ՕՔՍԱՆԱ ԿԱՐԱՊԵՏԵԱՆ
oksana.karapetian@gmail.com
Հրաշապատումները հրաշքով լեցուն հէքիաթներ են, որ աղերսներ են ձգում առասպելական, մոգական ու դիցային էակների ու դէպքերի հետ՝ դրանց հաղորդելով նոր կեանք ու շունչ։ Այսօր մեր ասֆալտապատ իրականութեան մէջ թերեւս դժուար է հանդիպել մեր դիցային էակներին։ Սակայն ահա ընդամէնը հարիւր տարի առաջ նրանք վազվզում էին անտառներով ու դաշտերով, իսկ գիւղի մեծամեծներն ու փոքրերը երեկոյան հաւաքւում էին օճախի կրակի շուրջը ու լսում ալեւոր բանասաց պապի զրոյցները…
Աբգար թագաւորը երեք տղայ է ունենում, ուխտ է անում Աստծու առաջ, թէ որ սրանք հասունանան, նոյն հօր ու մօրից ծնուած երեք աղջկայ հետ է ամուսնացնելու։ Այդպէս էլ անում է։ Ուղարկում է զաւակներին Արեւշատ թագաւորի մօտ, Արեւշատ արքան էլ, ապրած կենայ, աղջիկներին կնութեան է տալիս, մի արքայութեան չափ օժիտ դնում հետները ու ճամբում տուն։ Տունդարձին սրանք կանգնում են հանգստանալու, էդ սահաթին մառախուղը գալիս, աչքներին է նստում, երբ երկինքը պարզւում է, նայում են տեսնում փոքր տղան չկայ՝ կորել է։ Շատ են փնտռում ու որոնում, բայց՝ ապարդիւն։ Տեսնում են՝ իրենց կորած եղբօր հարսը հունգուր-հունգուր լալիս է, որոշում են ունեցուածքի մի մասը բաժին հանել աղջկան։ Աղջիկն այդ ունեցուածքն առնում է ու նոյն տեղում՝ սարի լանջին, մի տուն է կառուցում, այնտեղ բնակւում։ Ինքը տղամարդու շորեր է հագնում ու անցորդներին հարցուփորձ անում։ Մէկը թէ Աբգար թագաւորի կորած տղուց մի խապար է բերում, երկու կտոր ոսկի է տալիս։ Ժամանակ է անցնում, իր տուն երկու հիւր է գալիս՝ մէկը՝ քոռ, մէկը՝ սաղ։ Սրանք պատմում են, թէ իրենք ճամբին ծարաւեցին, սարի վերին լանջին մի սառնորակ աղբիւր գտան, աղբիւրի շուրջը զանազան ուտելիք ու հաց կար, ու մէկ հատ էլ ծառ կար, ծառի վրայ՝ մեռել։ Տանում են աղջկան ցոյց են տալիս տեղը։ Աղջիկը մեռելին ծառից իջեցնում է, նայում է տեսնում իր կորած ամուսինն է. հագին՝ ոտից գլուխ կոճակները գոցած մի հագուստ։ Կոճակներն արձակում է, վզից կախուած սեւ, ծակ քարը հանում, ամուսինը սաբըր է գալիս, վեր է կանգնում եւ ամուսիններով փաթաթւում են իրար, ուրախանում։ Ամուսինը կնոջը պատմում է, որ իրեն հուրիներն են փախցրել, եւ որ մինչ աղջամուղջը կինը պիտի ամուսնու շորերը նորից հագցնի, կոճակները գոցի, քարը վզին դնի, իրեն էլ տանի դնի էն նոյն ծառի ճիւղին, այլապէս եթէ հուրիքը գլխի ընկան ինչն ինչոց է, սաստիկ կը բարկանան եւ երկուսին էլ կը սպաննեն։ Ահա այսպէս կին ու ամուսին որոշ ժամանակ շարունակում են հուրիներից ծածուկ հանդիպել։ Բայց մի օր հուրիք նկատում են, որ մեռելի վրայ կոճակները սխալ են շարուած, գլխի են ընկնում, որ կինը գտել է նրան եւ որոշում են այնպէս մի տեղ տանեն, որ կինը հարիւր հազար տարի էլ որոնի, միեւնոյն է չգտնի իւր ամուսնուն։ Վերցնում են ամուսնու մարմինը, տանում անց են կացնում Սեւ Ծովն ու Սպիտակ Ծովը, հասնում են հեռու-հեռու՝ Անմահական աղբիւրի մօտ, տանում-դնում Անմահական աղբիւրի պահչէն՝ այգին։ Անցնում է ինը ամիս, ինը օր, ինը ժամ ու ինը րոպէ, եւ Աբգար թագաւորի տղու հարսը լոյս աշխարհ է բերում մի արու զաւակ։ Որդին իր 4 տարին բոլորելուն պէս դառնում է մօրը, թէ «Ա՛յ մեր, ըստի խի՞ ենք կենըմ, էս սարըմը. էթանք քաղաք, աշխարք տենենք, ըստի ի՞նչ կայ»։ Մայր ու որդի հենց որ քաղաք են մտնում, թագաւորի նազիրին են ռասթ գալիս։ Նազիրն էլ հօ նազիր չէր, «համա շատ աչքից շոռ մարթ էր, մեր գեղի Աթաբեկն էր (համեմատութիւնը բանասացի միջամտութիւնն է, գիւղն էլ՝ Աշտարակն է)»։ Նազիրը սիրահարւում է կնոջը, բայց կինը մերժում է նրան։ Այդժամ նազիրը որոշում է ուսում տալ կնոջ տղային, որ սա մեծանայ, մի կտոր հացի տէր դառնայ, նազիրին էլ՝ խոր ծերութեան բալասան, կնոջն էլ՝ որպէս քոյր է ընդունում։ Անցնում են տարիներ եւ խօսակցութիւններ են հասնում արքային, թէ մեր այս տղան քաղաքի որ մի տղային գէթ մէկ անգամ հրում է, վերջինս տեղնուտեղն ընկնում-մեռնում է։ Թագաւորը որոշում է, որ նրա պէս վտանգաւոր մարդուն անպատճառ պիտի մի հեռաւոր տեղ ուղարկի։ Թող գնայ ու մի խուրջին անգին քար բերի, «բերուց՝ բերուց, չբերուց՝ գլուխը կը կտրեմ», - որոշում է թագաւորը եւ համաձայնում տղային տալ այն ձին, որը նա կ՚ուզի։ Տղան որ ձիուն ձեռքը դնում է, այդ ձին ընկնում է, վերջապէս մի քուռակ է գտնում ու ճամբայ ընկնում։ Ճամբին մի ալեւորի է հանդիպում, որն էլ պատմում է, թէ «կ՚երթաս ահա այն սարի գլուխը, գագաթին մի աղբիւր կայ, աղբիւրի վրայ՝ մի հսկայական սալ, այդ սալը մի կողմ կը գլորես, աղբիւրի ամէն բխումից մի անգին քար կը թափուի»։ Տղան գնում է, խուրջինը լցնում է անգին քարերով ու դառնում տուն։ Թագաւորը որ իմանում է, ահ է ապրում։ Որոշում է այս անգամ մի այնպիսի տեղ ղրկի, որտեղից այլեւս ետ չեն գայ։ Պատճառ է բերում, թէ սաստիկ հիւանդ է եւ տղուն ուղարկում Անմահական ջրի եւ խնձորի ետեւից։ «Բերուց՝ բերուց, չբերուց՝ գլուխը կը կտրեմ»։ Տղան գնում է նոյն ալեւոր մարդուն է հանդիպում։ Ալեւորը պատմում է, որ տղայի հայրն էլ է Անմահական աղբիւրի այգում՝ Սեւ ու Սպիտակ ծովերից անդին։ «Բայց ես իմ անզօր քուռակով ինչպէս պիտի անցնեմ Սեւ ու Սպիտակ ծովերը», - տրտնջում է տղան։ «Երթայ, ծովի ափին մի ցից քար կայ, էն ցից քարը կը պոկես, տակին մի հատ գյամ կայ, էն գյամը ծովը կը դնես, այնտեղից մի սեւ ձի դուրս կու գայ, այնպէս դուրս կու գայ, որ կ՚ասես