Գայլն ու Շունը

ՕՔՍԱՆԱ ԿԱՐԱՊԵՏԵԱՆԿԱՐԱՊԵՏԵԱՆ

oksana.karapetian@gmail.com

Երբ Աստուած արարում էր կենդանիներին, որոշում արեց գայլին հոտառութեան շնորհը պարգեւել, իսկ շանը՝ զօրութեան։ Օրերից մի օր գայլը յարձակուեց գոմէշի վրայ, բայց չկարողացաւ յաղթել ու պատառոտել նրան։ Ինչպէս Պարոյր Սեւակը գրեց.

«Գայլը դաշտում տեսաւ Էշին,

Խեղդե՛ց, յաղթե՛ց, հպարտացա՛ւ։

Բայց հանդիպեց երբ Գոմէշին,

Տեսաւ, որ գործը բարդացաւ.

Գոմէշն այնպէս պոզահարեց,

Որ խեղճ Գայլի սիրտը մարեց։

Ու մտածեց Գայլը երկար,

Որ ուժեղից ուժեղն էլ կար»։

Տրտնջաց գայլը ու գնաց Աստծոյ մօտ։ Գնաց ու խնդրեց, որ Աստուած իրեն ուժ պարգեւի։ Աստուած խորհեց եւ ի կատար ածեց գայլի խնդրանքը։ Շնից նա վերցրեց զօրութիւնը եւ փոխանցեց գայլին, իսկ գայլի հոտառութիւնը շնորհեց շանը։ Տարիներ անցան եւ շունն այնքան հմտացաւ հոտառութեան մէջ, որ Աստուած նկատեց՝ շունն իր համար աւելի ապահով վիճակում էր։

«Տարիներ են եկել-անցել,

Գայլն իր ուժով մինչեւ հիմա

Էլի՛ նոյն գայլն է մնացել՝

Նո՛յն սովածը ձմեռ-ամառ,

Նո՛յն որսորդի ահ ու մահով,

Այնինչ շունը իրեն համար

Ստեղծել է կեանք ապահով՝

Ոչ թէ ուժով կամ բռնութեամբ,

Այլ նուրբ ու սուր հոտառութեամբ»։

Սա շան ու գայլին, նրանց հակադրութեանը, նուիրուած աւանդազրոյցներից մէկն է։ Դառնանք միւսին, որ խօսում է առաւելապէս վայրի/ընտանի, բնութիւն/հասարակութիւն հակադրութեան եւ անցման մասին։ Ասում են՝ շների մի մասը նախկինում գայլեր են եղել։ Ժամանակին բարի ոգիները խօսել են նրանց հետ եւ համոզել հեռանալ գայլերի ոհմակից։ Նրանք էլ լսել են բարի ոգիներին եւ տեղափոխուել մարդկանց մօտ։ Այդ օրերից մինչ օրս նրանք պայքարում են գայլերի դէմ՝ պաշտպանելով մարդկանց։

Յաջորդ զրոյցում պատմւում է, որ գայլերն ու շները ի սկզբանէ տարբեր էին եւ երբեւէ միասին չէին ապրում։ Աւելին՝ մարդկանց մօտ բնակուում էին ոչ թէ շները, այլ գայլերը։ Իսկ շները ապրում էին անտառներում։

«Կար մի ժամանակ, որ Գայլի ցեղը

Հենց ինքն էր ապրում Շների տեղը.

Ապրում էր Գայլը մարդկանց բակերում,

Իսկ Շունն՝ անտառում, քարի տակերում։

Գայլերին մարդն էր հաց ու թաց տալիս,

Իսկ Շունը ինքն էր իր օրը լալիս»։

Բայց մի օր շները հիւանդանում են։ Նրանք գալիս են գայլերի մօտ եւ խնդրում նրանց՝ թոյլ տալ բնակուել մարդկանց մօտ, քանի որ այնտեղ աւելի ապահով էր։ Գայլերը խղճում են շներին եւ համաձայնւում տեղափոխուել անտառ՝ մինչ շների ապաքինուելը։

«Գայլ եղբայրները նրանց խղճացին,

Իսկ յետոյ իրենք... հազա՜ր զղջացին.

Իրենց նոր կեանքը, հոտած բները

Շա՜տ հաւանեցին նորեկ Շները»։

Այսպէս շները հաւանում են մարդկանց, նրանց նիստուկացն ու բարքերը։ Նրանք այլեւս չեն կամենում վերադառնալ անտառ։ Այնինչ գայլերը մինչ օրս անտառից հարցնում են շներին. «Առողջացա՞ք, թէ՛ վերադարձէք», ինչին շները ոռնոցով պատասխանում են, որ դեռ չեն առողջացել եւ կամենում են մնալ մարդկանց մօտ։

«Ու խելօքացած առողջ Շները

Է՛լ չթողեցին իրենց բները։

Իսկ խեղճ Գայլերն էլ մնացին դրսում։

Երբ նրանք շատ են քաղցում ու մրսում,

Մինչեւ հիմա էլ ոռնում են դրսում

Եւ այդ ոռնոցով հարցնում Շներին.

«Բա չլաւացա՞ք, բա ետ չէք դառնո՞ւմ»։

Շներն էլ՝ «հա՛ֆ-հա՛ֆ», իրենց բներից

Ասում են «չէ՛-չէ՛», տեղից վեր թռնում,

Քաշում են իրենց վզների շղթան,

Որ այդ աներես գայլերին վախ տան,

Թէ իզուր տեղը ի՜նչ են հա ոռնում...»