Պատրիարք Մեսրոպ Մութաֆյանի համար խնամակալ նշանակելու համար դիմում է ներկայացվել Ստամբուլի առաջին ատյանի դատարան։
Իրավաբան Արին Մանաջան դատարան է ներկայացրել Թաթեոս Բեբեքի, Արթին Մեզեդուրի, Նազարեթ Բինաթլըի և Հարութ Օզերի պահանջը։ Դիմումը բաղկացած է երեք մասից։ Ներկայացված դիմումն ընդունվել է դատարանի կողմից։ Դիմումի մեջ նշվում է, որ Թուրքիայի հայերի պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը հիվանդության պատճառով արդեն 9 տարի է կորցրել է վճիռ կայացնելու ունակությունը։
Այս լուրը մեծ արձագանք է գտել հայերի շրջանում։ Թաթեոս Բեբեքը նշել է, որ երկար ժամանակ իրենք խորհել են այդ նախաձեռնության շուրջ՝ պատասխանելով այն հարցին, թե ինչ նպատակ է հետապնդում «խնամակալի նշանակման պահանջը»։
«Իրավաբանները նշում են, որ պատրիարքի հիվանդության հենց սկզբից էր անհրաժեշտ նրան խնամակալ նշանակել։ Մենք չգիտենք, թե ինչու դա մինչ այսօր չի արվել։ Վերջին շրջանում խոսակցություններ են տարածվել, որ ըստ եկեղեցական կանոնակարգի՝ եթե 7 տարի շարունակ պատրիարքը չի իրականացնում իր պարտականությունները, ապա պատրիարքի տեղը թափուր է համարվում։ Սա էլ խթան դարձավ մեզ համար, որպեսզի ներկայացնենք մեր դիմումը։ Այս դիմումի շնորհիվ մեր պատրիարքի առողջական վիճակը վերջապես իրավական կարգավիճակ է ստանալու»,- նշեց Բեբեքը։
«Անհրաժեշտ էր, որ ինչ-որ մեկը քայլեր ձեռնարկեր»
Բեբեքը հիշեցրեց, որ 2010թ․ «համակաթողիկոսի ընտրությունների» վերաբերյալ արքեպիսկոպոս Աթեշյանի ներկայացրած դիմումին ի պատասխան՝ ներքին գործերի նախարարությունը գրություն էր ուղարկել, որում նշվում էր․ «Պատրիարքի կենդանության օրոք ընտրություններ չեն կարող կայանալ»։ Նա ասաց․ «Մենք, իհարկե, գոհ չենք այս իրավիճակից։ Սակայն հասարակության ապագային վերաբերող նման հարցի շուրջ անհրաժեշտ էր, որ ինչ-որ մեկը քայլեր ձեռնարկեր»։
Թ․ Բեբքն ասաց․ «Հունվարի 2-ին փոքրամասնության ներկայացուցիչների համար Ա․ Դավութօղլուի կազմակերպած հանդիպմանը ես էլ էի ներկա։ Երբ առաջ քաշեցի պատրիարքի ընտրությունների հարցը, պարոն Դավութօղլուն նշեց, որ եթե պատրիարքի առողջական վիճակի մասին հաշվետվություն ներկայացվի, ապա ընտրության հետ կաված պետական ոչ մի խոչընդոտ չի լինի։ Զարմանալի է, որ այս խոստումից հետո անգամ համայնքը ոչինչ չձեռնարկեց»։
Թաթեոս Բեբեքը նշեց, որ որպես խնամակալի թեկնածու ներկայացված է Մեսրոպ Մութաֆյանի մայրը՝ Մարի Մութաֆյանը։