ԾՈՎԻՆԱՐ ԼՈՔՄԱԿԷՕԶԵԱՆ
dzovinarlok@gmail.com
1 Յետոյ, յետոյ… Ամէն ինչ յետաձգում ենք յետոյի վրայ։ Հասնելով վերջաւորութեանը, մենք հասկանում ենք, որ «յետոյ» նշանակում է մահից յետոյ։ Կամ կեանքից յետոյ։ Հարկաւոր է յստակ իւրացնել, որ ճամբորդը չի շեղւում ճանապարհից, ետ չի վերադառնում եւ երբեք «այսօր»ը չի հանդիպում «վաղուայ օրուայ հետ» այնպէս որ մի վստահէք «յետոյ» բառին։
2 Կինոյի դարաշրջանում ենք։ Ողջ աշխարհը կինոյի է վերածուել, իսկ մենք պարզ հանդիսատեսներ ենք։ Եւ եթէ կինոյի լուսաբացին մենք ինքներս էինք գնում կինօ, այսօր ինքը կինօն է դուրս պրծնում բոլոր անցքերից։ Դէ արի ու մտածի, ինչ անել կինոյի այս քանակութեան հետ։
3 Հայ կինոյում կար նշանաւոր մի գործիչ, որի սցենարների վրայ նկարահանուեցին ամենակարեւոր հայկական ֆիլմեր՝ «Եռանկիւնի»ն եւ «Հայրիկ»ը։ Աղասի Այվազեանն էր (1925-2007)։ Իրականում նա գրող էր, արձակագիր, չնայած նաեւ նկարել գիտէր, ինչպէս նաեւ կինօ նկարել։ Դեկտեմբերի վերջերին Նկարիչների Միութիւնում բացուեց նրա նկարների ցուցահանդէսը։ Չեմ կարծում, որ ինքը գրողը կը ցանկանար իր նկարները ի ցոյց դնել հանրութեանը, որովհետեւ դրանք նկարչի նկարներ չեն, այլ գրողի, որը մտորում է ինքն իր համար, իր մէջ՝ վրձինով, ինչպէս գրչով են մտորում, այսպէս ասած գրողի նկարչական մտորումներ են…
4 Երեւակայէք հետեւալ մի բան. ինչ-որ մէկը ձեր ականջին շշնջում է, որ դուք դարձել էք միլիոնատէր։ Իսկ միւս ականջին շշնջում են, որ ձեզ մնացել է ապրել ընդամէնը երկու շաբաթ։ Ի՞նչ կը զգաք։ Ահա այդ զգացմունքը պէտք է ունենալ սեփական կեանքի հանդէպ։
5 Ի՞նչ է ազգը եւ ազգային մշակոյթը։ Տարիներով, դարերով, նոյնիսկ հազարամեակներով է ձեւաւորւում որեւէ ժողովրդի մշակոյթը։ Նրանք անբաժան են։ Բայց ահա ցեղասպանութիւնը բաժանում է ազգին իր ստեղծած մշակոյթից։ Եւ ի՞նչ։ Այս անգամ մշակոյթն է վերստին կերտում իր ժողովրդին։ Բաւ է ականատես լինել, թէ ինչպէս են հայերը ցեղասպանութիւնից 100 տարի անց աղօթում Արեւմտեան Հայաստանի կիսաքանդ եկեղեցիներում, որոնք այցելում են, աւա՛ղ, որպէս զբօսաշրջիկներ։
6 Ողբերգութի՞ւն։ Երբ դուռը շրխկացնելուց յետոյ չգիտես, թէ ուր գնաս։ Որովհետեւ որոշ էջեր պէտք է շրջել՝ առաջ գնալու համար։
