ՕՔՍԱՆԱ ԿԱՐԱՊԵՏԵԱՆ
oksana.karapetian@gmail.com
Աւանդութեան համաձայն, երբ Ամանորը նշում են գարնանամուտին, ապա գովերգում են երկիրը եւ տօնում երկրի զարթօնքը, երբ ամրանն են նշում, գովերգում են մարդուն եւ տօնում նրա հերոսութիւններն ու սխրանքները, բայց երբ ձմրանն են նշում, երկինքն են գովերգում եւ դէպի երկինք են ձգտում։
Արդարեւ, խորին է Ամանորի խորհուրդը՝ գնում է հինը, գալիս է նորը։ Հարկ էր ոչ միայն իմանալ, այլ խորութեամբ ընկալել եւ անձնապէս ապրել այս ծէսը։ Նոր ոգով, նոր հայեացքով, նոր լոյսով մտնել նոր տարի։ Եւ այրել, դէն նետել ու այլեւս ետ չդառնալ, չնայել հնին, հին կորուստներին կամ ձեռքբերումներին, պատրաստ լինել փոփոխութիւնների, ինքդ ձեռնարկել փոփոխութիւն եւ խիզախ քայլել իւր ուղով դէպի վեր՝ առ երկինք։
Հայերս, Ամանորը Յունուարի 1-ին նշել սկսեցինք առաւելապէս 18-րդ դարից սկսեալ, սակայն յատկապէս արեւելահայ ազգագաւառներում ընդհուպ մինչեւ 20-րդ դարասկիզբը Նոր Տարին նշում էին Նաւասարդին, իսկ Յունուարի 1-ին համեստ խնճոյք էին կազմակերպում եւ միմեանց շնորհաւորում։
Ամանորը հայոց մէջ բազում անուններով է յայտնի, զորօրինակ՝ Նոր Տարի, Տարեմուտ, Տարին Գլուխ, Կաղանդ, Կաղինդ, Կալոնտար, իսկ դրան նախորդող գիշերը՝ Լոլէի գիշեր, Կախ կամ Կաղ, Գօտեկախ, Խլվլիկ, Ծաղկեմուտ (վերջինը թերեւս աղերսներ ունի գարնանամուտի տօնի հետ)։ Յիշենք նաեւ Ամանորի եւ Վանատրի դիքերին։ Նրանց տաճարները կանգնեցուած էին Արարատեան ընդարձակ ու գեղեցիկ Բագրեւանդ գաւառում՝ Բագաւանում։ Հնում նրանք Նաւասարդ տօնի ուղեկիցներն էին։
Ամանորին ընդունուած էր զանազան գուշակութիւններ անել, բարերար եւ չարխափան հմայական խօսքեր ու ծիսական մաղթանքներ ասել։ Երբեմն գրի առնուած մաղթանքները դրւում էին թխուածքաբլիթների մէջ։ Միւս սովորոյթի համաձայն պէտք էր մաքրել բնակավայրը, ձգել ամէն տեսակ անպէտք ու հին իր, մի նոր բան աւելացնել եւ նոյն կերպ վարուել սեփական մարմնի եւ հոգու հետ։ Այսօր էլ յաճախ բացասական որակները գրւում են թերթիկների վրայ, այնուհետեւ տրւում նորոգուած կրակի այրող զօրութեանը։ Ասում էին, թէ ուղիղ կէսգիշերին հոսող ջրերը հրաշագործ զօրութիւն էին ստանում, ցանկութիւններ էին իրականացնում եւ ապաքինում. մարդիկ գնում-հաւաքւում էին ակունքներում, անուշեղէն ու ընդեղէն նետում ջուրը՝ ասելով.
