատակուելուց յետոյ՝ Սուրբ Սարգսի մարմնի վրայ լոյս է ծագում։ Նրա մարմինը հողին են յանձնում Համիան քաղաքում, սակայն ժամանակ անց Մեսրոպ Մաշտոցը Ս. Սարգիսի մասունքները բերում է Ուշի՝ Աշտարակի շրջան, ուր վեր է խոյացւում Սուրբի անունը կրող եկեղեցի։
Սուրբ Սարգիսը յիշւում է նաեւ Փավստոս Բիւզանդի մատեանում. Բիւզանդական Վաղէս կայսրն արիոսական աղանդի հետեւորդ էր եւ հալածում էր քրիստոնեաներին։ Դրա համար պատժւում է եւ 378 թուականին սպանւում Աստծուց եղած հրաշքներով։ Նրան սպանում են քրիստոնէութեան համար պայքարած սուրբ նահատակները, որոնց միանում է նաեւ Սուրբ Սարգիսը։
Սուրբ Սարգիսն շատ սիրելի է դառնում ժողովրդին։ Նրա անունը միահիւսւում է բազում բարի հրաշքների հետ՝ դառնալով նոր աւանդազրոյցների աղբիւր։ Ժողովուրդը ինքը, եկեղեցական արարողակարգերից զատ, սկսում է նշել տօնը՝ իրեն յատուկ համ ու հոտով։ Յիշատակելի սովորութիւններից է փոխինձով մատուցարանը դնել տան տանիքին կամ պատշգամբին եւ սպասել Ս. Սարգիս զօրավարի ձիու պայտի հետքին։ Ըստ աւանդոյթի՝ Ս. Սարգիսը պէտք է հրեշտակների ուղեկցութեամբ անցնի եւ ում մատուցարանի մէջ դրուած ալիւրի կամ փոխինձի մէջ թողնի իր սպիտակ ձիու պայտի հետքը, այդ տարի կիրականանայ հաւատացեալի երազանքը։
Սուրբ Սարգիսը երիտասարդութեան եւ սիրոյ բարեխօս է, սիրոյ երազանքն իրականացնող սուրբ, սիրող սրտերի աղօթքներին արագահաս սուրբ։ Երիտասարդներն այդ օրը աղօթում են Սրբին, որպէսզի նա իրենց աղօթքներն հասցնի առ Աստուած։ Սիրահար զոյգերը տօնին մէկմէկու սիրոյ բացիկներ եւ քաղցրաբլիթներ են նուիրում։ Իսկ նրանք, ովք դեռ նոր պիտի գտնեն իրենց այրին, տօնին նախորդող գիշերը աղի բլիթ են ուտում ու մինչ յաջորդ այգաբաց ջուր չեն խմում, որպէսզի երազում տեսնեն իրենց ապագայ փեսացուին։
Սուրբ Սարգիս զօրավարի, նրա Մարտիրոս որդու եւ 14 հաւատարիմ զինուորների յիշատակին նուիրուած տօնական սուրբ պատարագ կը մատուցուի Արարատեան թեմի Սրբի անունը կրող բոլոր երեք եկեղեցիներում, որոնք յատուկ բաց կը լինեն մինչ ուշ երեկոյ։ Իսկ Գարեգին Բ. Ամենայն Հայոց Հայրապետի արտօնմամբ, Առաջնորդանիստ Սուրբ Սարգիսի եկեղեցի կը բերուի Ս. Սարգիսի աջը, եւ հաւատաւոր ժողովուրդը կ՚օրհնուի սուրբ մասունքով։ Այստեղ կը բերուի նաեւ Մաշտոցի անուան հին ձեռագրերի Մատենադարանից 17-րդ դարում Ս. Սարգիս եկեղեցում ընդօրինակուած Աւետարանը, Սուրբ Պատարագի ողջ ընթացքին կը լինի Ս. Խորանի վերայ եւ եկեղեցում կը մնայ մինչ երեկոյան ժամերգութեան աւարտը։ Առաջին անգամ Արարատեան հայրապետական թեմը կ՚օրհնի Հայաստանի սահմանային գծում իրենց արիութեամբ աչքի ընկած զինուորներին։ Ծրագրւում է նաեւ Խաչապըտոյտ, մի շարք երիտասարդական ցուցահանդէսներ եւ ազգային աւանդոյթներով համեմուած տօնակատարութիւններ, աղի եւ քաղցր բլիթների բաժանում։