Կարո՞ղ է արդեօք ճաշակը զարգանալ։ Այո՛, եթէ ճաշակ ունես։ Խօսքը Մալեանի անուան կինօդերասանի թատրոնի մասին է։ Կինօռեժիսոր Հենրիկ Մալեանը, որը ստեղծեց այդ թատրոնը, ի ծնէ թատերական ռեժիսոր էր։ Նրա համար ընդհանրապէս ամէն ինչ թատրոն էր։ Խաղ։ Եւ այդ խաղի մէջ չկար կարեւոր փաստ եւ երկրորդական։ Կեանքը ինքնին ողբերգութիւն է, սակայն եթէ նայես կեանքին թատերական ակնոցներով, ապա այն կը փոխի իր բնոյթը, հնարաւորութիւն տալով ողբալու հետ մէկտեղ նաեւ ծիծաղել։
ԾՈՎԻՆԱՐ ԼՈՔՄԱԿԷՕԶԵԱՆ
dzovinarlok@gmail.com
Կարո՞ղ է արդեօք ճաշակը զարգանալ։ Այո՛, եթէ ճաշակ ունես։ Խօսքը Մալեանի անուան կինօդերասանի թատրոնի մասին է։ Կինօռեժիսոր Հենրիկ Մալեանը, որը ստեղծեց այդ թատրոնը, ի ծնէ թատերական ռեժիսոր էր։ Նրա համար ընդհանրապէս ամէն ինչ թատրոն էր։ Խաղ։ Եւ այդ խաղի մէջ չկար կարեւոր փաստ եւ երկրորդական։ Կեանքը ինքնին ողբերգութիւն է, սակայն եթէ նայես կեանքին թատերական ակնոցներով, ապա այն կը փոխի իր բնոյթը, հնարաւորութիւն տալով ողբալու հետ մէկտեղ նաեւ ծիծաղել։
Հումորի ուսուցիչները
Մալեանի առաջին ուսուցիչը ռեժիսուրայի մէջ նրա հայրն էր, Սուրէն Մելքումի Մալեանը, որը ո՛չ մի կապ չունէր կինոյի կամ թատրոնի հետ։ Նա թառ էր նուագում հարսանիքներին եւ հոգեհանգիստներին, իսկ տուն գալուն պէս պատմում էր տեսածն ու լսածը գունեղ, հիւթեղ, հումորի եւ իմաստութեան երջանիկ շաղախով, պատմում էր ժամեր անընդհատ, մարդկային բազում բնաւորութիւնների, մարդկանց բազում իրավիճակների տեսանելի նկարագրով, ինչպէս գրում է Հենրիկ Մալեանը իր «Երկխօսութիւն երրորդի համար» գրքում եւ՝ ընդգծելով հօր հումորի անկրկնելի շնորհքն ու տաղանդը, աւա՛ղ, ընդհատում է հետեւեալ դիտողութեամբ. «Քանի որ նա իմ հայրն է, անհամեստութիւն կը լինէր նրան աւելի գովելը…»։
Նրա երկրորդ ուսուցիչը պէտք է համարել Չափլինին, որին Մալեանը պաշտում էր։ Յետո՞յ ինչ, որ պաշտում էր, մարդկութեան մեծ մասը նոյնպէս սիրում եւ պաշտում է Չապփլինին։ Բայց Մալեանը որդեգրեց Չափլինեան գեղագիտութիւնը, որն է. ծիծաղելիի խորքում պահպանել վշտի կարողութիւնը եւ վիշտը հանգուցալուծել ծիծաղով։ Եթէ մեր հայկական կինոյում առկայ է հումորը, նուրբ եւ ներքին հրճուանք ու բերկրանք պատճառող, ապա դա Մալեանի հումորն է։ Հետաքրքիր է, որ նրա ֆիլմերում նկարահանուող դերասանները չդարձան նրա թատրոնի դերակատարներ, իսկ նրանց մէջ կինոյի եւ թատրոնի հսկաներն էին. Մհեր Մկրտչեան, Սոս Սարգսեան, Խորէն Աբրահամեան, Մայիս Գարակէօզեան, Արմէն Խոստիկեան, Կիմ Երիցեան… Ուրիշ սերունդ էր, ուրիշ դպրոց… Միայն երիտասարդ Աշոտ Ադամեանը, որի տաղանդի շնորհիւ իրականացուեց «Կտոր Մը Երկինք» ֆիլմը, կինոյից քայլեց թատերաբեմ։
Տաղանդի ժառանգը
