ՕՔՍԱՆԱ ԿԱՐԱՊԵՏԵԱՆ
oksana.karapetian@gmail.com
Ահա եկէք դառնանք բուսական աշխարհին եւ տեսնենք, թէ բոյսերի մասին ինչ առասպելներ են շրջանառուել մեր վիպաշխարհում։ Բնական է, որ բոյսերի մասին առասպելները շատուշատ էին մեր վիպաշխարհում, ինչպէս շատ էին եւ բժիշկները, ախթարները, որոնք իրենց դեղատոմսերում մշտապէս օգտագործում էին հարուստ բնաշխարհի առաւելութիւնները, կենարար բոյսերը։ Ինքը՝ Հայկական Լեռնաշխարհ կոչուած աշխարհագըրական տարածքը, իր բուսատեսակների բազմազանութեամբ մոլորակի գողտրիկ ու հարուստ վայրերից մէկն է, եւ յուսանք՝ մենք՝ մարդիկ, որ ապրում ենք այդ տարածքների վրայ, ունակ կը լինենք դեռ երկար պահպանել այդ հարստութիւնը։ Այսօր իսկ ծանօթանանք առասպելներից մէկ-երկուսին։
Նունուֆարը։ Բուսել է Սասունցի Դաւթի թափուած արեան կաթիլներից, երբ դարանակալ թշնամին Մեղրագետում լողանալիս սպաննել է նրան։
Աղբրանց արիւնը։ Կարմիր, արիւնագոյն ծաղիկ է։ Քուրտ աւազակները սարերում սպանել են եօթ եղբայրների։ Նրանց թափուած արիւնից բուսել է տխուր ու արնագոյն աղբրանց արիւնը։ Նրա կողքին գրեթէ միշտ բուսնում է լալան, որն իր զանգակաձեւ գլուխը կախած, ողբում է սպանուած եղբայրներին։
Մանուշակը։ Սկզբում եղել է գեղեցիկ, բայց շատ խաբարբզիկ աղջիկ, իրենց տան գաղտնիքները հաղորդել է ուրիշներին, ուրիշներինն էլ՝ տանեցիներին։ Մայրը շատ է խրատել աղջկան, բայց աղջիկը մնացել է անուղղելի։ Ստիպուած անիծել է նրան՝ ասելով.
— Չոլերն ընկնես, լեզուդ ծոծրակիցդ դուրս գայ։ Աղջիկն անմիջապէս ընկել է ղաշտերը, ծաղիկ դարձել։
Վարդն ու Մանուշակը։ Քոյր ու եղբայր են եղել։ Վարդը փշերով միշտ ծակծկել է Մանուշակին, նա էլ ծծել է Վարդի արիւնը եւ քսել իր երեսին։ Մայրը տեսնելով, որ քրոջ ու եղբօր կռիւները վերջ չունեն, անիծում է նրանց՝ միմեանցից կարօտ մեռնեն։ Այդ օրից Վարդն ու Մանուշակը այլեւս իրար երես չեն տեսնում։ Ով նրանց փորձի իրար մօտ բերել՝ փափաքը անկատար կը մեռնի։
Գիհի։ Գրիգոր Նարեկացին մէկի մօտ հոտաղ է լինում։ Մի անգամ տան պառաւը բարկանալով նրա վրայ, անթրոցը (թոնրի կրակը խառնելու երկաթ) նետում է նրա յետեւից։ Նարեկացին վերցնում է անթրոցը, տնկում հողի մէջ, ինքն անյայտանում։ Անթրոցը ծաղկում է, դառնում գիհու ծառ։
Բամբակ։ Աստուած մարդուն կաւից է պատրաստել։ Երբ պատրաստել, վերջացրել է, ձեռները իրար է քսել, կաւի մնացորդները թափուել են գետին, եւ դրանցից էլ գոյացել է բամբակը։
Խաղողի որթ։ Հրեշտակը հիւր է գալիս հին հրեաների նահապետ Աբրահամի տուն։ Տանը ուտելու բան չի լինում, Աբրահամը ստիպուած մորթում է հորթը։ Երեկոյան, երբ կովը նախրից վերադառնում է, բառաչելով փնտռում է հորթին։ Ձայնն ընկնում է հրեշտակի ականջը։ Նա պատուիրում է Աբրահամին՝ բերել հորթի կաշին ու ոսկորները։ Աբրահամը բերում է, բայց հորթի ազդրոսկրը չի գտնում։ Հրեշտակն օրհնում է, հորթն իսկոյն կենդանանում է եւ ոտի կանգնում։ Քիչ անց Աբրահամը գտնում է նաեւ հորթի կորած ոսկորը եւ բերում հրեշտակի մօտ։ Հրեշտակը պատուիրում է Աբրահամին ոսկորը թաղել այգում։ Աբրահամը այդպէս էլ անում է։ Մէկ տարի անց հորթի ոսկորից բուսնում է խաղողի որթը։
Սիրի-սիրի։ Երեք եղբայր սիրահարուած են լինում մի աղջկայ։ Իրար շատ են խանդում ու նախանձում, վերջում երեքն էլ սպանում են իրար։
Այդ երեք եղբօր թափուած արիւնից գոյանում է եռատերեւ սիրի-սիրի ծաղիկը։
Լոշտակ։ Լոշտակը մեծ եւ լայն տերեւներով, երկար ու հաստ ձեւաւոր արմատներով դեղաբոյս է, Հայաստանում շատ տարածուած։ Դրան ասում են նաեւ «հայկական ժենշեն»։
Մի վարդապետ Լոշտակ անունով ծառայող է ունեցել, որին շատ է տանջել։ Մի օր էլ, երբ վարդապետը քնած է լինում, Լոշտակը կանթեղից ձէթ է լցնում նրա մօրուքին եւ կրակ է տալիս։ Վարդապետը զարհուրած՝ քնած տեղից վեր է թռչում եւ տեսնելով Լոշտակին, ասում.
— Գետինը մտնես։
Լոշտակն իսկոյն գետինն է մտնում։ Վարդապետը զղջալով իր անէծքի զօրութիւնից, մեղմացնում է խօսքը եւ ասում.
— Ամենայն հիւանդութեան դեղ լինես։
Բայց քիչ անց, զգալով այրուածքի ցաւը, նորից է անիծում Լոշտակին, ով որ նրան հողից հանի՝ ինքը մտնի նրա տեղը։
Այդ է պատճառը, որ մարդիկ լոշտակ հանելիս, շուն են կապում արմատներից եւ քաշել-հանել են տալիս հողից։