Աշխարհը խենթացել է վերջնականապէս։ Նախկին հետախոյզներն ու յատուկ ծառայութեան աշխատակիցները, որոնք քաջ տեղեակ են մեծ տիրոյթների կողմից Մերձաւոր Արեւելքում ահաբեկչական խմբաւորումների ստեղծման մասին, կանխատեսում են արեան եւ արցունքի ծովեր։ Հենց այդ խմբաւորումները հիմք դրեցին Իրաքում «Իսլամական Պետութիւն» ահաբեկչական կազմակերպութեանը։ Ի՞նչ անել։ Ինչպէ՞ս կասեցնել «Իսլամական Պետութեան» սպառնալիքներն ու ահաբեկչական գործողութիւնների հեռանկարը։ Մեծից փոքր այսօր տարուած են միայն այդ հարցի լուծմամբ։ Սակայն նրանք, ովքեր կարծում են, թէ «Իսլամական Պետութիւն» կոչուածը դա հրէշ է, որը պէտք է ոչնչացնել, սխալւում են, քանզի այդ «հրէշը», այդ «վիշապը» ունի հետեւորդներ։ Ահա թէ ինչ է ասում այդ մասին, օրինակ, լիտուացի քաղաքագէտ Ռոլանդաս Պաուլաուսկասը.
ԾՈՎԻՆԱՐ ԼՈՔՄԱԿԷՕԶԵԱՆ
dzovinarlok@gmail.com
Աշխարհը խենթացել է վերջնականապէս։ Նախկին հետախոյզներն ու յատուկ ծառայութեան աշխատակիցները, որոնք քաջ տեղեակ են մեծ տիրոյթների կողմից Մերձաւոր Արեւելքում ահաբեկչական խմբաւորումների ստեղծման մասին, կանխատեսում են արեան եւ արցունքի ծովեր։ Հենց այդ խմբաւորումները հիմք դրեցին Իրաքում «Իսլամական Պետութիւն» ահաբեկչական կազմակերպութեանը։ Ի՞նչ անել։ Ինչպէ՞ս կասեցնել «Իսլամական Պետութեան» սպառնալիքներն ու ահաբեկչական գործողութիւնների հեռանկարը։ Մեծից փոքր այսօր տարուած են միայն այդ հարցի լուծմամբ։ Սակայն նրանք, ովքեր կարծում են, թէ «Իսլամական Պետութիւն» կոչուածը դա հրէշ է, որը պէտք է ոչնչացնել, սխալւում են, քանզի այդ «հրէշը», այդ «վիշապը» ունի հետեւորդներ։ Ահա թէ ինչ է ասում այդ մասին, օրինակ, լիտուացի քաղաքագէտ Ռոլանդաս Պաուլաուսկասը.
-«Իսլամական Պետութիւն» կամ «Համաշխարհային Խալիֆայութիւն» հասկացութիւնը մենք ընդունում ենք միայն որպէս սարսափազդու երեւոյթ եւ ոչ աւել։ Սակայն արաբական աշխարհում, որը հաշուում է աւելի քան միլիառ մարդ, այդ պետութեան գաղափարները, հիմնուած կրօնքի եւ սոցիալական արդարութեան վրայ, ունեն շատ երկրպագուներ։ Այդ խալիֆայութիւնը առաջարկում է նոր երազանք, այն ինչ կատարուեց Ռուսական Կայսրութիւնում 1917-ին, երբ պոլշեվիկները առաջ քաշեցին մի գաղափարախօսութիւն, որին հաւանութիւն տուեցին բազմաթիւ մարդիկ։ Որքան արիւն չպահանջուի, միեւնոյնն է մարդիկ չեն հրաժարուի այդ գաղափարից։ Այսպիսով «Համաշխարհային Խալիֆայութիւն»ը ունի ահռելի ներուժ։ Եւ քանի որ այն կապուած չէ որոշակի տարածքի հետ, պայքարել նրա հետ անհնար է։ Անհնար է պայքարել գաղափարի հետ։
Մենք, որ ծնուել ենք մի երկրում, որն այլեւս գոյութիւն չունի, այսինք Սովետական Միութիւնում, քաջ տեղեակ ենք, թէ ինչ է նշանակում նոր գաղափարախօսութիւն, որն իրականացնելու համար արեան մէջ խեղդեցին Սովետական Միութեան կազմի մէջ մտած 15 հանրապետութիւնների միլիոնաւոր մարդկանց, առաջին հերթին լաւագոյն մարդկանց, բացարձակ արմատախիլ անելով ազնուական դասը, որի ձեւաւորման համար հարիւրաւոր սերունդներ են հարկաւոր… Ինչպէ՞ս հասկացնես մարդկանց, թէ ինչով անցաւ 146 միլիոնանոց երկիրը, որպէսզի վերջապէս տապալուի անիրական գաղափարախօսութիւնը, որի վերարտադրումը որպէս սպառնալիք կախուած է կրկին ՌԴ-ան քաղաքացիների գլխին։ Գի՞րք գրես։ Գրուեցին։ Կերպարուեստո՞ւմ պատկերես։