Առ քեզի գարի,
Տուր մեզի բարի,
Առ քեզի քէօմիւր (ածուխ),
Տուր մեզի էօմիւր (կեանք)։
Կուժերը լցնում էին այդ ջրից, տանում օրհնանքը հասցնում իրենց տանը, դաշտերին, կենդանիներին ու ոգիներին։ Երբեմն հիւանդ մարդիկ իրենց ոտքով գալիս-հասնում էին աղբիւրին եւ մի պահ մերկ մտնում ջուրը՝ ապաքինուելու։
Սեղանի զարդը տարեհացն էր՝ կլոր կամ խաչաձեւ, եկեղեցու կամ արեւի պատկերով, լի խորիզով կամ ընդեղէնով ու չրերով։ Տարեհացի մէջ դնում են մետաղադրամ ու մաղթանքներ, մետաղադրամն ում որ բաժին հասաւ, նա էլ ամենից երջանիկը կը լինի այդ տարի։ Տարեհացը բաժանում էին կամ 12 մասի, կամ տան անդամների թուին հաւասար, պահում էին դէպի արեւը, որպէսզի աստուածներն ու բարի հրեշտակները գոհանան, դրա մեղրը քսում էին տան անդամների շուրթերին, որպէսզի ողջ տարին քաղցրախօս լինեն։ Ամանորի սեղանը լի էր անուշեղէններով, մայրամապուրով, ընդեղէնով, ընկուզերշիկներով, չրերով, սուտ տոլմայով, չկային մսեղէնները, քանզի Յունվարի 1-ը պահքի օր էր։ Յատուկ տեղ էր զբաղեցնում Կաղանդ ուտելիքը՝ պատրաստուած ընդեղէնից ու մեղրից։ Կաղանդով ու անուշապուրներով յարգում էին նաեւ ոգիներին եւ հրաշք էակներին, յատուկ նրանց համար առանձին դնելով եւ «անուշ արէք, ովքեր չէք երեւում, շնորհաւոր Նոր Տարի» ասելով։ Նաեւ մի մեծ քիւթուկ էին վառում, որ պիտի այրուէր մինչ սուրբ Ծնունդ եւ իւրաքանչիւր հիւր, մի փայտ էր աւելացնում օճախին, այդու ետք տանտերը մոխիրը տանում ցրում էր դաշտերում, որպէսզի Շահապետ ոգիներին գոհացնի եւ տարին բերքառատ լինի։ Ընդունուած էր նաեւ մարդակերպ ու կենդանակերպ թխուածքաբլիթներ թխել, եւ եթէ դրանք ուռուցիկ են լինում, ապա բարեկեցութիւն են գուշակում, եթէ տափակ՝ դժբախտութիւն։
Որոշ տեղերում հմայում-հեռացնում էին չարքերին, բարձրանում էին կտուրը եւ աղմուկ հանում։ Յատկապէս վախենում էին Առայիմ-թառայիմ եւ Խոնջոլոզ ոգիների երեւալուց։
Տօնածառի փոխարէն հնում հացի կամ նռան վրայ ծառի ճիւղեր կամ հասկեր էին կանգնեցնում, դրանք զարդարում ընդեղէնով, ձեռագործ չարխափան ու բարեբեր իրերով։ Ողջ գիշեր պիտի ճրագը վառ լինէր, որպէսզի տարին էլ լուսաւոր լինէր։ Պատանիները Լոլէի գիշերը երգուպարով շրջում էին դռնէդուռ, շնորհաւորանքներ ու մաղթանքներ երգում եւ նուէրներ պահանջում։
Ալէլուիա, ալէլուիա,
Հինը գնաց, նորը կու գայ,
Հինը ուրախ ճանապարհէք,
Նորի համար պատրաստեցէք,
Դուռ, լուսամուտ բացէք,
Ինչ որ կամիք, խնդրեցէք,
Թէ կեանք, թէ խելք, թէ մալ,
Ամենքիդ մուրազն ալ
Կու տայ, միամիտ եղէք։
Աղաներ ու խաթուններ,
Ձեզ շնորհաւոր Նոր Տարի,
Ապրիք շատ ու շատ տարի։
Կիլիկիա
Մինչ մոլորակը կը բոլորի իր պտոյտը, լաւ առիթ է մտորելու անցած ուղու մասին, ձերբազատուել ներքին վախերից ու հրէշներից, խիզախել նորի հանդէպ եւ շնորհակալութեամբ հրաժեշտ տալ անցնող տարուն։ Ահա ես էլ ասում եմ Շնորհակալութիւն ձեզ, սիրելի՛ ընթերցող, շնորհաւոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ, բարեբեր ու երջանիկ տարի ձեզ, թո՛ղ ձեր կեանքում այն իրաւ դառնայ Նորը։