ինձ կ՚ուտի, համա չվախենաս, ձեռդ գցիր ուսն ու հայտա՜»։ Տղան գնում է, հեծնում է հրեղէն ձին, անցնում է Սեւ ու Սպիտակ ծովերը, գնում դէպի Անմահական այգին, վերեւ է ելնում տեսնում լեռ քարից մի դրան տեղ կայ, ձեռքով հրում է, դուռը բացւում է, ներս է մտնում։ Տեսնում է մարմարէ հոյակապ պալատ, ներսը՝ մի ջահել տղայ քնած։ Ինքը մի բուռ ջուր է ըմպում Անմահական աղբիւրից, կ՚ազդուրւում ու մօտենում քնած մարդուն՝ «Վեր կաց կոխ բռնենք»։ Սրանք մինչեւ իրիկուն կռուեցին-կռուեցին, բայց ոչ մէկ չպարտուեց, այս մարդը չգիտէր՝ իր հիւրը հողեղէ՞ն է, թէ՞ հրեղէն։ Վերջը որոշին հանգստանալ։ Տղան պատմեց իր պատմութիւնը։ Հասկացան նրանք, որ հայր ու որդի են, ու հայրը թաքցրեց որդուն, որ հուրիք չգան սպանեն նրան։ Բայց հուրիք եկան ու հասկացան ամէնը, ու նրանց երկուսին տարան իրենց հօր՝ Հուր արքայի մօտ։ Արքան անսաց հօր պաղատանքներին եւ չսպաննեց որդուն։ Փոխարէնը տղան պիտի գնար ու փրկէր Հուրի արքայի որդուն։ Այդ գործը յաջողելու համար տղան Հուրի արքայից պահանջեց նրա Հազարէն ղալխանը, Ջհարդար թուրը, քառասուն փթանոց գուրզը։ Գնաց ճամբին հանդիպեց ոսկեծամ Ալմաստին, որ քառսուն ոսկէ ծամ մի ուսին ունէր, քառսունը՝ միւս։ Ալմաստը նրան ու հրեղէն ձիուն զօրաւոր իրեր տուեց ու պատուիրեց գնալ Սեւ սարը, ուր մի տղայ կայ, այդ տղայի մօտ էլ գերեվարուած է Հուրի արքայի որդին։ Շատ կռուեցին Աբգար թագաւորի թոռն ու Սեւ սարի տիրակալը, նրանց կռիւը նման էր Սասնայ Դաւթի ու Մսրայ Մելիքի կռուին, վերջը Աբգարի թոռը տուեց զարկեց իւր թրով Սեւ սարի տիրակալին եւ երկու կէս եղաւ տիրակալը։ Գնաց ազատեց Հուրի թագաւորի տղային, թագաւորն էլ պատուիրեց ազատ արձակել նրան ու հօրը։ Երբ նրանք անցան Սեւ ու Սպիտակ ծովերը, հուրիք գետնին դրեցին հօր մարմինը, արձակեցին նրա կոճակները, հանեցին ճտին քարը ու հայրը սաբր եկաւ, առողջացաւ։ Գնացին իրենց քաղաքը, տղան մօրը տուեց Անմահական խնձորը, նա կերաւ ու երիտասարդացաւ։ Իսկ քաղաքի թագաւորի մօտ այդպէս էլ չկարողացան գնալ, վերջինս մահացել էր։ Մարդիկ էլ բաց էին թողել Թառլան թռչունին, որ ում գլխին նստի, նրան էլ թագաւոր օծեն։ Ահա Թառլանը նստում է հօր գլխին, տղան էլ գնում է Աբգար թագաւորի մօտ, պատմում է եղած չեղածը, ուրախանում է Աբգար թագաւորը իր տղայի ու թոռան մասին լուրը առնելով. երկնքից երեք խնձոր է ընկնում, մինը՝…։
Ահա այսպիսի մի հէքիաթ, որ աղերսներ է ձգում Փոքր Մհերի ու Սասնա Դաւթի, Մհերի դրան ու Քուռկիկ Ճալալի, Մհեր–Արեւի եւ նրա մարմարէ պալատի եւ այլնի հետ. կարծես միահիւսուել են Սասնայ Ծռեր էպոսի հերոսներն ու դէպքերը, կարծես այն, ինչը հնարաւոր չէր էպոսում, հնարաւոր դարձաւ հրաշք հէքիաթում։