Մեր ժամանակներում նոր հնարաւորութիւններ են բացուել։ Աքցիաներ անել։ Փերֆորմանս։ Գործողութիւններ արուեստի շրջանակներում։ Փերֆորմանսի մէջ մտնում է ոչ միայն արուեստագէտի գործողութիւնը, այլ հասարակութեան, ոստիկանութեան, իրաւական մարմինների եւ բուժաշխատողների գործողութիւնները, որովհետեւ կարեւորը արձագանգն է եւ աքցիայի ազդեցութիւնը հասարակութեան վրայ։ Այժմ տեսնենք թէ ինչ կատարուեց 2015-ի Նոյեմբերի 9-ին Մոսկուայի Լուբեանկայի վրայ։ Լուբեանկա ասելով մարդիկ հասկանում են ամենասարսափազդու հիմնարկը, որ երբեւէ եղել է մարդկութեան պատմութեան մէջ։ Տարբեր շրջաններում այն փոխել է իր անուանումը. ՆԿՎԴ, ՄՎԴ, 1954-ից կոչուել է ԿԳԲ, այսինքն Պետական Անվտանգութեան Կոմիտէ, 1996-ից՝ ՖՍԲ, այսինքն Դաշնային Անվտանգութեան Ծառայութիւն։ Ուրեմն գիշերուայ ժամը 01.15-ին մի տղամարդ է մօտենում շէնքի մուտքին եւ դրան վրայ պէնզին լցնելով կրակայրիչով հրկիզում է դուռը։ Այնուհետեւ հանգիստ կանգնում է ՖՍԲ-ի այրուող դրան առջեւ։ Աքցիայի հեղինակը Պետր Պավլենսկին էր, արդէն յայտնի իր նախորդ աքցիաներով։ Մի քանի ժամ յետոյ համացանցում վիտէօ է յայտւում աքցիայի բացատրութիւնով։
«Լուբեանկայի այրուող դուռը դա ձեռնոց է, որը նետում է հասարակութիւնը ահաբեկչական սպառնալիքի երեսին։ ՖՍԲ-ն անդադար ահաբեչութեամբ պահում է իր իշխանութիւնը 146 միլիոն մարդկանց վրայ։ Վախը ազատ մարդկանց վերածում է անջատ մարմինների իրար կպած զանգուածի։ Անխուսափելի բռնութեան դաժան սպառնալիքը կախուած է իւրաքանչիւրի վրայ, ով գտնւում է հսկողութեան սարքերի հասանելիութեան սահմաններում»։
Հասարակութեան արձագանգները.
1. «Ակնյայտ է խորհրդանիշների ամբողջութիւնը։ Լուբեանկայի դուռը դա դժողքի դարբասներն են, մուտք դէպի բացարձակ չար աշխարհ»։
2. «Պավլենսկին պաշտօնապէս դուրս է գալիս պետական ահաբեկչութեան դէմ, որն իրականացնում է ՖՍԲ-ն Ռուսաստանի բնակչութեան հանդէպ։ Շատ համարձակ աքցիա է։ Նման բան չէր եղել Ռուսաստանի ողջ պատմութեան ընթացքում։ Սովետական Միութեան եւ ՌԴ ժամանակաշրջանում ոչ ոք չէր յանդգնել գրոհել Լուբեանկայի մռայլ շէնքը։ Բոլորի երեւակայութեան մէջ այդ շէնքը մարմնաւորում էր ուժի միսթիկ կեդրոն։ Մարդիկ կարծում էին, որ չեն կարող նոյնիսկ մօտենալ նրան։ Պարզուեց, որ դա ֆէթիշ է։ ՖՍԲ-ի շէնքը ընդամէնը փտած կուռք էր։ Այդ իմաստով աքցիան հանեց թապուն, ոչնչացրեց սարսափը ՖՍԲ-ի կարծեցեալ ամենազօրութեան հանդէպ։ Աքցիան կը շարունակուի արդէն բանտում։ Բայց Պավլենսկուն կոտրել դժուար կը լինի. մարդ, որը համակարգում մնում է ինչպէս որ կայ, համոզուած լինելով իր արդարացիութեան մէջ, գործնականօրէն անխոցելի է»։
3. «Պավլենսկին մեծագոյն արուեստագէտ է։ Նոյեմբերի 9-ը նոր ուղենիշ է Ռուսաստանի պատմութեան մէջ։ Ինձ թւում է, որ ես դեռ չեմ հասունացել, որպէսզի խօսեմ այդ մասին։ Այստեղ պատմական եւ մշակութային այնպիսի չափսերի իրադարձութիւն է, որ ուղղակի պապանձւում ես։ Փա՜ռք հերոսին»։
4. «Մարդիկ, որոնք հասկանում են, թէ ինչ է արուեստը, կարծում են, որ արուեստի խնդիրներից մէկն է բացայայտել հասարակութեան չգիտակցուած թրավմաները, անտեսանելին դարձնել տեսանելի»։
Պավլենսկուն մեղադրեցին «վանտալութեան» (բարբարոսութեան) մէջ, սակայն նրա փերֆորմասի նպատակն էր՝ ստանալ մեղադրանք «ահաբեկչութեան» մէջ։ Յիրաւի, եթէ ահաբեկչութեան նպատակը վախեցնելու մէջ է, ապա նա իրօք որ վախի մէջ գցեց այն հիմնարկը, որն ահ ու սարսափի մէջ էր պահում սեփական ժողովուրդը։