Աստուածն ու Սատանան

Հայոց առասպելները յաճախ են պատկերում բնութեան այսուայն երեւոյթները, բարիքները, գովերգում գեղեցկութիւնը, արարման վեհութիւնը։ Աստուածներն այդքան օրինակելի են, հպարտ ու վսեմ։ Չարը՝ պարտուող, բարին՝ յաղթող։ Բայց երբեմն մենք հանդիպում ենք նաեւ, կարծես, բիրտ ու դաժան աւանդապատումների։ Եւ սա, թերեւս, հասկանալի է. կեանքը միատարր չէ, եւ ինչպէս իրականութիւնն է բազմաշերտ, այդպէս էլ իրականութիւնը պատկերող, կամ էլ թէ՝ իրականութեան մեր ընկալումները պատկերող առասպելներն են բազմագոյն։

ՕՔՍԱՆԱ ԿԱՐԱՊԵՏԵԱՆԿԱՐԱՊԵՏԵԱՆ

oksana.karapetian@gmail.com 

Հայոց առասպելները յաճախ են պատկերում բնութեան այսուայն երեւոյթները, բարիքները, գովերգում գեղեցկութիւնը, արարման վեհութիւնը։ Աստուածներն այդքան օրինակելի են, հպարտ ու վսեմ։ Չարը՝ պարտուող, բարին՝ յաղթող։ Բայց երբեմն մենք հանդիպում ենք նաեւ, կարծես, բիրտ ու դաժան աւանդապատումների։ Եւ սա, թերեւս, հասկանալի է. կեանքը միատարր չէ, եւ ինչպէս իրականութիւնն է բազմաշերտ, այդպէս էլ իրականութիւնը պատկերող, կամ էլ թէ՝ իրականութեան մեր ընկալումները պատկերող առասպելներն են բազմագոյն։

Ուզում եմ ձեզ պատմել Աստծոյ ու Սատանայի զրոյցներից մէկը, որ, անշուշտ, աղերսներ ունի յունահռոմէական աւանդութեան հետ, ինչը նոյնպէս հասկանալի է. բազմամշակութային մեր տարածաշրջանում բոլոր ժամանակներում այնքան շատ էին այլեւայլ էթնոսները, ազգերը, ժողովուրդները, որ բնականօրէն միախառնւում, միաձուլւում էին եւ նրանց մշակոյթները՝ միմեանց հարստացնելով, միմեանց սնուցելով, ստեղծելով կարծես մէկ ընդհանուր, բազում ծալքեր ունեցող աշխարհագրութիւն, որը միեւնոյն ժամանակ ինչ-որ հրաշքի միջոցով պահպանում էր նաեւ իւրաքանչիւրի մաքուր մշակոյթը, իւրաքանչիւր ազգի սիրտը։

Այսպիսի միջմշակութային երկխօսութեան մէջ էր նաեւ նախապատմական աշխարհը, եւ մեր տարածաշրջանում, յատկապէս, իրար էին միահիւսուել յունահռոմէական, իրանական ու հայկական առասպելապատումները։ Յետագայում առասպելների վրայ իր հետքը թողեց նաեւ ժամանակը, եւ նոր ուսմունքի՝ քրիստոնէութեան պատկերումները եկան շաղախելու հին աւանդազրոյցները։

Այսպէս, մեր այս առասպելապատումի մէջ կը տեսնենք մի կողմից Աստծուն, միւս կողմից՝ Սատանային, այնինչ հին ուսմունքի մէջ, հեթանոսութեան ժամանակներում, գոնէ հայերիս մօտ չկար Սատանայի կերպար, աշխարի երկակի ընկալումն էլ յստակ չէր։ Անշուշտ կար չարը, սակայն ոչ բացարձակ առումով, այլ՝ մասնաւոր։ Զոր օրինակ վիշապը, որպէս չարիք էր ընկալւում յաճախ, կարող էր եւ բարիք լինել եւ պաշտուել, զի չոր ու ցամաք օրերին վիշապն էր, որ բարեբեր անձրեւ էր բերում ժողովրդին, կամ՝ Քաջքերը, որ քրիստոնէութիւնից յետոյ առաւելապէս չար ոգիներ էին յիշւում, ժամանակին Արտաւազդի կապանքներն էին պահում եւ չէին թողնում, որ նրա չարութիւնը տարածուի աշխարհով մէկ։ Ասել է թէ՝ նման ուժերը առաւել զօրութիւններ են, եւ իրենց էութեամբ ոչ չար են, ոչ էլ՝ բարի, այլ մեր ընկալումներից ելնելով կարող են մասնաւորապէս մեզ չարիք կամ բարիք բերել, եւ կախուած իւրայատուկ իրավիճակից՝ լինել բացասական կամ դրական։ Ի դէպ՝ նոյնը կարելի է ասել աստուածների մասին, եւ հենց մեր միտքն է, որ կարող է Աստծուն դարձնել Սատանայ, երեւոյթը ընկալել չար կամ բարի։ Ահաւասիկ հայոց հին ուսմունքում յիշւում էր, որ երեւոյթները, զօրութիւնները ինքնին ո՛չ չար են, ո՛չ էլ բարի, սակայն մեզ կամ այլոց համար կարող են լինել վնասաբեր կամ բարեբեր։

Ասում են՝ ժամանակին քարերն ու ծառերը մարդկանց նման շարժուել են, խօսել, կերել, խմել։ Սատանան տեսնելով այդ, գալիս է Աստծոյ մօտ, իրաւունք խնդրում, որ ինքն էլ մի բան ստեղծի։ Աստուած քմծիծաղ տալով ասում է.

—Թէ կարող ես՝ ստեղծիր։

Սատանան գնում է քարերի մօտ, տեսնում, որ նրանք ոսկուն են թագաւոր դարձրել, ասում է.

—Կայծքարն աւելի զօրաւոր է եւ կարող է ոսկուց լաւ թագաւոր լինել։

Ասածը հաստատելու համար նա մի տան մէջ խոտ, փայտ ու ցան է լցնում, ապա առաջարկում է կայծքարին՝ երկաթին բախուել։ Կայծքարն ու երկաթը բախւում են իրար, կայծեր առաջացնում։ Կայծերն ընկնում են տան մէջ լցրած չոր խոտի վրայ, վառւում, կրակ ստեղծում։ Մարդիկ ու քարերը հաւաքւում են կրակի շուրջը եւ նրա միջից հանում խորոված պտուղներ ու կենդանիներ, ապա ուտում դրանք։ Շատ են հաւանում դրանց համը, սկսում են այդ կրակից տանել իրենց տները, օճախ սարքել, վրան կերակուր եփել։

Աստուած զայրանում է Սատանայի վրայ, որ նա կրակի գաղտնիքը յայտնել է մարդկանց, ասում է.

— Սպասիր, քո պատճառով այնպիսի կրակ ստեղծեմ, որից սարսափեն մարդիկ։

Եւ նա ստեղծում է Աստծոյ կրակը՝ կայծակը, ուղարկում է երկիր։ Կայծակի հենց առաջին հարուածից զոհւում են տասը մարդ։ Սատանան սարսափահար փախչում է եւ այլեւս Աստծոյ աչքին չի երեւում։

Աստուած պատժում է քարերին, զրկում նրանց շարժուելու եւ ուտելու ունակութիւնից, որովհետեւ մարդիկ կայծքարի միջոցով էին իմացել կրակի գաղտնիքը։

Աստուած նոյն կերպ պատժում է նաեւ ծառերին, որոնք իրենց կամքով վառելիք էին դարձել մարդկանց համար։