ՕՔՍԱՆԱ ԿԱՐԱՊԵՏԵԱՆԿԱՐԱՊԵՏԵԱՆ
oksana.karapetian@gmail.com
Հայերիս սիրտը միշտ գերել է բոցավառ ու վիշապաքաղ Վահագնը։ Նրա մասին առասպելապատումները չեն հեռացել մեր մտքերից։ Երբ քրիստոնեայ Խորէնացին աւանդում էր մեզ Վահագնի երգը, հայերի մի զանգուած շարունակում էր հաւատարիմ մնալ հին հաւատքին։ Ցաւով պիտի խոստովանենք, որ ինչպէս մեր հին հաւատքի, այդպէս էլ այս մարդկանց մասին մեզ շատ քիչ գիտելիքներ են հասել։ Պիտի ենթադրենք, որ տարբեր ժամանակաշերտերում, եւ գուցէ նոյն ժամանակահատուածում նոյնպէս, տարբեր համայնքներ են գոյութիւն ունեցել։ Եւ պատմութեան տարբեր վայրիվերումների բերումով նրանց մի մասը ձուլուել է այլ ազգերին կամ անհետացել կամ՝ այլ բան։ Թեման կարօտ է մնում լուրջ ու խորին ուսումնասիրութեան։ Սակայն դառնալով մեր ժամանակներին՝ մենք զարմանալիօրէն ականատես ենք լինում, թէ ինչպէս են մոխրից հառնում հին հաւատքը դաւանող նոր ու նոր մարդիկ եւ հատիկ-հատիկ փորձում հաւաքել, փորձում յիշել ցիրուցան եղած մեր առասպելների վերջին բեկորները։ Յաճախ նման մարդկանց աւանդապատումներում մենք կարող ենք լսել, մեզ ծանօթ, բայց միեւնոյն ժամանակ անծանօթ կամ նոր առասպելներ։ Երբեմն դրանք մանկամիտ են թւում, երբեմն հեքիաթային տեսակի մէջ են կամ էլ շաղախուած շատուշատ գերադրական ածականներով, բայց, այդուհանդերձ, դրանք իրենց էութեամբ շարունակում են հարազատ մնալ հայոց հին հաւատքի տրամաբանութեանը։
Ահա այդ հնի ու նորի շաղախումից ծնուած մի առասպել եւս։
Ասում են՝ Աստուածները, որոնք կառավարում էին Տիեզերքը, մերթ ընդ մերթ իջնում էին երկիր մոլորակ՝ Արարատում զուարճանալու համար. վայելում էին բարիքներն ու ըմպում խաղողի գինին։ Այդ խնջոյքներին մասնակցում էր նաեւ առաջին մարդը՝ Արին, ով համարւում էր նրանց երկրային եղբայրը։
Մի օր, երբ Աստուածները գինովցած են լինում, Արին որոշում է զուարճալի խաղ խաղալ։ Նա Արեւի ճառագայթները ուղղում է Աստուածների աչքերին։ Հարբած Աստուածները փորձում էին պաշտպանուել այդ ճառագայներից, իսկ Արին ուրախ ծիծաղում էր։ Ապա Աստուածները եւս միանում են Արիին։ Իսկ Վիշապը սրտնեղում է։ Նա, որ ամենազօրեղ Աստուածներից մէկն էր, տկար էր աչքերից։ Խիստ զայրանում է Վիշապը Արիի վրայ, ով յանդգնել էր ծիծաղել անմահ Աստուածների վրայ։
Վիշապի բանականութիւնը մթագնել էր եւ միայն կիրքն ու ցասումն էին իշխում նրա սրտում։ Նա կատաղի կերպով յարձակւում է Արիի վրայ։ Արին լարում է իր ամբողջ ուժերը՝ պատրաստ պաշտպանուելու։ Եւ ահա արդէն կռւում էին անմահն ու մահկանացուն։ Վիշապը յարձակւում էր ՝ ֆշշացնելով ու իր երախից թոյն ցայտելով։ Իր չարութեան մէջ նա անխնայ կտրատում էր Արարատի ծառերը, տրորում կենդանիներին, ոչնչացնում թռչուններին։ Արին, թէեւ մահկանացու էր, բայց ինքն էլ երկրային Աստուածն էր, ուստի երկար ժամանակ դիմադրում էր Վիշապին։
Օգնութեան է հասնում Միհրը՝ փորձելով հաշտեցնել նրանց։ Բայց Վիշապը մի կողմ է հրում նրան։ Միւս Աստուածների միջամտութիւնն էլ ոչինչ չի տալիս։ Վիշապը յաղթում էր Արիին։ Եւ հասկանում է Միհրը, որ Վիշապը Արա Աստծոյ որդիների մէջ ամենազօրեղն է, եւ նրա զօրութեան հետ միայն Վահագնն էր ունակ կռուելու, ուստի իր արդարադատութիւնն էլ Վահագնի զօրութեամբ պիտի հաստատուի։ Սակայն Վահագնը Արարատում չէր։ Եւ Միհրը ճամբայ է ընկնում՝ փնտռել-գտնելու հուր հեր Աստծուն։ Վահագնին նա գտնում է տիեզերքի հեռաւոր այգեստաններում՝ Աստղիկի հետ զբօսնելիս։ Պատմում է նրան ամէն ինչ, եւ նրանք միասին վերադառնում են Արարատ։ Վահագնը փորձում է հանդարտեցնել Վիշապին, սակայն Վիշապը հակադարձում է. «Ես ատում եմ այս երկրային Աստծուն, որ անմահ Աստուածների պէս կատարեալ չէ, բայց անմահ Աստուածների հետ սեղան է նստում։ Անկատարը կատարեալին եղբայր չի լինի, եւ ես պիտի կործանեմ նրան»։ Վահագնը պատասխանում է, որ Արին իր եղբայրն է, եւ որպէս երկրային Աստուած է կատարեալ։ Եւ երկու Աստուածները բախւում են իրար, նրանց կռիւը ցնցում է ամբողջ երկիրը եւ արձագանգում տիեզերական անհունութեան մէջ։
Երկար կռուելուց յետոյ Վիշապը ընկրկում է։ Վահագնը սկսում է յաղթել նրան։ Սակայն Արան, որ գերագոյն Աստուածն էր եւ միւս Աստուածների հայրը, սաստում է նրանց, իր մօտ կանչում եւ ասում.
-Դուք երկուսդ այլեւս չպիտի հանդիպէք միմեանց, թէ չէ ձեր մէջ կռիւն անվերջ պիտի ձգուի։
Եւ Արան Վահագնին կարգում է Լոյսի տիրակալ, իսկ Վիշապին՝ խաւարի։ Եւ Վիշապն այլեւս Արարատ չէր իջնում, քանզի այնտեղ Վահագնն էր։ Եւ նա ատում է Վահագնին, Արիին ու Արեւը։ Երբեմն երկքնից իջնում էր, թաքնւում էր տափաստանների աւազների մէջ եւ չարութեամբ ֆշշացնում Արարատի կողմը։
Ահա այսպէս աւարտւում է վիշապաքաղ Վահագնի եւ հին աստուած զօրաւոր Վիշապի մենամարտի մասին եւս մի առասպել։ Բայց չեն աւարտւում Արարատեան դիցաշխարհի պատմութիւնները…