7 Անկախացումից յետոյ Երեւանի շէնքերի առաջին յարկերը բնակելի տարածքից վերածուեցին խանութների, որոնք աշխատացնում են փոքր ձեռնարկատէրները. նպարավաճառի, համացանցի ծառայութիւնների, ծաղկանոցի, վարսայարդարման։ Ազատութեան պողոտայի վրայ մէկը միւսի յետեւից բացուեցին բանջարանոցներ, որոնք սուփերմարքեթներից շատ աւելի ցածր գներով էին առաջադրում միրգն ու բանջարեղէնը։ Չեմ յիշում արդէն երբ յայտնուեց Գագիկը։ Նրա ընտանիքը հայկական էր, բայց նա երկար տարիներ Ռուսաստանում էր։ Նրա գալուն պէս մի անյաջող բանջարանոց սկսեց ուղղակի ծաղկել։ Նա ինքը գիշերները իր ինքնաշարժով գնում էր գիշերային շուկայ եւ լցնում խանութը ապրանքով։ Ի տարբերութիւն միւս բանջարանոցների այստեղ գները մի քանի անգամ աւելի սուղ էին։ Բայց Գագիկն ունէր իր յաճախորդը։ Ես նոյնիսկ չէի կարող երեւակայել, որ մեր քաղաքում կան նման նրբաճաշակ կանայք եւ հարուստ տղամարդիկ, որոնց համար ապրանքի գինը բացարձակ կարեւոր չէր։ Նրանք գալիս էին գնումներ անելու հենց Գագիկի խանութից։ Պէտք է ասեմ, որ Գագիկը չափազանց գեղեցիկ էր եւ նրա գեղեցկութիւնը ձգողական ուժ ունէր։ Ուստի կանայք հաճոյքով էին մտնում նրա բանջարանոցը, նրանք իրենց լիարժէք կին էին զգում գեղեցիկ տղամարդու կողքը, որը այդուհանդէրձ կնամոլ չէր։ Կարճ ասած, այս խանութը ծաղկում էր շնորհիւ Գագիկի քարիզմայի։ Ի հարկ է, բացի քարիզմայից, նա անմնացորդ նուիրուած էր իր գործին եւ ջանք չէր խնայում։ Անցան տարիներ… Մի անգամ խանութից լսուեց ահաւոր գռեհիկ անհանդուրժող խօսելաոճով ձայն։ Մի փոքրամարմին մարդ, որի դէմքին քրոնիկ դժկամութիւն էր գրուած, փրփուրը բերանին կշտամբում էր Գագիկին, մրգերը կատաղած վար գցելով։ Նման վարք կարող էր դրսեւորել միմիայն հարկային ծառայութեան ներկայացուցիչը։ Հարկային տեսուչը, որի համար բոլոր փոքր ձեռնարկատէրերը յանցագործներ էին։ Այդ դէպքից յետոյ Գագիկը դեռ կէս տարի եւս աշխատեց, իսկ Ամանորի նախօրէին… խանութը յանձնեց մէկ ուրիշին եւ մեկնեց Գերմանիա, որտեղ արդէն հաստատուել էին կինն ու զաւակները։ Խանութի նոր վարձակալը յայտարարեց, որ այսույետ ապրանքը վաճառուելու է ցածր գներով։ Սակայն ոչ ոք այլեւս չէր մտնում խանութ։ Խնդիրը ցածր գնի մէջ չէր, այլ բարձր մարդկային որակի։ Դժուար էր հաշտուել Գագիկի բացակայութեան հետ։ Քիչ յետոյ բանջարանոցի վրայ «Տրւում է վարձով» ծանուցումը յայտնուեց, իսկ այսօր տեսայ, որ խանութը բոլորովին դատարկ է, մութ ու անհեռանկար։ Նմանեցրի մեր երկրին, որտեղից աշխատասէր եւ քարիզմատիկ Գագիկները անվերադարձ մեկնում են, մինչդեռ այսպիսի մի անձնաւորութիւն ղեկավարի պաշտօնում կարող էր իր շուրջ համախմբել ոչ միայն մեր երկրի, այլ նաեւ աշխարհասփիւռ հայերի առողջ ուժերը։ Խնդիրը մարդու մէջ է։ Ուրեմն ո՞ւր է նա։