Հումոր, հումոր… մի՞թէ ներկայիս այսպէս կոչուած ֆիլմերում պարտադրուող ծիծաղը ինչ-որ կապ ունի հումորի հետ։ Հումորը բացակայում էր կինոյում Մալեանի օրով, բացակայում է մինչ օրս… Իսկ թատրոնո՞ւմ։ Թատրոնում հումորը յենւում էր կատակերգուների տաղանդի վրայ, օրինակ, Կարպ Խաչվանքեանի, Սվետլանա Գրիգորեանի եւ այլոց, որոնք երկար տարիներ պահեցին Պարոնեանի անուան թատրոնը որպէս քոմէտիայի ժանրի թատրոն։ Այսօր Մալեանի թատրոնը միակն է իր տեսակի մէջ, որը չլինելով քոմէտիայի թատրոն, այնուամենայնիւ ստանձնել է կատակերգական ժանրի դերը։ Մալեան թատրոն էլ ասելով, այսօր մենք ի նկատի ունենք արդէն Նարինէ Մալեանին։ Նրա ճաշակին։ Նրա հումորի զգացմունքին, ժառանգած հօրից, մեծ հօրից, այնուհետեւ Չափլինից եւ ընդհանրապէս այդ ժանրում ունեցած համաշխարհային փորձից։ Արդիւնքում Նարինէի բեմադրութիւնները համակուած են այնպիսի հումորով, որը նման չէ արդէն ոչ մի ուսուցչի ձեռագրին, այլ կրում է իր, Նարինէ-հեղինակի կնիքը։ Նարինէական հումորը կառուցում է ծայրաստիճան սեղմ, մինիմումի հասցրած գործողութիւն, ներթափանցում է ինտոնացիայի, փլաստիկայի, յատկապէս մանրամասնութիւնների մէջ։ Իսկ դերասա՞նը… Մալեան թատրոնի գեղագիտական պատեանում գտնուած դերասանին այլեւս դժուար թէ կարողանայ բաւարարել որեւէ այլ մեկնաբանող։
Ներկայացում, նուիրուած 35-ամեակին
Թւում էր, թէ 35-ամեակին թատրոնը կը ցուցադրի դրուագներ իր ներկայացումների խաղացանկից։ Բայց ո՛չ։ Թատրոնը զարմացրեց մեզ ոչ թէ անցած ճանապարհով, այլ՝ չանցած, չբեմադրած, ծիծաղի առարկայ դարձրած դրուագներով։ Ինչպէ՞ս կարելի, օրինակ, ծիծաղ առաջացնել ներկայացնելով «Անուշ» օփերան։
Հնչում է «Ամպի-ի տակից ջուր է գալիս»… եւ աղջիկները շուրջպար են կատարում։ Աղջիկներից մէկը… կանացի հագուստով տղամարդ է։ Դերասան Լեւոն Ղազարեանը։
Թումանեանի «Կիկոսի մահը»։ Ո՞վ չգիտի այդ հէքիաթը։ Իսկ ի՞նչ կը լինի, եթէ գործող անձինք տեղադրուեն ճապոնական իրականութեան մէջ։ Անզուսպ ծիծաղ կը լինի։ Յատկապէս ծիծաղելի կը դիտուի Կիկոսի մահը, առաջացած մուրճով գլխին հարուած ստանալուց։ Ուղղակի պէտք է տեսնել, թէ ինչ զաւեշտական է Սամուէլ Թոփալեան-Վահագն Գասպարեան զոյգը։ Նոյն զոյգի կատարմամբ ներկայացուեց դրուագ «Տոն Ժուան»ից։ Մինչ Տոն Ժուանը (Սամուէլ Թոփալեան) փորձում էր կրակից խոյս տալ, հետեւելով իր կրքերին, Լեպորելլոն (Վահագն Գասպարեան) փորձում էր ձեռքերով պահել իր չամրացուած վարտիքը, բացականչելով «ռոճիկս, ռոճիկս»։ Իսկ Արա Սարգսեան-Սամուէլ Թոփալեան-Գէորգի Յովակիմեան եռեակը պարզապէս հանդիսատեսի վերջը տուեց, ներկայացնելով մի հինաւուրց ֆրանսիական ողբերգութիւն։ Պէտք է սեփական աչքերով տեսնել Նարինէ Մալեանի բեմադրութիւնները։ Բեմում դեռ ոչինչ եւ ոչ ոք չկայ, իսկ ծիծաղը արդէն յայտնւում է քուլիսներից եւ խեղդում հանդիսատեսին։ Թատրոնի օդն է անգամ լեցուած ծիծաղով։
Ներկայացման աւարտին Մշակոյթի Նախարարութեան պաշտօնեան բեմ բարձրացաւ, որպէսզի շնորհակալագիրներ եւ մետալներ բաժանի դերասաններին։ «Հաճելի ժամանակ անցկացրինք», -ասաց…
Յարգարժամ պետական պաշտօնեայ, հաճելի ժամանակ անցկացնում են…Փառուանա ռեստորանում։ Իսկ Մալեան թատրոնը ժամանակից վեր է բարձրացնում։ Որովհետեւ թեւեր է բաժանում…